ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Փոխգնդապետ Զ. Դավթյանը հրետանային զորամասի շտաբի պետն է։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Զ. Դավթյանն ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության եւ ազգային բանակի զորամասերից մեկում նշանակվել դասակի հրամանատար։ Զ. Դավթյանը սովորել է Ռուսաստանի Դաշնության զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։
-Անցած ուսումնական տարին զորամասը եզրափակեց «բավարար» գնահատականով, ինչը չի կարող լիովին գոհացնել մեզ, ինչպես նաեւ վերադաս հրամանատարությանը,- ասաց փոխգնդապետը` ներկայացնելով ուսումնական գործընթացը։ -2011թ. ձմեռային-գարնանային փուլի սկզբում կենտրոնացման շրջան են դուրս բերվել ռազմական տեխնիկան եւ այն սպասարկող անձնակազմերը։ Այնուհետեւ պարապմունքները շարունակելով զորամասի տարածքում, փետրվարի կեսերին ավարտել ենք հաշվարկների եւ դասակների ներդաշնակումը։ Այժմ արդեն ընթանում է մարտկոցների ներդաշնակումը։ Դիվիզիոնները, միմյանց փոխարինելով, պարապմունքներն անցկացնում են դաշտային պայմաններում։ Ճամբարային հավաքների վերջում նախատեսված է անցկացնել դիվիզիոնի մարտավարական զորավարժություն։ Ասեմ նաեւ, որ զորամասը պարբերաբար ներգրավվում է մարզումների, հրամանատարաշտաբային վարժությունների մեջ։ Ունենք բավական լավ ուսումնական բազա, մասնագիտորեն կահավորված լսարաններ, ուսումնական նյութեր, որոնք էապես բարձրացնում են պարապմունքների արդյունավետությունը։ Զորամասում հետեւողական աշխատանք ենք տանում համազորային առարկաների ուսուցման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ։ Զինվորները բավական լավ արդյունքներ են ցույց տալիս կրակային պատրաստությունից, ֆիզիկապես կոփված են եւ հաջողությամբ են տանում առօրյա ծառայության դժվարությունները։ Անում ենք ամեն ինչ, որ ամբողջովին կայանան եւ արդյունավետորեն աշխատեն սերժանտական խորհուրդները։ Բոլորովին վերջերս զորամաս էր այցելել նախարար Սեյրան Օհանյանը։ Այդ առթիվ մասնագիտական մրցույթ անցկացվեց կապիտաններ Կ. Սողոմոնյանի եւ Հ. Վարոսյանի հրամանատարությամբ գործող մարտկոցների միջեւ։ Հաղթեց եւ լավագույնը ճանաչվեց կապիտան Կ. Սողոմոնյանի մարտկոցը։
♦♦♦
Ուսումնական գործընթացին զուգահեռ, զորամասում ընթանում էին տեխնիկայի սպասարկման՝ ձմեռայինից ամառային ժամանակաշրջանի անցման աշխատանքները, որոնց մասնակցում էին ե՛ւ զինվորները, ե՛ւ սպաներն ու ենթասպաները։
Մարտկոցի վարորդ շարքային Կարո Սահակյանն աշխատում էր ջանասիրաբար։ Նրա մասին ասացին, որ կարգապահ զինվոր է, հմուտ վարորդ եւ խնամքով է վերաբերվում պետական՝ զինվորական գույքի, ունեցվածքի նկատմամբ։
-Հայրս ավտոմեքենայի վարպետ է, վերաբերմունքը տեխնիկայի նկատմամբ նրանից եմ սովորել։ Ես դպրոցից հետո, զինկոմիսարիատի գործուղմամբ, սովորել, վարորդական իրավունք եմ ձեռք բերել ու եկել բանակ։ Դեռ մեկ տարի ունեմ ծառայելու, ամեն ինչ շատ լավ է,- ասաց Կարոն։
Կայանի մաքրման, կարգավորման աշխատանքները կատարում էր անձամբ կապիտան Արամ Գեւորգյանը, թեեւ տեղում էին կայանի պետ կրտսեր սերժանտ Լիպարիտ Բալդրյանը եւ նրա գործընկեր շարքային Ռոբերտ Գրիգորյանը։
