ԵՐԿԱԹՅԱ ՆԺՈՒՅԳ ՍԱՆՁՈՂՆԵՐԸ
Որքան մեծ էր ուրախությունս, երբ հերթական գործուղման ժամանակ զորամասի հրամանատարի կարգավիճակում հանդիպեցի մեր սպաներից մեկին, իմ ծառայողական հիշողությունների անբաժանելի կերպարին: Վաշտի հրամանատար էր այն տարիներին: Անկարգապահ զինվորի «ահուսարսափն» էր, չէր հանդուրժում ծառայողական թերացում: Իր զինվորին ճիշտ ուսուցանելու, լավ տանկիստ դարձնելու համար պատրաստ էր ամեն ինչի: Վաշտի մեխանիկների հետ հավասար մինչև ուշ ժամ մնում էր հավաքակայանում, կազմակերպում էր անհրաժեշտ միջոցառումները, միայն թե տանկերի հետ որևէ խնդիր չլինի: Իր գործը գերազանց կատարող զինվորին հարգում էր, ինչպես իր ընկերոջը: Թեև արդարության համար ասեմ, որ թերացողին էլ միշտ ձգտում էր չպատժել, այլ հնարավորություն տալ ուղղվելու: Մինչև հիմա նրա հին զինվորները այցելում են իրեն: Յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած անձնավորություն է, սակայն այժմ էլ փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը հրամանատար է, որի հետ պատրաստ են մարտի գնալ և հաղթել:
Փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ժողովրդական լեզվով ասած՝ հինգ մատի պես գիտի տանկի բոլոր հնարավորությունները, ուժեղ և թույլ կողմերը: Այդ ամենը սովորեցրել է իր զինվորներին, որոնք մշտապես առանձնացել են մյուս ստորաբաժանումների թվում: Կարելի է շատ խոսել այս սպայի մասնագիտական կարողությունների, հաջողությունների մասին, սակայն, կարծում եմ, դրա ամենավառ վկայությունը նրա ղեկավարած զորամասի զինվորների արձանագրած ցուցանիշներն են:
Օրերս զորամասի տանկային անձնակազմերից մեկը ճանաչվել է զորամիավորման լավագույն տանկային անձնակազմ և մասնակցելու է ՀՀ զինված ուժերում անցկացվող համաբանակային տանկային մրցույթին: Հրամանատարի խոսքերով՝ տղաներից ակնկալիքները մեծ են: Նրանք և՛ մասնագիտական, և՛ ֆիզիկական, և ամենակարևորը՝ հոգեբանական գերազանց պատրաստվածություն ունեն: Միանշանակ, նրանցից սպասում են մրցանակային տեղեր: Տղաների համազգեստին շողշողացող կրծքանշաններից արդեն պարզ է. տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ Դավիթ Բարսեղյանը, նշանառու-օպերատոր Պավել Հովհաննիսյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Ռոբերտ Բադալյանը իրենց գործի գիտակ են, պարտաճանաչ և բանիմաց զինվորներ, այլապես չէին արժանանա ժամկետային զինծառայողների համար նախատեսված այդ խրախուսանքներին:
Տանկային դասակի հրամանատարի տեղակալ, տանկի հրամանատար, ավագ սերժանտ Դավիթ Բարսեղյան.
-Քսաներկու ամսվա ծառայող եմ, զորակոչվել եմ Արարատի մարզից: Կրծքանշաններս ստացել եմ հանկարծակի ստուգումների ժամանակ, երբ նաև զորամասի հերթապահի օգնական եմ եղել, պարտականություններս գերազանց կատարելու, ինչպես նաև զորամիավորման լավագույն տանկի հրամանատար ճանաչվելու համար: Փոքր տարիքից միշտ հիացմունքով եմ նայել տանկերին: Մեր տունը զորամասից քիչ հեռու էր, կանգնում, նայում էի տանկերի ետևից, երբ զորքը դուրս էր գալիս զորավարժության: Այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ տանկիստ կդառնամ, այն էլ՝ տանկի հրամանատար: Հիմա էլ այնքան եմ ընտելացել տանկիստի մասնագիտությանը, որ այն ինձ համար դարձել է հարազատ մի բան, իմ մասնիկը, առանց որի չեմ պատկերացնում հետագա կյանքս:
Պարտադիր ծառայության ժամկետն ավարտվելուց հետո անպայման շարունակելու եմ ծառայությունս, չեմ կարող կտրվել տանկից: Կապ չունի՝ որ զորամասում, միայն թե ամեն օր ես պետք է այս հզոր ռազմական տեխնիկայի հետ լինեմ: Միգուցե նաև ընտանիքս է կարևոր դեր ունեցել, որ այսօր ես այսքան սիրում եմ ռազմական գործը: Հայրս մեր բնակավայրին մոտ զորամասի բուժծառայության մեքենայի վարորդն է, մայրս՝ գրադարանավարուհին, եղբայրս էլ՝ ավագ խոհարարը: Միգուցե զուտ զինվորական մասնագիտություններ չեն, բայց, կարևորն այն է, որ հաճախ ինձ տարել են զորամաս, ծանոթացրել զինվորական առօրյային: Բանակ զորակոչվելիս ինձ համար որևէ անծանոթ բան չկար բանակի հետ կապված:
Մեր անձնակազմը միշտ պատրաստ է մարտի: Մեզ այդպես էլ պատրաստել են. միշտ առաջ գնալ: Միայն թե նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տանկին խնամքով վերաբերվել: Մի փոքր սխալից այն կարող է շարքից դուրս գալ: Օրինակ՝ եթե տանկի հրամանատարը սխալ արկ դնի, նշանառուն էլ կրակի, կրակի վարման մեխանիզմը չի աշխատի: Տանկը պետք է խնամել, եթե չանես, մարտի դաշտում այն քեզ չի փրկի և չի ծառայի: Դրա համար էլ ընդունված կարգ գոյություն ունի. ընթացիկ սպասարկումից բացի, տարեկան երկու անգամ սպասարկման սեզոնային աշխատանքներ ենք իրականացնում:
Զորամասի անձնակազմը լավ արդյունքներ է ցույց տալիս մարտական պատրաստությունից: Պարբերաբար անցկացվող ստուգումների ընթացքում հրամանատարությունը բացահայտում է բոլորի բացթողումները, նախանշում է հետագա անելիքները: Դա էապես հեշտացնում է գործը: Ամեն ամսվա առաջին շաբաթվա սկզբում զորամասում տագնապ է հայտարարվում հաջորդաբար դասակի, վաշտի և գումարտակի կազմով: Այդ ընթացքում եթե որևէ մեկը թերանում է, սպաները օգնում են, նորից են ուսուցանում տվյալ թեմաները: Բայց, տղաների կարծիքով, այդ ամենը բավարար չէ լավ մասնագետ դառնալու համար: Նրանց կարծիքով՝ տանկիստի համար շատ կարևոր է անընդհատ մարզվելը, գիտելիքները թարմացնելը՝ չսպասելով որ դրանց պակասը հանգեցնի թերացումների:
Մարտական առաջադրանք կատարելիս անհրաժեշտ է գիտելիք, ինքնատիրապետում, ինչին կարելի է հասնել սպաների օգնությամբ: Սակայն լիարժեք ինքնապատրաստության ընթացքում հասկանում ես, որ սերը, հարգանքը, վստահությունը հրամանատարի հանդեպ նույնքան կարևոր են: Եթե վստահությունը լինի, հրամանատարի հրամանները կկատարվեն անշեղորեն և կհասնեն նպատակին: Այդ ուղղությամբ հիմնական նախաձեռնողն իհարկե հրամանատարն է: Օրինակ՝ ես, որպես տանկային դասակի հրամանատարի տեղակալ, պատասխանատվություն եմ կրում ամբողջ դասակի համար: Ամեն ինչ կախված է հրամանատարից թե ՛վարման, թե՛ կրակի ուղղությունը: Հարկավոր է այնքան մարզվել, որ կարողանաս հստակ կրակի քարտեզ գծել, կողմնորոշիչներ ընտրել, որոշել հակառակորդի գտնվելու հավանական վայրերը, դրանց հիման վրա հիմնական և ապահովող կրակի ուղղությունը: Համապատասխան ցուցումները տրվում են նշանառուին և մեխանիկ-վարորդին: Իհարկե, մարտի ընթացքում հնարավոր են տարբեր զարգացումներ, և ամեն մի տանկի հրամանատար իրավունք ունի նաև իրավիճակից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել:
Ընդհանրապես, տանկի հրամանատարի դերը շատ կարևոր է՝ չնվազեցնելով անձնակազմի մյուս երկու անդամների դերակատարումը: Նա պարտավոր է իմանալ մյուս անդամների պարտականությունները: Հաստիքային արկի, գնդացրի լիցքավորումը կատարում է տանկի հրամանատարը, նաև կապն է կառավարում: Հրամանատարն ունի փոքր դիտաշտարակ, եթե նշանառուից ավելի շուտ է գտնում թիրախը, ֆիքսում է այն և նշանառուին ուղղություն տալիս: Բացի այդ, նա ավելի լավ է տեսնում ճանապարհը, և կարելի է ասել, մեխանիկի պահեստային աչքն է, քանի որ մեխանիկի տեսադաշտը սահմանափակ է: Լրացուցիչ ուղղություն տալու շնորհիվ տանկը խուսափում է ճանապարհի կողքի օբյեկտներին բախվելու վտանգից: Կարճ ասած՝ տանկի հրամանատարը պետք է անընդհատ շարժման մեջ լինի, կապով զրուցի անձնակազմի մյուս անդամների հետ, ապահովի գործողությունների ներդաշնակումը:
♦♦♦
Երբ զորամասի հրամանատարին հարցրի համաբանակային մրցույթին մասնակցած անձնակազմի մասնագիտական որակների մասին, նա նախ նշեց, որ իր զինվորներից շատերն են արժանի այդ մրցույթին մասնակցելու, հետո էլ ավելացրեց.
-Մրցույթի ընթացքում մեր տղաները որևէ նոր բան չեն արել, այլ իրենց առօրյա դասընթացների, գործնական պարապմունքների ժամանակ սովորածն են ցույց տվել: Համաբանակային մրցույթում վերջնական բարձր արդյունք իհարկե սպասում եմ, սակայն ավելի կարևորում եմ հետևյալ փաստի ամրապնդումը. տանկիստի առաջնային հատկանիշը ընկերոջ համար ամեն ինչ անելն է: Անձնակազմը երեք հոգուց է բաղկացած. եթե մեկին մի բան պատահի, կամ նա սխալ թույլ տա. մյուսները նույնպես կտուժեն, հաղթանակն էլ, պարտությունն էլ ընդհանուր է: Ամեն մեկը պետք է առավելագույն չափով ուժերը լարի մեկ միասնական նպատակի՝ հաղթանակի համար:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Հաջորդ համարում կարդացեք «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի մասնակիցների մասին պատմող նյութը։
Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում