Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԶԵՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԺԱՁԵՎԵՐԸ



Զանգվածային խոցման զենքերի ժամանակակից միջոցներից են հանդիսանում միջուկային, քիմիական և մանրէաբանական (կենսաբանական) զենքերը: Նեյտրոնային զենքը միջուկային զենքի տարատեսակներից է:

Միջուկային զենքը ներառում է միջուկային, ջերմամիջուկային կամ նեյտրոնային զինամթերքը և դրանց կիրառման միջոցները: Այն ունի հզորությամբ զենքերի մյուս տեսակներին նշանակալիորեն գերազանցող խոցող գործոններ:

Միջուկային պայթյունի խոցող գործոններն են` հարվածող ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող ռադիացիան, տեղանքի ռադիոակտիվ վարակվածությունը և էլեկտրամագնիսական իմպուլսը:

Հարվածող ալիքը տարածվում է հսկայական արագությամբ: Շատ դեպքերում այն հանդիսանում է հիմնական խոցող գործոն և ավերիչ ուժ ունի: Կենդանի ուժի խոցման աստիճանը կախված է պայթյունի տեսակից ու հզորությունից, պայթյունի հեռավորությունից և տեղանքի, ամրաշինական կառույցների ու հաստիքային տեխնիկայի պաշտպանական հատկություններից: Հարվածող ալիքն անձնակազմին կարող է հասցնել տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ սպառազինությունը, մարտական ու այլ տեխնիկան և նյութական միջոցները կարող են վնասվել կամ ոչնչանալ:

Լուսային ճառագայթումն իրենից ներկայացնում է ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների հոսք, տարածվում է ակնթարթորեն և բոլոր ուղղություններով: Այն առաջացնում է մաշկի բաց տեղամասերի այրվածքներ, կուրացում, սպառազինության որոշ մասերի բոցավառում, անգամ՝ մետաղների հալում: Մարդու աչքերի համար մեծ վտանգ է ներկայացնում լուսային ճառագայթումը գիշերը:

Լուսային ճառագայթման ինտենսիվությունը նշանակալիորեն թուլացնում են մառախուղը, անձրևը և տեղացող ձյունը:

Ներթափանցող ռադիացիան իրենից ներկայացնում է գամմա ճառագայթների ու նեյտրոնների հոսք, որը տարածվում է պայթյունի պահից բոլոր ուղղություններով, 10-15 վրկ ընթացքում: Ներթափանցող ռադիացիայի խոցող ներգործությունը հիմնված է գամմա ճառագայթների ու նեյտրոնների՝ կենդանի հյուսվածքների ատոմները իոնացնելու հատկության վրա: Արդյունքում՝ մարդու օրգանիզմում խախտվում են կենսական գործընթացները, և առաջանում է ճառագայթային հիվանդություն: Ներթափանցող ռադիացիան թուլանում է. տանկի զրահից՝ 7-12 անգամ, 50 սմ հաստությամբ աղյուսե պատից՝ 12 անգամ, խորշի հողային ծածկից՝ 3-7 անգամ:

Նկ. 1. Ներարկիչ-պարկուճ՝ 1 - իրան, 2 - պատիճ, 3 - թասակ, 4 - ասեղ

Ռադիոակտիվ վարակվածությունն առաջանում է միջուկային լիցքի և ռադիոակտիվ իզոտոպների տրոհումից: Ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը նույնպես մարդկանց մոտ առաջացնում է ճառագայթային հիվանդություն: Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում լուսավորող գունդը հպվում է գետնին, այնուհետև բարձրանում է վեր, իր հետ տանելով նաև հողը: Տրոհումից առաջացած նյութերը և հողի մասնիկները ստեղծում են ռադիոակտիվ ամպ և շարժվում քամու ուղղությամբ: Ամպից գետնին թափվող ռադիոակտիվ նյութերը երկար ժամանակով վարակում են տեղանքը, անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան, կառույցները և մթերքը:

Ռադիոակտիվ վարակից կարելի է պաշտպանվել տարատեսակ ինժեներական կառույցներում, փակ մարտական մեքենաներում և այլ թաքստոցներում:

Էլեկտրամագնիսական իմպուլսը իրենից ներկայացնում է կարճատև բարձր լարման էլեկտրական և մագնիսական դաշտեր, որոնց արդյունքում խանգարվում է ռադիո և ռադիոտեղորոշման միջոցների աշխատանքը:

Նեյտրոնային զենքն իրենից ներկայացնում է փոքր հզորության ջերմամիջուկային զինամթերք: Դրա պայթյունի ժամանակ առաջանում է բարձր էներգիայով օժտված նեյտրոնների պարունակությամբ ճառագայթում, որի արդյունքում խոցվում է անձնակազմը:

Քիմիական զենքը ներառում է թունավորող նյութերը (ԹՆ) և դրանց կիրառման միջոցները:

Մարդու օրգանիզմի վրա իրենց ազդեցության բնույթով թունավորող նյութերը դասվում են հետևյալ խմբերին՝ նյարդակաթվածահարույց, ընդհանուր թունավորման, մաշկաթարախահարույց, հեղձուցիչ, հոգեքիմիական և գրգռիչ ազդեցության:

Նյարդակաթվածահարույց թունավոր նյութերը (VX-գազեր, զարին, զոման) իրենցից ներկայացնում են անգույն կամ թեթևակի դեղնավուն հեղուկներ, համարյա առանց հոտի:

Շնչառական օրգաններով, մաշկածածկույթով և մարսողական ուղիներով ընկնելով մարդու օրգանիզմ, այդ նյութերն ազդում են նյարդային համակարգի վրա: Թունավորումը կատարվում է արագ, առանց թաքնված շրջանի: Կտրուկ նեղանում են բիբերը (միոզ), վատանում է տեսողությունը, առաջանում է սրտխառնոց, թքարտադրություն, հևոց, դժվարանում է շնչառությունը, խախտվում է շարժումների ներդաշնակությունը:

Ախտահարման առաջին նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես հագնել հակագազը և անհատական դեղատուփում գտնվող ներարկիչ-պարկուճի օգնությամբ ներարկել հակաթույնը (անտիդոտ):

Ընդհանուր թունավորման ազդեցության նյութերն են կապտաթթուն և քլորցիանը:

Կապտաթթուն ըստ իր ֆիզիկական հատկությունների անգույն, դառը նշի հոտով հեղուկ է, իսկ քլորցիանը՝ յուրահատուկ սուր հոտով գազ:

Ծանր թունավորման դեպքում առաջանում է գիտակցության կորուստ:

Ախտահարման առաջին նախանշանների դեպքում (բերանում զգացվում է մետաղի և այրված շաքարի համ, կոկորդում բորբոքում, գլխապտույտ) անհրաժեշտ է անհապաղ հագնել հակագազը, վերցնել հակաթույնով սրվակը, կոտրել այն և ներարկել հակագազի դիմակ-սաղավարտի տակից: Այդ պահին պետք է փակել աչքերը և շունչը պահել:

Մաշկաթարախահարույց է իպրիտը, որը սխտորի կամ մանանեխի հոտով մուգ դարչնագույն հեղուկ է:

Նկ. 2. Ներարկիչ-պարկուճի օգտագործման կարգը

Իպրիտով վարակված տեղամասերում երկար ժամանակ պահպանվում է ախտահարվելու վտանգը: Իպրիտն ախտահարում է մաշկը, աչքերը և թոքերը: Այն ունի մինչև մի քանի ժամ ազդեցության թաքնված շրջան: Իպրիտից ախտահարվելու նախանշաններն են` արցունքահոսությունը, մաշկի կարմրությունը, իսկ հետո՝ բշտիկների և վերքերի հայտնվելը: Իպրիտի գոլորշիները շնչելիս կոկորդում չորություն է զգացվում, կուլ տալիս՝ ցավ, ձայնը կոշտանում է:

Իպրիտի՝ մաշկածածկույթին ընկնելու դեպքում, անհրաժեշտ է արագ (4-6 րոպեից ոչ ուշ) վնասազերծել (հեռացնել) անհատական հակաքիմիական փաթեթի օգնությամբ, իսկ աչքերը լվանալ ջրով:

Հեղձուցիչ ազդեցության թունավոր նյութերից են ֆոսգենը և դիֆոսգենը: Դրանք փտած խոտի հոտով, անգույն գազեր են: Ախտահարման նախանշաններից են՝ քաղցրավուն համը բերանում, հազը, շնչահեղձությունը, գլխապտույտը: Ախտահարվելիս անհրաժեշտ է անմիջապես հագնել հակագազը, միջոցներ ձեռնարկել տաքանալու և հանգստություն ապահովելու համար: Ախտահարման գոտուց դուրս գալուց հետո պետք է խմել տաք ջուր, բայց ոչ մի դեպքում չի կարելի արհեստական շնչառություն կատարել:

Հոգեքիմիական թունավոր նյութերից է բի-զեթը: Այն սպիտակ գույնի բյուրեղանման նյութ է, որը շնչառական օրգաններով ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում է ժամանակավոր հոգեկան խանգարում: Ախտահարվածը կորցնում է կապը իրեն շրջապատող իրականության հետ, նրա մոտ հայտնվում են տեսողական և լսողական զգայապատրանքներ (հալյուցինացիաներ): Դրանից պաշտպանվելու հուսալի միջոցը հակագազն է:

Գրգռող ազդեցության թունավոր նյութերից են սի-էսը, քլորացետոֆենոնը և ադամսիտը: Դրանք պինդ, բյուրեղային նյութեր են: Այս թունավոր նյութերից ախտահարվելու դեպքում անհրաժեշտ է դուրս գալ վարակված միջավայրից և ջրով լվանալ աչքերը: Հակագազը դրանցից պաշտպանվելու հուսալի միջոց է:

Որպես մանրէաբանական (կենսաբանական) միջոց, վարակ տարածելու համար հակառակորդը կարող է կիրառել հիվանդաբեր մանրէներ՝ ժանտախտի, խոլերայի, ջրծաղիկի, տուլարեմիայի, այլ հարուցիչներ ու որոշ միկրոբների արտադրած թույներ:

Մանրէաբանական (կենսաբանական) վարակի արտաքին նշաններն են՝ զինամթերքի պայթյունից հետո առաջացած օդաշղարշային (աերոզոլային) ամպը, ինչպես նաև ռումբերի և բեռնարկղերի ընկած տեղում մեծ քանակությամբ միջատների հայտնվելը: Այս կամ մյուս նախանշանների առկայության դեպքում տրվում է անհատական պաշտպանական միջոցները հագնելու հրաման և տեղեկացվում է հրամանատարին:

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Ստանալով հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման անմիջական վտանգի և սկսելու նախազգուշացման ազդանշան, զինվորը շարունակում է կատարել առաջադրված խնդիրը և պաշտպանական միջոցները բերում է «պատրաստ» դրության:

Ռադիոակտիվ վարակի դեպքում՝ «Ռադիացիոն վտանգ», իսկ քիմիական ու մանրէաբանական (կենսաբանական) վարակի դեպքում՝ «Քիմիական տագնապ» ազդանշանների ազդարարման ժամանակ հետիոտն կամ բաց մեքենայի վրա գործող զինվորը, շարունակելով կատարել մարտական խնդիրը, հագնում է անհատական պաշտպանական միջոցները, իսկ փակ մեքենայում գտնվելիս հագնում է միայն հակագազը:

Անհատական պաշտպանական միջոցները հանում են միայն ավագ հրամանատարի թույլտվությամբ:

ՆԵՐԱՐԿԻՉ-ՊԱՐԿՈՒՃԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Ներարկիչ-պարկուճը (նկ.1) գտնվում է անհատական դեղատուփի N1 բնիկում: Թունավոր նյութերով խոցվելու դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես ներարկել մաշկի տակ:

Ներարկիչ-պարկուճը բաղկացած է իրանից (բարակ պատերով պլաստմասսայե անոթ), որի գլխիկին պտուտակված է ներարկման ասեղով փողակը: Ներարկիչ-պարկուճի ասեղը մանրէազերծված է և պաշտպանված փողակի վրա ամուր հագցված թասակով: Իրանը լցված է դեղորայքով և հերմետիկորեն զոդված:

Ներարկիչ-պարկուճն օգտագործելու համար (նկ.2) անհրաժեշտ է այն հանել դեղատուփից, ձախ ձեռքով բռնել փողակի կողավոր եզրից, աջով՝ իրանից, և իրանը պտտեցնելով ժամացույցի սլաքի ուղղությամբ մինչև վերջ, հանել թասակը: Այնուհետև, բռնելով ներարկիչ-պարկուճի փողակից, ասեղը մինչև փողակը պետք է մտցնել մարմնի փափուկ հյուսվածքների մեջ, դրա համար հարմար ու հասանելի տեղում մատներով սեղմել պարկուճի իրանը, ներարկել դրա պարունակությունը և, առանց մատները բացելու, հանել ասեղը: Շտապ դեպքերում կարելի է դեղորայքը ներարկել առանց հագուստը հանելու: Ներարկումը կարելի է կրկնել, եթե թունավորման նախանշանները չանցնեն:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԱՆՔՈՒՄ

Տեղանքի վարակված տեղամասերը (շրջանները), կախված իրավիճակից, կարելի է շրջանցել կամ հաղթահարել` օգտագործելով անհատական կամ խմբային պաշտպանական միջոցները:

Սովորաբար ռադիոակտիվ վարակի գոտիները հաղթահարում են առավելագույն արագությամբ, որն ապահովում է անձնակազմի նվազագույն ճառագայթահարումը և հեռավորությամբ, որը բացառում է մեքենաների փոխադարձ փոշոտումը:

Չոր եղանակին, ռադիոակտիվ վարակի գոտիներում գործելիս, տեղանքում կամ բաց ավտոմեքենաներում գտնվող անձնակազմը հագնում է շնչադիմակներ, պաշտպանական թիկնոցներ, գուլպաներ ու ձեռնոցներ, քիմիական և մանրէաբանական (կենսաբանական) վարակի գոտիներում՝ հակագազեր, պաշտպանական թիկնոցներ, գուլպաներ, ձեռնոցներ, փակ զրահափոխադրիչներում՝ միայն հակագազեր, հետևակի մարտական մեքենաներում և տանկերում միացնում են ԶԽԶ պաշտպանության համակարգը:

Գտնվելով վարակված տեղամասերում՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Չի կարելի պառկել կամ նստել գետնին, եթե դա չի պահանջում մարտական խնդիրը, վերցնել կողմնակի առարկաներ կամ դիպչել դրանց, խմել, ծխել, առանց հրամանատարի թույլտվության հանել անհատական պաշտպանական միջոցները:

Թունավոր նյութերով և մանրէաբանական (կենսաբանական) միջոցներով վարակված տեղանքում կերակուր պատրաստելը և ուտելն արգելվում է: Դա թույլատրվում է միայն հատուկ սարքավորված թաքստոցներում և մեքենաներում:

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ազգային բանակ


16/10/2014