ՆԱ ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԻՄԸ ՉԷ…
Ես երկար նայում եմ լուսանկարին եւ փորձում կռահել նրա պատմությունը: Զինվորականների լուսանկարներ շատ եմ տեսել, բայց այս մեկը… Կանաչ դաշտում խոշոր, գեղեցիկ տառերով փորագրված «ՄԱՄԱ» բառը շատ բան է պատմում սպայի եւ մոր մտերմության, սիրո մասին… Մնացյալը լրացնում է բարի ու անմիջական ժպիտը… Լուսանկարը խոսում է հայ սպայի վեհության, նրա մարդկային նկարագրի ու որդիական խոնարհության մասին… Այնուամենայնիվ, զանգահարում եմ մորը` տիկին Հերմինեին, թեև ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի…
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Անհամբերությամբ էինք սպասում Զորիկիս ծնունդին. մեր առաջին երեխային կորցրել էինք, երբ ընդամենը երկու տարեկան էր: Զորիկի ծննդյան օրը մեր ընտանիքի ամենաերջանիկ օրն էր` ուրախ էինք, հրճվում էինք: Փոքրիկի համար անուն դեռ չէինք ընտրել… Պապիկը եկավ հիվանդանոց, ասաց, որ պիտի գնա ծննդականն ստանալու ու ինձ պատվիրեց, որ երեխայի անունը որոշեմ: Նա չգիտեր, որ ես արդեն որոշել էի. շարժման տարիներն էին, եւ ես էլ հիացած էի Արցախի ազատագրման ջատագով, առաջամարտիկ, մտավորական Զորի Բալայանով: Ուզում էի, որ իմ որդին նրա նման խելացի, ճանաչված, հայրենասեր ու քաջ մարդ մեծանա… Հայկական անվանագրքում Զորի անունը չգտա, ուստի ընտրեցի Զորիկը…
Ես շատ ուշադիր էի նրա նկատմամբ… Դողում էի նրա վրա` հանկարծ երեխայիս ոտքը քարին չառնի… Երբեք վրան չեմ բարկացել, բարձր ձայնով հետը չեմ խոսել… Ախր նա առիթ էլ չէր տալիս… Երբեք առավոտյան չեմ արթնացրել, ավելին` այնքան վաղ էր արթնանում, որ հասցնում էր դասի գնալուց առաջ մինչեւ Կամակատարի մատուռը վազել: Մայր ու որդի շատ մտերիմ էինք, ամեն ինչից զրուցում էինք, ամեն ինչի մասին պատմում էր ինձ, անկեղծանում, խորհուրդ էր հարցնում… Ուզում էի` պատմաբան դառնա, ախր շատ էր հետաքրքրվում մեր ժողովրդի անցյալով, պատմությունով… Բայց հանկարծ 8-րդ դասարանում Զորիկը որոշեց, որ զինվորական է դառնալու… Ես դեմ էի… Մեր տանը զինվորականներ էին ամուսինս, եղբայրս, եղբորս որդին: Ասացի` «Թող գոնե քեզ չսպասեմ…»: Թղթերը տարավ ռազմական ինստիտուտ, քննությունները հանձնեց ու զանգեց, թե՝ «Մա՛մ ջան, շնորհավորի՛ր, ընդունվել եմ… Մի՛ նեղացիր, սա իմ կյանքի ուղղությունն է…»:
Անհանգստանում էի՝ կհարմարվի՞ … Մի օր, որ զանգեց, հարցրի՝ «Հո շատ խիստ չե՞ն»: Կատակեց. «Մա՛մ ջան, հաստատ քեզանից պահանջկոտ չեն…»:
Անհանգստանում էի, երբ դիրքեր էր բարձրանում… Ասում էր. «Մի՛ մտածիր, ինձ բան չի պատահի` քո օրհնանքն ու աղոթքը ինձ կպահպանեն»: Մի օր էլ այդ լուսանկարը ուղարկեց (տե՛ս` առաջին էջ): Գրել էր. «Մա՛մ ջան, իմ մասին չմտածես, ես մենակ չեմ, տե՛ս` ամեն տեղ դու ինձ հետ ես»… Անընդհատ կրկնում էր. «Մա՛մ ջան, ես՝ ոչինչ, մենակ թե խոխեքիս (այդպես էր խոսում իր զինվորների մասին) բան չպատահի…»: Սիրով, ջերմությամբ, հիացմունքով էր խոսում իր զինվորների մասին: Այդ տղաներից մեկը` կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, Զորիկիցս մի քանի օր հետո հոսպիտալում մահացավ. նա մինչեւ վերջ իր հրամանատարի կողքին է եղել: Զորիկս շատ լավ էր ճանաչում իր զինվորներին:
…Ես շատ էի նրա վրա դողում, շատ էի սիրում, շատ էի կապված ու հիմա շատ եմ կարոտում: Ինձ մի բան է մխիթարում` նա հիմա մենակ իմը չէ, իր ժողովրդինն է, այն ժողովրդինը, որին շատ էր սիրում… Ես հպարտ եմ իմ հերոս զավակով…
Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում