Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԴԱՇՏԻՑ` ԿԱՐՄԻՐ ԽԱՉ



Ավելի քան հինգ տարի Կարմիր խաչի հետվերականգնողական կենտրոնում բուժումներ անցնելիս գրեթե միշտ ուշադրությունս գրավում էր մուտքի մոտ կանգնած, ամրակազմ ու կոկիկ հագնված միջահասակ մի տղամարդ: Այս տարի այստեղ էինք ծառայակից ընկերոջս՝ Աբրահամ Մկրտչյանի հետ: Երեկոյան, երբ իջնում էինք զբոսանքի, հանդիպեցինք հին ծանոթիս: Աբրահամն ու Արթուր Ոսկանյան ներկայացած ընկերը ջերմորեն ողջագուրվեցին: Հետո Աբրահամն ինձ հաճույքով մանրամասնորեն պատմում էր մարտական ընկերների կողմից Ռեմբո պատվանվանն արժանացած Արթուրի մասին, ներկայացնում նրա անցած մարտական ուղին:

Արթուրը ծնվել է 1964թ.-ին, Երևանում, ավարտել թիվ 102 միջնակարգ դպրոցը, հրապուրվել է կարատեով, սև գոտի 1-ին դան ստացել: Երբ ադրբեջանցի հրոսակները հարձակվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ բնակավայրերի վրա, Արթուրն իր պարտքն է համարել զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը մեկնող ջոկատներին։ Զենքը ձեռքին սկզբում ԱԻՄ ջոկատների, հետո Հատուկ գնդի կազմում կռվել է Երասխավանում ու Շահումյանում, Էրքեջում ու Թոդանում, ամենուր, որտեղ հայրենասեր, քաջարի ու պատրաստակամ մարդկանց կարիքը կար։ Պատերազմը հաղթականորեն ավարտելուց հետո ծառայության է անցել ռազմական ոստիկանությունում, 2011 թվականին կապիտանի կոչումով զորացրվել է պահեստազոր։

-Թոշակս, ոչինչ, անհրաժեշտ գնումներին բավարարում է,- ոչ այն է լուրջ, ոչ այն է կատակով ասում է Արթուրը,- բայց ես ինչպե՞ս պարապ մնայի, պարապությունից ոչ միայն մետաղն է ժանգոտում, այլև մարդը։ Հրավիրվեցի աշխատելու այստեղ։ Աշխատավարձը բարձր չէ, բայց ես թոշակ էլ եմ ստանում, բացի այդ, սիրում եմ գործս։ Չէ՞ որ ես օգնում եմ մարդկանց ապահով անցկացնել իրենց հանգիստը, բուժվել։ Չեմ թաքցնում, բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ ներս են մտել այս դռներով, հետո իմ ընկերներն են դարձել կամ գոնե ջերմորեն բարևել են։ Բա դա քի՞չ է…

Կարմիր խաչի հիվանդանոց մտնող հիվանդներն ու այցելուներն առաջինը հանդիպում են անվտանգության ծառայության պետ Արթուր Ոսկանյանին կամ նրա ղեկավարությամբ գործող ծառայության անդամներին։ Իզուր չեն ասում՝ առաջին տպավորությունը կարևոր է։ Ոսկանյանն ու իր աշխատակիցները քաղաքավարի, «բարով եք եկել», «խնդրեմ, համեցեքով» դիմավորելով հյուրերին, նախ հարցուփորձ են անում եկվորի գալու նպատակների, առողջական խնդիրների մասին, ուղեկցում ընդունարան կամ հաստատության համապատասխան աշխատողի մոտ։ Մեր զրույցի պահին ռադիոկապով հաղորդեցին, որ գալիս է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանը։ Ոսկանյանը ներողություն խնդրեց և արագ մոտեցավ դեսպանին, զեկուցեց և թարգմանչից իմանալով գալու նպատակը, ուղեկցեց լողավազան ու վերադառնալով՝ վերստին ներողություն խնդրեց, շարունակեց զրույցը։

-Այստեղ տարեկան հազարավոր մարդիկ են գալիս՝ բուժվելու, հանգստանալու։ Ամբողջ օրը եկող-գնացողների պակաս չկա։ Ի՞նչ իմանաս, ով ինչ խնդիրներով է եկել, չէ՞ որ լինում են նաև վատ դաստիարակված մարդիկ… Ահա, հենց այդպիսիք են մեր թիրախում, նաև՝ հաստատությունում կարգուկանոնի պահպանումը։ Օրինակ՝ ինչ ասես այն «հիվանդներին», որոնք բուժումը փորձում են զուգակցել ալկոհոլի և ծխախոտի օգտագործման հետ։ Նույնիսկ փոքր երեխան գիտե, որ դրանք հակոտնյա են։ Հասկանալի է, որ մենք դրանք արգելում ենք։ Այն, որ մեր տարածքը փայլում է մաքրությամբ նաև իմ ղեկավարած ծառայության ջանադիր աշխատանքի շնորհիվ է,- եզրափակում է Արթուր Ոսկանյանը։

-Ի՞նչ կասեք Արթուր Ոսկանյանի մասին,- հարցնում եմ Կարմիր խաչի հետվերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մնացականյանին։

-Վատ աշխատողն ի՞նչ գործ ուներ մեզ մոտ,- հարցին հարցով պատասխանում է Մնացականյանն ու շարունակում.- Ոսկանյանի ամենակարևոր հատկանիշը մարդկանց հետ բարեկիրթ վարվելու կարողությունն է։ Այսպիսի մարդկանց բնութագրելիս ասում են՝ մարդն իր տեղում է։

Մեզ պարտադրված պատերազմի դաշտում իրեն փայլուն դրսևորած Ռեմբոն` Արթուր Ոսկանյանը, նույնքան փայլուն է իրեն դրսևորում քաղաքացիական կյանքում: Նրա կարծիքով՝ իսկական հայրենասերը նա է, ով թե՛ կռվի դաշտում և թե՛ քաղաքացիական կյանքում իրեն պահում է տղամարդավարի, այսինքն` արժանապատիվ: Եվ չես կարող նրա հետ չհամաձայնել` հերոսանալ կարելի է նաև խաղաղ պայմաններում, առօրյա աշխատանքում:

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Բանակ և հասարակություն


09/10/2014