ՀԱՅՐԵՆԻՔ
Երբ քո երկնքին ես դարսդարսում եմ հույսերս լազուր
Ու միանում եմ լեռներիդ պարին, որ լույս ճառագեմ,
Հասկանում եմ, որ ոչինչ չի եղել քո ճամփին իզուր,
Որ ինքնությունս միայն քեզանով ես պիտի փրկեմ:
Երբ հայացքիս մեջ քո տեսլականն եմ ծածկում, ծրարում,
Որ որդոց որդի փայփայեմ ոգին քո Սասնա Դավթի,
Հաղթություններդ ինձ հեռուներից թեւեր են բերում,
Որ ես չդառնամ Պատմության Ճամփի մի վտարանդի:
Երբ գոյությունս քո եղելության ծառն է վերծանում,
Ու կեղեւիդ տակ բացվում են հազար ցավ ու հալածանք,
Ախր ինչպես են քեզ հեռվից սիրում` ես չեմ հասկանում,
Բայց հաստատ գիտեմ` արժե քո վաղվա օրվան հավատալ:
Երբ հերոսներդ իմ մեջ սխրանքի բույներ են հյուսում,
Որ ամեն օրս մի նոր հավատով քո դուռը բանա,
Իմ արմատները քարեղեն կրծքիդ խորքերն են հոսում,
Ու սաղարթն հույսիս իջնում է վրադ իբրեւ մանանա…
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Հոգևոր-մշակութային