-Տղերքին վստահում եմ լիովին, հրաշալի զինվորներ են ու իրենց գործի գիտակներ, ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվել, եւ աշխատանքի ժամանակ բարդություններ չեն առաջանա,- պարզաբանեց կապիտանը։
Ենթասպա Հակոբ Միկոյանն էլ օդազտիչի մասերը լվանալով՝ տալիս էր շարքային Կարո Սահակյանին, վերջինս էլ ստուգում էր դրանց մաքրությունը ու նոր միայն տեղադրում։
-Մի՛ զարմացեք, էս գործի վարպետը ինքն է,- Կարոյին ակնարկելով՝ ասաց ենթասպա Հ. Միկոյանը։
♦♦♦
Հինգ մեքենա միանգամից լվացվում էր։ Պարզաբանեցին, որ լվացումը նույնպես սեզոնային սպասարկման տարրերից է։ Ժամկետային զինծառայող, վարորդ շարքայիններ Նարեկ Ջավախյանը եւ Դավիթ Մանուկյանը, պայմանագրային շարքայիններ Սպարտակ Մեսրոպյանը, Սմբատ Մաճկալյանը եւ Արմեն Օհանյանը գործի էին անցել տիրոջ սրտացավությամբ։
-Լավ չմաքրեցինք, չեն ընդունի, դրա համար էլ ձգտում ենք ամեն ինչ տեղը տեղին անել ու դուրս գալ լվացման կետից, շարասյունը մեզ է սպասում,- ասաց Սպարտակը։
-Ծառայությունիցս գոհ եմ, իմ սիրած աշխատանքն եմ կատարում։ Հորեղբայրս՝ Արամը, նույնպես զինծառայող է։ Նա ներքին զորքերում է ծառայում,- ասաց վարորդ շարքային Դավիթ Մանուկյանը։
♦♦♦
Մարտկոցի հրամանատար կապիտան Հենրիկ Վարոսյանը ծնվել է Բագրավան գյուղում։ 2000թ. ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել ՌԴ զինվորական ուսումնական հաստատություններից մեկը։ Սովորելուց հետո վերադարձել է եւ ծառայության նշանակվել այս զորամասում։ Նրա հրամանատարությամբ մարտկոցը 2010թ. առաջին ուսումնական փուլի արդյունքներով ճանաչվել է լավագույնը զորամասի կազմում, ինչի համար էլ կապիտան Հ. Վարոսյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ Նա ամուսնացած է, ունի մեկ որդի։
-Մեր ծառայության մեջ մեխանիկ-վարորդների բարեխղճությունը, պատասխանատվությունը, մասնագիտական վարպետությունը շատ կարեւոր են։ Ունենք ինչպես պայմանագրային, այնպես էլ պարտադիր ժամկետային վարորդներ։ Օրինակ՝ ենթասպա Կարեն Մագթաղյանը տասնմեկ տարի ծառայում է եւ երբեք իր պարտականությունների մեջ չի թերացել։ Շատ գոհ եմ նաեւ շարքային Արմեն Մանուկյանի ծառայությունից։ Լավերը, արժանավորները շատ-շատ են, եւ բոլորն էլ ձգտում են ուսումնական փուլն ավարտել բարձր արդյունքներով,- ասաց կապիտանը։
♦♦♦
Փոխգնդապետ Ս. Մարտիրոսյանը զորամասի լավագույն դիվիզիոնի հրամանատարն է։ Նա միշտ բարձր արդյունքներ է ապահովում։
-Շուտով կսկսենք նախապատրաստվել կիսամյակային քննություններին։ Որպես դիվիզիոնի հրամանատար, քաջատեղյակ եմ բոլոր զինվորների, ստորաբաժանումների, առանձին սպաների, ենթասպաների եւ զինվորների հնարավորություններին եւ վստահորեն կարող եմ ասել, որ դիվիզիոնը մարտունակ է եւ ի վիճակի է ամբողջությամբ կատարելու հնարավոր բոլոր մարտական առաջադրանքները։ Հետեւում եմ եւ գոհ եմ ամառային շահագործման փուլի անցման աշխատանքներից։ Որպես հրամանատար ուզում եմ առանձնապես նշել մայոր Մ. Նազարեթյանի, կապիտան Հ. Վարոսյանի, սերժանտ Էրիկ Հարությունյանի, կրտսեր սերժանտ Աղվան Մկրտչյանի, շարքային Սերգեյ Մկրտումովի բարեխիղճ ծառայությունը։ Այնուամենայնիվ, նրանք բոլորից առանձնանում են։
♦♦♦
Զորամասի «լավագույն վարորդը» շարքային Սողոմոն Օհանյանն է։ Նա երեւանցի է, սովորել է ազատամարտիկ Վրեժ Համբարձումյանի անվան դպրոցում, որից հետո զինկոմիսարիատի ուղեգրով ձեռք է բերել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու զորակոչվել բանակ։
-Ես երկու ամսից զորացրվելու եմ, բայց կապը զորամասի հետ միշտ կպահեմ, որովհետեւ այստեղ հոգատար, զինվորին սիրող, գնահատող սպաներ ու ենթասպաներ շատ կան, որոնց շատ կկարոտեմ,- ասաց Սողոմոնը։
♦♦♦
Մասնագիտական լսարաններում շարունակվում էին տեսական պարապմունքները։ Մարտկոցի հրամանատար մայոր Ա. Բալայանը ներկայացրեց թեման։ Նրան խնդրեցինք այդ թեմայից հարցեր տալ զինվորներին։ Վերջիններիս պատասխաններից էլ գրեթե ամբողջական պատկերացում կազմեցինք մարտկոցի գործունեության մասին։ Հարցերին լիարժեք պարզաբանումներ տվեցին շարքայիններ Արտյոմ Հովսեփյանը, Էդգար Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Արթուր Ավետիսյանը, Սուրեն Իսախանյանը, Ռոբերտ Մալխասյանը, Արիկ Դավիդյանը, Վարշամ Դարչինյանը։
-Մենք մեր զինվորներից չենք դժգոհում, մեկը չկա, որ չցանկանա սովորել,- ասաց հրամանատարը։
Ջոկի հրամանատար սերժանտ Գեւորգ Շահինյանի կրծքին «Քաջարի մարտիկ» կրծքանշան կար, նրա մասին մայոր Ա. Բալայանն ափսոսանքով ասաց.
-Մեր լավագույն սերժանտներից է, շուտով զորացրվելու է։
Պարզվեց, որ լրանում է նաեւ ջոկի հրամանատար, շարքային Սերգեյ Մկրտումովի ծառայության ժամկետը։ Նա էլ «Հայոց բանակի գերազանցիկի» կրծքանշան ուներ։
-Շարքային Մկրտումովի ծառայության ժամկետը նույնպես մոտենում է ավարտին, բայց մենք հուսով ենք, որ նրանից չենք բաժանվի։ Վերջերս, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր մեր զորամաս, Ս. Մկրտումովը նրան դիմեց զորամասում ծառայությունը շարունակելու խնդրանքով, եւ նախարարը զինվորին խոստացավ, որ կընդառաջի եւ հարցին դրական լուծում կտա,- պարզաբանեց մայոր Ա. Բալայանը։
♦♦♦
Մայոր Մ. Նազարեթյանը դիվիզիոնի շտաբի պետ է։ Նա ծնվել է Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ավարտելով դպրոցը՝ Մ. Նազարեթյանն ընդունվել է ՌԴ զինվորական ակադեմիա։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է եւ շարունակել ծառայությունը։ Մայոր Մ. Նազարեթյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։ Նա պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով։
♦♦♦
Կրտսեր սերժանտ Աղվան Մկրտչյանն Արմավիրի Լուկաշին գյուղից է։ Քսանամյա երիտասարդն արդեն ծառայել է մեկուկես տարի եւ զորամասի լավագույն զինվորներից մեկն է դարձել։ Աղվանը ֆուտբոլիստ է, մինչ բանակ գալը խաղացել է Երեւանի «Փյունիկում»։
♦♦♦
Ջոկի հրամանատար սերժանտ Էրիկ Հարությունյանը նույնպես քսան տարեկան է։ Նրա ծառայությունն էլ շուտով կավարտվի։
-Պետք է ամեն ինչ անենք, որ դիվիզիոնի կազմով անցկացվող զորավարժությունը գոհացնի հրամանատարությանը։ Ես անձամբ վստահ եմ իմ ջոկի ուժերին, որովհետեւ տղաները՝ շարքայիններ Արմեն Մարկոսյանը, Նարեկ Ջավախյանը եւ մյուսներն իրենց գործը շատ լավ են անում, իսկ քննությունների մասին չեմ մտածում, որովհետեւ վստահ եմ, որ ջոկը բոլոր առարկաները «լավ» եւ «գերազանց» գնահատականներով կհանձնի։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