ՁԱՅՆ ԱՆԷՈՒԹՅՈՒՆԻՑ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՍՏՈՒՄ Է
«Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում ժողովուրդների ինքնորոշմանը և ազատ կամարտահայտմանը, որոնք միջազգային իրավունքի սկզբունքներ են»: Այս մասին, մեկնաբանելով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նորանշանակ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Սակայն միևնույն ժամանակ ԱՀ ԱԳՆ-ն մնում է այն կարծիքին, որ «ժողովուրդների ինքնորոշումը չի կարող հիմնված լինել ագրեսիայի, օկուպացիայի և արյունալի էթնիկ զտումների վրա, ինչպես նաև չի կարող անցկացվել առանց կենտրոնական կառավարության համաձայնության»:
Պետք է ասեմ, որ այս կարգի հայտարարություններն ինձ համար նորություն չեն, որովհետև ես արդեն վաղուց եմ վարժվել այդ երկրի իշխանությունների ստերին, որոնք վերջին համարյա քառորդ դարը իրենց քաղաքականությունը կառուցում են միայն ստի և սեփական բնակչության, ինչպես նաև միջազգային հանրության գիտակցության մանիպուլյացիայի վրա: Այս հայտարարությունն ինձ անէությունից եկող ձայն հիշեցրեց, ուստի ես զգացի որոշ հարցերում հստակություն մտցնելու անհրաժեշտությունը, որպեսզի ցույց տամ ընթերցողներին, որ Ադրբեջանում, մեղմ ասած, այնքան էլ այնպես չէ, ինչպես ասվում է նշված հայտարարությունում:Եվ այսպես, հարց առաջին. իրո՞ք ԱՀ քաղաքական ղեկավարությունը հարգում է ժողովուրդների ինքնորոշման և կամարտահայտման իրավունքները:
Մեր հաշվումներով, Ադրբեջանի տարածքում բնակվում են ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ, ընդ որում՝ դրանց մի մասը «եկվոր» է: Դրանցից են տարասեռ թյուրքմենական ցեղերը, որոնք սկսել են բնակություն հաստատել Իրանի տարածքում 11-12-րդ դդ., ընդ որում՝ նրանց զանգվածային վերաբնակեցումը ներկայիս Ադրբեջանի տարածք սկսվել է 17-րդ դարից:
Հին ժամանակներում այս տարածքում էր գտնվում Կասպիանա անկախ երկիրը, որտեղ բնակվում էին ժամանակակից թալիշների նախնիները: Մուղանում դարերի ընթացքում բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր են վեր խոյացել, Մուղանական տափաստանը պատված է եղել ջրանցքներով;
Թուրք-սելջուկների ասպատակություններից հետո բնակչությունը զգալիորեն նվազում է, ոռոգման համակարգի մի մասը հրաշքով պահպանվում է: Իսկ մոնղոլական ասպատակությունները ուղեկցվում են բնակչության զանգվածային բնաջնջմամբ: Կործանվում են քաղաքները, ջրանցքները ծածկվում են հողով: Թալիշների միայն մի փոքր մասին է հաջողվում փրկվել ու պատսպարվել Թալիշյան լեռներում:
1991թ.-ից հետո կարճ ժամանակահատվածում Մուղանի ռուսական բնակչությունը բռնի կերպով հեռացվում է այս վայրից, իսկ ավելի քան 50 գյուղերում բնակեցվում են թյուրքեր մերձակա շրջաններից: Բացի այդ, դեռ խորհրդային ժամանակներից այս հողերն ակտիվորեն բնակեցվում էին թուրք-մեսխեթներով: Արդյունքում՝ Մուղանը հայտարարվում է «ի սկզբանե թյուրքական հող»:
Ներկայիս Ադրբեջանում բնակվող ազգություններից են նաև քրդերը, որոնք այս տարածաշրջանի հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն: Նրանց այստեղ են վերաբնակեցրել 17-րդ դարում: Մինչև խորհրդային իշխանության հաստատումը, նրանք աննշան փոքրամասնություն էին կազմում:
Մյուս մեծաթիվ ազգությունը պարսիկներն են, որոնք այժմ կոչվում են թաթեր և բնակվում են Շիրվանում, Ապշերոնյան թերակղզում, նաև` Բաքվում և Բաքվից հյուսիս ընկած բնակավայրերում: Նրանք այստեղ բնակություն են հաստատել մեր թվարկության սկզբում Սասանյանների կողմից` Իրանի հյուսիսային սահմանները քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանելու համար: Այսօր նրանց մեծ մասը թուրքացված է: Սակայն, չնայած դրան, շուրջ կես միլիոն պարսիկներ մինչ այժմ պահպանել են իրենց լեզուն, թեեւ գրվում են «ադրբեջանցի»:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդներին, ապա, բացի թալիշներից, դրանք են լեզգիները և լեզգինյան խմբի այլ ազգությունները` ավարները, ինչպես նաև դաղստանյան այլ ժողովուրդները:
Իսկ ինչպե՞ս են ԱՀ իշխանությունները «հարգում» այդ բնիկ ժողովուրդների իրավունքները: Ամենատարբեր հաշվարկներով, այժմ ԱՀ-ում բնակվում է մոտ 2,5 մլն թալիշ (պաշտոնապես` 112 հազար), մոտ 1 մլն լեզգի (պաշտոնապես` 180 300), մոտ 400 հազար ավարներ (պաշտոնապես` 49 800) և այլն:
Ուշադրություն հրավիրենք մի քանի փաստերի: Այսպես, 1993թ. թալիշներն առաջինը բարձրացրին իրենց ազգային դրոշը և հռչակեցին իրենց ինքնավարությունը ԱՀ կազմում: 1993թ. օգոստոսի 7-ին ընդունված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության ժողովրդական Մեջլիսի համապատասխան որոշումն ուղարկվել է ԱՀ խորհրդարան, որը մինչ այժմ այնտեղ դրված է: Թալիշ ժողովրդի նման քայլին ի պատասխան ԱՀ իշխանություններն ուժով ճնշեցին նոր հանրապետությունը: Թալիշ մտավորականության տասնյակ ներկայացուցիչներ ոչնչացվեցին, մի քանիսը հայտնվեցին ԱՀ ազգային անվտանգության նախարարության նկուղներում:
Ըստ էության, նույն ճագատագիրն ունեցան նաև լեզգիներն ու ավարները: Այս ժողովուրդների մտավորականության ներկայացուցիչների մի մասն աստիճանաբար ոչնչացվեց, իսկ մյուսը ստիպված էր հեռանալ երկրից:
Այսօր Ադրբեջանում բնիկ ժողովուրդների շահերը ներկայացնող ոչ մի քաղաքական կուսակցություն և կազմակերպություն չկա: Օրինակ՝ երկրի իշխանությունները կտրականապես հրաժարվում են գրանցել «Ադրբեջանաթալիշյան միավորում» անվանումով թալիշյան անվնաս կազմակերպությունը: Թալիշերեն միակ թերթի խմբագիր Ն. Մամեդովը ձերբակալվեց ու սպանվեց բանտում, իսկ նրան փոխարինող Գ. Մամեդովը «նստած» է:
Սակայն սա դեռ բոլորը չէ: Սկսած 1993թ.-ից՝ ԱՀ-ում գոյություն ուներ ազգային հարցերով նախագահի խորհրդականի պաշտոն: Ալիև ավագի պաշտոնավարության օրոք այդ պաշտոնն զբաղեցնում էր նրա ազգականը, օտարատյաց, բոլոր բնիկ ժողովուրդների մեծագույն թշնամի Գ. Օրուջևը: Ալիև կրտսերը 2000-ականների կեսերին վերացրեց այդ պաշտոնը` պատճառաբանելով, թե «Ադրբեջանում ոչ մի ազգային հարց էլ չկա»: Սակայն 2014թ.-ի սկզբին պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չէ, այսինքն` Ադրբեջանում ազգային հարցը ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ, ընդհակառակը, այն օր օրի վճռորոշ ուժ է դառնում Ալիևյան կլանի դեմ պայքարում: Արդյունքում՝ Ի.Ալիևը ստիպված էր վերականգնել ազգային հարցերով խորհրդականի պաշտոնը: Սակայն այդ պաշտոնին նշանակվեց երկրի ամենաթունդ պանթյուրքիստներից մեկը` լեզվաբանության դոկտոր Քամալ Աբդուլլան:
Նրա մասին պատկերացում կազմելու համար ասենք, որ Ք. Աբդուլլան Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Լեզվագիտության ինստիտուտի տնօրենն է եղել: Նրա տնօրինության ընթացքում աշխատանքից հեռացվել են տարբեր բաժինների ու բաժանմունքների պետ թալիշները (ընդ որում՝ նրանցից ոչ մեկը թալիշերենի ուսումնասիրությամբ չէր զբաղվում, ինչը անձայն արգելքի տակ է գտնվում, այլ` թյուրքական լեզուների): Նա աշխատանքից հեռացրեց նաև «թյուրքերին»` Թալիշյան շրջանի տեղաբնակներին, որը ԱՀ-ում անվանում են «Հարավային շրջան»: Եվ ահա թալիշներին և այլ բնիկ ժողովուրդներին ատող այս մարդը ղեկավարում է Ադրբեջանի ազգային քաղաքականությունը: Եվ սա նրանք անվանում են «հարգանք ժողովուրդների ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունքների նկատմամբ»:
Օգտվելով առիթից՝ բերենք Ադրբեջանական Հանրապետության իշխանությունների կեղծիքի մեկ թարմ օրինակ ևս: Ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի հիմնարկեքի արարողությանը՝ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իբր «վերջին տարիներին Ադրբեջանի բյուջեի ծախսերն ավելացել են 20 անգամ, իսկ գործազրկությունն իջել է 5%-ից էլ ցածր»: Այս հայտարարության ողջ սուտը կայանում է նրանում, որ իրականում աշխատունակ բնակչության մեծամասնությունը Ադրբեջանի շրջաններում գործազուրկ է, քանի որ ուղղակի աշխատելու տեղ չկա: Նրանց մեծ մասը վաղուց աշխատում է Ռուսաստանում կամ այլ երկրներում, իսկ նրանց հարազատներն ապրում են միայն նրանց կողմից ստացված դրամական փոխանցումների հաշվին:
Եվ վերջապես երկրորդ հարցը. ժողովուրդների իրավունքների նկատմամբ նման «հարգանքի» դեպքում Ադրբեջանի իշխանություններն ինչպե՞ս կարող են խոսել այն մասին, թե իբր «ժողովուրդների ինքնորոշումը չի կարող հիմնված լինել ագրեսիայի, օկուպացիայի և արյունալի էթնիկ զտումների վրա, ինչպես նաև չի կարող անցկացվել առանց կենտրոնական կառավարության համաձայնության»:
Չէ՞ որ այդ ժողովուրդներին այլ ելք չի մնում, քան սեփական իրավունքների վերականգնմանը հասնել ուժի միջոցով: Սա խոսում է այն մասին, որ Հելսինկյան կամ այլ խարտիաների մասին բարձրաձայնումը ներկա ռեժիմին չի օգնի մնալ իշխանության գլուխ:
Ահա սրանք են պատճառները, որ այս հողի բնիկ ժողովուրդները ստիպված են պայքար մղել իրենց սեփական տարածքներում սեփական իրավունքների վերականգնման համար: Ըստ էության՝ դա ողջ մնալու պայքար է, քանի որ ադրբեջանական իշխանություններն իրենց կեղծիքով և այդ ժողովուրդների նկատմամբ խոր ատելությամբ փոխզիջման տեղ չեն թողնում:
Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՖԱԽՐԵԴԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱ
Թալիշական ազգային շարժման
առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության Խորհրդարանի նախագահ
Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական