Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ



Այս վերնագրով ստեղծագործությունը չորստակ ծալվածքով նրա գրպանում էր, ու թշնամու գնդակը խոցել էր սիրտը՝ անցնելով-ծակծկելով այս խոսքերը. «Հայրենի հողը պաշտպանում կամ ազատագրում են ամենից առաջ սեփական արյամբ: Անժխտելի ճշմարտություն, որը հոգեհարազատ էր նոր կյանք մտած հայորդիներին: Ի՜նչ տղաներ էին… Ամեն մեկը մի տան սյուն, ամեն մեկը սրտի հույս: Նրանց կամքն ու հավատը անսասան ու կայուն էին, նրանք գնում էին կռվելու ու հաղթելու համար: Ճակատագիրն անողոք դաժանությամբ նորից դրել էր լինել-չլինելու հարցը: Եվ այդ հարցը Սարդարապատի կրկնությունն էր: Այն ժամանակ համախմբված ու քաջարի հայորդիները մահվանն ընդառաջ ելնելով հավատում էին, որ ապրելու ուժը հայրենիքին նվիրվածության մեջ է: Սարդարապատից Արցախ ընկած ժամանակահատվածում սերունդներն են փոխվել, սակայն հայրենիքի սերը, հայրենի հողը պաշտպանելու ու այն ազատ պահելու զգացումը մնացել է նույնը: Եվ Արցախ երկրի համար ելան նրանք՝ հայորդիք, ելան տղաներն այն քաջ, որ դեռ կյանք չմտած՝ կյանքից հեռացան.

Կյանքս քեզ նվեր, հայրենի՛ք իմ սեգ,

Միայն թե հավերժ դու կանգուն լինես,

Իմ արդար կամքով քեզ կպաշտպանեմ,

Արյանս գնով հողս կփրկեմ:

Այս խոսքերը որքան որ նվիրված էին իր ընկերներին, այնքան էլ իրեն, սակայն արդեն հետմահու:

Սմբատ Սարգիսի Զանյան: Ծնվել է 1966 թվականին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Հետո տեղափոխվել են Աբովյան քաղաք և թիվ 8 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումնարանում ձեռք բերելով մասնագիտություն՝ մինչ պատերազմ մեկնելը աշխատել է «Սիրիուս» գործարանում: Իսկ պատերազմ, թվում է, նա չէր կարող չմեկնել, իրոք, չէր կարող: Հենց միայն ազգանվան համար: Սմբատի ազգանունը Օզանյան է եղել, խորհրդային տարիներին հալածանքներից խուսափելու համար այն դարձավ Զանյան: Սմբատի Խաչատուր մեծ պապը եղել է Անդրանիկ Զորավարի եղբայրը, 19-րդ դարավերջին դեգերել է երկրով մեկ, հասել Արցախ, որտեղից էլ տեղափոխվել-բնակություն է հաստատել Տավուշի Արծվաբերդ գյուղում:

«Անհանգիստ բնավորություն ուներ եղբայրս։ Այդպես էր նաև պապս,- վերհիշում է քույրը՝ բանաստեղծուհի Պայծառ Զանյանը,- նրանց համար ուրիշի ցավ գոյություն չուներ: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից եղբայրս տագնապի մեջ էր: «Արցախը մեր օգնության կարիքն ունի»,- ասում էր: Սկզբնական շրջանում եղբայրս լծվել էր բռնագաղթվածներին սատարելու, նրանց բարոյական ու նյութական աջակցություն ցույց տալու գործին: Ապրում էր թոշակառու ծնողներիս, կնոջ ու երեք երեխաների հետ, սակայն դա չխանգարեց, որ իր նեղվածք հարկի տակ ապաստան տա բռնագաղթված հայերի»: Այդ հոգսերը չէին կարող նաև խոչընդոտ հանդիսանալ, որ Սմբատը չմեկնի հայրենի սահմանները պաշտպանելու: Ինչպե՞ս նա կարող էր պարզճակատ հայացքը հառել իր նախնիների հայացքներին: Հիշու՞մ եք՝ Արշակ Չոպանյանը այսպիսի մի պատմություն ունի՝ արժանավոր, հայրենասեր պապը հանդերձյալ աշխարհում այս խոսքերով է դիմավորում իր թոռանը. «Եկո՛ւր, զավա՛կս, եկուր տեսնեմ դուն արժանի՞ ես ինձի»:

1994 թվականի մայիսի 4-ին Մարտակերտի Թալիշ բնակավայրում լրացավ Սմբատի 27 տարին: Ընկերներով հավաքվեցին, շնորհավորեցին, ցանկացան առողջություն ու բարի տեսություն հարազատների հետ: Մայիսի 8-ին Թալիշի բարձունքում զոհվեց Սմբատը: Հաջորդ օրը Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման տոնակատարություններն էին, ու Զանյան գերդաստանը հողին էր հանձնում իր Սմբատ որդուն: Մարտական ընկերների կողքին իրենց մորեղբորը վերջին հրաժեշտն էին տալիս նաև քրոջ 3 որդիները, որոնք զինվորագրվել էին հայոց նորաստեղծ բանակին և մարտնչել սահմանամերձ բնակավայրերում: Սմբատի մարտական ընկերները դրվագներ էին պատմում իրենց ընկերոջ մասին, հիշում նրա խոսքերը. «Արցախը պետք է ապրի ազատ, ինքնուրույն»:

Սմբատի քույրը՝ բանաստեղծուհի Պայծառ Զանյանը, եղբորը նվիրված «Հայոց արծիվներ» վերնագրով պոեմ գրեց, որտեղ այսպիսի տողեր կան.

Աննկուն կամքով վերելքներ ձգտող,

Միշտ ապագայի հոսքով ընթացող,

Հավերժ արթմնի ապրող հավատով

Հայոց քաջերն են՝ երեկ և այսօր։

Նրանք լավ գիտեն պայքարը ազգի,

Խավար ու անկիրթ ժողովրդի դեմ,

Սրբապիղծ երբեք չեն եղել նրանք

Ու չեն թալանել երկիրն օտարի:

Ճշմարտությունն է սահմանը նրանց,

Արժանապատիվ հարգանքը մարդու,

Հայրենի երկիր, ազգային բանակ

Արհավիրքներին միշտ դիմակայած։

Մեր հավաքական գանձերը հզոր

Հավատի ուժն են նոր սերունդների,

Ու մենք կգտնենք կորուստները մեծ,

Որպես հաղթություն հայ ժողովրդի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ճակատագրեր


02/10/2014