ՎՏԱՆԳՎԱԾ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ
Տավուշի մարզի զորամասերից մեկի ակումբում գտնվող Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է և տեղափոխման կարիք ունի: Այս մասին է բարձրաձայնում նկարի համահեղինակ, նկարիչ Խաչիկ Հարությունյանը:
Մեր թղթակից Բագրատ Մովսեսյանը հանդիպել է «Հայաստան» որմնանկարի համահեղինակ նկարիչ Խաչիկ Հարությունյանին:
-«Հայաստան» որմնանկարն ստեղծվել է 1989 թվականին՝ ազգային մեծ զարթոնքի տարիներին: Այն հայոց մշակույթի և պատմության ակնթարթի մեջ վերարտադրված մի ընդհանրացում է, որը, ըստ հեղինակ Է.Արծրունյանի, պետք է ներկայացներ հայկական ազատատենչ ոգին, ջիղն ու եռանդը: Այս որմնանկարի հիմքը ազգային թեման է՝ հայ մշակույթի, պատմության հայկական բնօրրանի վերարտադրությունը՝ խորհրդանշական պատկերներով: Հեղինակը հասավ իր նպատակին` Իջևանի մշակույթի տանն ստեղծելով այդ հզոր որմնանկարը: Այն ստեղծվեց որպես սոցռեալիզմի ազգային արտահայտություն: Այստեղ հեղինակը պահպանեց թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը` հավատարիմ մնալով հայ դասականների ոճին: Այստեղ պատկերված են Աղբյուր Սերոբը, հայկական ընտանիքը, Մաշտոցը` գրերի հետ, մշակութային գործիչներ, խաչքարը` որպես հավատքի, բայց միաժամանակ` ստեղծարար ուժի ընդհանուր մարմնացում: Իր հնչեղությամբ և կատարողականով այն չի զիջում համաշխարհային արժեք ունեցող ոչ մի այլ ստեղծագործության, և ես դա ասում եմ ոչ թե որպես համահեղինակ:
Ակումբը, որտեղ գտնվում է որմնանկարը, ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել էր «Գազպրոմի» սեփականությունը, այնուհետև անցել է այստեղ տեղակայված զորամասին: Այժմ, որքան ինձ հայտնի է, շենքը պատրաստվում են օտարել. ահա սա է ինձ մտահոգում:
Ըստ նկարիչ Հարությունյանի, հայ տաղանդավոր նկարիչ Արծրունյանի ամենից հայտնի ստեղծագործություններից մեկը` որմնանկարը, վտանգված է: Զորանոցում բնականաբար նման աշխատանքների համար համապատասխան պայմաններ չեն կարող լինել կամ ստեղծվել, մանավանդ, որ այն երբեք չի վերանորոգվել: Որմնանկարի պատին, մոնոլիտ բետոնից է` 9 x 4 մակերեսով, արդեն ճաքեր են հայտնվել: Նկարիչն այն կարծիքին է, որ պատը պետք է անհապաղ վերանորոգել և որմնանկարը փրկել: Սակայն նկարչին ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, թե ներկայիս զորանոցը օտարվելուց հետո ո՞ւմ սեփականությունը կդառնա:
-Որմնանկարը կարելի է փրկել, սակայն, ես չգիտեմ, թե ինչ հետագա ճակատագիր կունենա այն: Թերևս այն այլևս չդառնա հասարակության համար մատչելի արվեստի գործ, այսինքն` ժողովուրդը զրկվի իրեն պատկանող հարստությունից: Եվ արդյոք նոր սեփականատերը կուզենա՞ կամ կկարողանա՞ պահպանել այն: Հասարակությունը կարող է կորցնել արվեստի իսկական գլուխգործոց այդ ստեղծագործությունը, եթե այն չտեղափոխվի որևէ ապահով վայր:
Նկարիչ Խաչիկ Հարությունյանի կարծիքով՝ նման ոգեշունչ ու հզոր որմնանկարը ինքը կուզենար տեսնել թերևս ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում, որտեղ նաև հետագա խնամքի համար համապատասխան պայմաններ ստեղծելը ավելի դյուրին կլինի, կամ էլ տեղափոխվի որևէ այլ` նույնքան ապահով, նաև հանրամատչելի վայր:
-Ես չէի ցանկանա, որ «Հայաստան» որմնանկարը կիսեր մեկ այլ ժողովրդական նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ճակատագիրը, և նրանով զբաղվեին այն ժամանակ, երբ արդեն կորստի ճանապարհին կլինի և չափազանց ուշ: Հիշեցնեմ, որ «Հայաստան» որմնանկարը պատմամշակութային արժեքների ցուցակում է:
Ըստ համահեղինակի` նկարիչ Խաչիկ Հարությունյանի, ՀՀ մշակույթի նախարարությունը չի արձագանքում իր ահազանգերին, պատճառաբանելով, որ որմնանկարը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասության ներքո գտնվող շինությունում:
ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը (1929 – 2010) սովորել է հայրենի քաղաքի՝ Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, ապա Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ` ուսանելու ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում:
Երիտասարդ Արծրունյանին համամիութենական ճանաչում և փառք է բերում Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի Մոսկվա ժամանելու պատվին մի գիշերում արված շատ հայտնի պաստառը, որով հենց հաջորդ օրը հեղեղվում է ողջ խորհրդային երկիրը: Ցնցված հայ նկարչի աշխատանքով՝ Ֆ. Կաստրոն անձամբ նրան հանդիպելու և ծանոթանալու ցանկություն է հայտնում: Թեև կարճ ժամանակում Արծրունյանը դառնում է Մոսկվայի սիրելին, սակայն նա 1974թ. մշտական բնակության է վերադառնում հայրենիք։
Էդուարդ Արծրունյանը գեղանկարչության մեջ դարձավ հայ վրձնի դասականներ` Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի ավանդների շարունակողը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում