ՄԵՐ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԻ ԻՄ ԱՆԿՅՈՒՆԸ. «ԵՂՆԻԿՆԵՐ»
Ավագ լեյտենանտ Վահե Իսպիրյանը «զգուշացրել էր», որ գալիս է խմբագրություն հերքելու իր զորամասի մասին տարածված թյուր կարծիքը: Նա ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում: Մարտական հերթապահություն է իրականացնում: Դասակի հրամանատար է:
-Ես սիրեցի իմ զորամասը հենց առաջին օրվանից: Ինձ գրկաբաց դիմավորեցին այստեղ ծառայող սպաները: Ուրախ դիմավորեցին, ասես ճանաչում էին ինձ… Ես միանգամից հարազատություն, ջերմություն զգացի… Այդ առաջին րոպեները շատ կարևոր են նոր զորամաս գործուղված բոլոր սպաների համար, ուր մնաց` նորավարտների… Հիացած նայում էի նրանց, շուրջս… Ամեն քայլափոխի նռան, թզի եւ թթի ծառեր էին, մորու թփեր: «Ահա եւ աշխարհի դրախտային անկյունը»,- մտածեցի ես: Քիչ անց արդեն հրամանատարի՝ Համլետ Սեւոյանի աշխատասենյակում էի: Անկեղծ ասած, ինձ զարմացրեց նրա բարյացակամությունը: Ծառայության հանդեպ դրական տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է նաեւ հրամանատարի կերպարով… Նա ինձ անմիջապես հանձնարարություն տվեց՝ յոթ զինվորների հետ կարգի բերել հին գերեզմանատունը: Հավանաբար, փորձեց պարզել, կկարողանա՞մ լեզու գտնել նրանց հետ: Ստացվե՛ց: Լա՛վ էլ ստացվեց: Երեւի այդ օրն էլ հասկացա, որ սպա-զինվոր փոխհարաբերություններում պետք է խստիվ պահպանել ենթակայությունը, բայց եւ հարկ եղած դեպքում կարողանալ զինվորի հետ տխրել, ուրախանել, կարողանալ գնահատել նրան, եւ որ ամենակարեւորն է՝ զրուցել, խոսել նրա հետ…
Ես սիրում եմ իմ զորամասը, որովհետեւ սիրում ու հարգում եմ այստեղ ծառայող յուրաքանչյուր սպայի ու զինվորի, հպարտանում եմ նրանցով… Եվ ինչպե՞ս չհպարտանալ… Նրանք ամեն օր ոտքով մեծ ճանապարհ են հաղթահարում հերթափոխը ապահովելու կամ կապի գիծը սպասարկելու համար… Ծառայում են հակառակորդի «քթի տակ»՝ արհամարհելով զրկանքներն ու դժվարությունները: Մեր սպաներից մեկի` մայոր Գոռ Ազլուխանյանի օրինակը բերեմ: Նա կնոջ եւ մեկամյա դստեր հետ ապրում է զորամասի հարեւանությամբ կառուցված կացարանում, ապրում է հեռու քաղաքից ու քաղաքակրթությունից, այստեղ ո՛չ խանութ, ո՛չ հիվանդանոց, ո՛չ էլ խաղահրապարակ կա… Նրանք այնքան հաշտ ու համերաշխ են, այնքան սեր ու հոգատարություն կա նրանց միջեւ: Եվ պատկերացրեք` չեն էլ ուզում տեղափոխվել: Հասկանում եմ նրանց. «Եղնիկներից» հեռանալը դժվար է… Հարություն անունով զինվոր ունեինք, զորացրվելուց մի քանի օր անց նրան նորից հանդիպեցի շարահրապարակում, զարմացա՝ «Ի՞նչ ես անում այս կողմերում»: Պատասխանեց. «Եկել եմ կարոտս առնելու… Ընկերներիս, հրամանատարներիս, դիրքերը, բնությունը շատ եմ կարոտում»:
Ես սիրում եմ իմ զորամասը, թեև ինձ էլ են առաջարկել տեղափոխվել այլ զորամաս, ավելի բարձր պաշտոն ստանձնել… Բայց մերժել եմ. ես կապված եմ «Եղնիկներին» և ուրիշ գնալու տեղ չունեմ: Այստեղ ես ինձ պետքական ու գնահատված եմ զգում: Ես սիրում եմ իմ այստեղի զինվորական կյանքի ամենօրյա ռիթմը… Ազատ ժամանակ զինվորներիս հետ անգլերեն եմ պարապում, նրանց հետ վազում եմ, ձգվում… Մեր զինվորները տարբերվում են… Հավաքների ժամանակ անգամ հեռվից հեռու կարող եմ ասել, թե ով է «մերը». նրանց դեմքին յուրահատուկ պայծառություն կա, աչքերում՝ փայլ, այնքան լավ տղաներ են հավաքվել այստեղ:
Ես սիրում եմ իմ զորամասը, որովհետեւ ինձ այստեղ գնահատել են, և ես ինքս էլ սովորել եմ գնահատել մյուսներին, հասկացել՝ ինչ է իսկական ընկերությունը, ծառայությունը… Այստեղ մենք իրար միջև բաժանելու ոչինչ չունենք, բացի հարգանքից ու սիրուց…
Ես սիրում եմ իմ զորամասը, որովհետեւ… Մեկ էլ տեսար` զորամասի այսօրվա հրամանատարը՝ գնդապետ Ա. Աղաջանյանը, զանգեց. «Ի՞նչ եք անում, ճաշե՞լ եք, եթե չէ, ուրեմն՝ սպասեք, գալիս եմ դիրքեր. ինձ այստեղ հաց տվող չկա…»: Ու այդ պահին մեր ոգեւորությունը չափ ու սահման չի ճանաչում… Մենք՝ շարքային, թե սպա, նստում ենք մի սեղանի շուրջ ու զրուցում դեսից-դենից, մեզ հուզող խնդիրներից ու մի կտոր հաց ուտում… Այ, այսպիսի պահերի համար եմ սիրում իմ զորամասը:
Գուցե իմ տարեկիցները, իսկ ես ընդամենը 25 տարեկան եմ, կարդան եւ չհասկանան, թե ես ինչու եմ այսպես սիրահարված իմ գործին, իմ զինվորական մասնագիտությանը, զորամասիս, երբ աշխարհն այնքան մեծ է ու գեղեցիկ, հրապույրներով, հաճույքներով լիքը… Այո՛, օրինակ՝ չեմ կարողացել հետեւել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, թեև ֆուտբոլ շատ եմ սիրում և մի քանի տարի անհամբեր սպասել էի… Չկարողացա` անընդհատ դիրքերում էի… Կամ հարցնեն՝ ինչո՞ւ գնալ հասնել աշխարհի ծայրը, եթե կարելի է քաղաքում ապրել եւ աշխատել… Ես մեկ պատասխան ունեմ՝ բայց մի՞թե այսքան երջանիկ կլինեի… Մեկ տարուց կլրանա պայմանագրիս ժամկետը, անկասկած կերկարացնեմ, բայց պայմանով, որ շարունակեմ ծառայությունս հենց այստեղ` «Եղնիկներում»… Ես գտել եմ իմ տեղը, մեր հզոր բանակի իմ անկյունը:
Հ. Գ.
Ավագ լեյտենանտ Վահե Իսպիրյանը գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան: 2011 թ. զորակոչվել է բանակ: Մասնակցել է մեկամյա սպայական դասընթացների և ավարտել դարձյալ գերազանց առաջադիմությամբ: Արդեն երկու տարի է՝ Վահե Իսպիրյանը ծառայում է որպես կապավոր:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում