Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՂԵՆ ՏԱՆԿԻ ԵՐԵՔ ՀԵԾՅԱԼՆԵՐԸ



Դեռ թարմ են տպավորությունները այն օրերի, երբ ազգովի նշում էինք մեր տանկիստների հաղթանակը «Տանկային Բիաթլոն-2014» միջազգային մրցույթում: Ոգևորությունն իրոք անսահման էր: Ամենուրեք նրանց մասին էին խոսում: Թվում է, թե անցած ժամանակաշրջանում մրցույթին մասնակցած մեր տղաների մասին շատ է գրվել: Սակայն, կարծում եմ, նրանք արժանի են դրան: Արժանի են ոչ միայն նորագույն տեսակի տանկ շահելու համար, այլ առավելապես նրա համար, որ պարզ, միևնույն ժամանակ, հզոր ուղերձներ են հղել իրենց հաղթանակով: Նախ, մեր թիմը միակն էր, որ համալրված էր պարտադիր ժամկետային զինծառայողներով, հիմնականում դեռ քսան տարին չբոլորած երիտասարդ տղաներով: Նրանք մրցեցին առավելապես պայմանագրային զինծառայողներով համալրված մյուս թիմերի հետ, որոնք ներկայացնում էին ռազմական առումով շատ հզոր պետություններ: Եվ մերոնք հաղթեցին: Մերոնք ի ցույց դրեցին մեր բանակի հզորությունը, մարտական պատրաստության արդյունավետությունը: Տղաները ապացուցեցին, որ ռազմական ունակությունները մեր արյան մեջ են, և պատահական չէ հայկական բանակի՝ որպես տարածաշրջանի ուժեղագույն բանակներից մեկի համբավը: Թե՛ մասնակիցները, թե՛ ավելի քան քսան պետությունների դիտորդները փաստեցին այդ իրողությունը:

Այս հաղթանակը կարևոր էր նաև մեր բնակչության համար: Շարքային քաղաքացին հաստատ իրեն ավելի վստահ և պաշտպանված կզգա, կվստահի զինված ուժերին այն բանից հետո, երբ իր երկրի զինվորը մարտականին մոտ իրադրությունում հավասարը հավասարի պես մրցում է ֆինանսական ահռելի հնարավորություններ ունեցող պետության զինվորականի հետ և հաղթում:

Հոկտեմբերի 8-ը ՀՀ զինվորական տոնացույցում տանկիստի օրն է: Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում ենք բոլոր տանկիստներին և ներկայացնում ենք տանկային աշխարհի առաջնությանը մասնակցած տղաներից մի քանիսի տպավորությունները մրցույթից: «Հայ զինվոր»-ի հյուրասրահում են տանկի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Յուրա Դարբինյանը և Գևորգ Պալոյանը, նշանառու-օպերատոր, շարքային Գագիկ Գրիգորյանը:

ՅՈՒՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ- Մրցույթը շատ բարդ պայմաններում անցավ: Ճիշտ է, մենք պատրաստ էինք դրան, որովհետև մեր զորամասերում լավ մարզվել էինք, կարելի է ասել, ավելի բարդ պայմանների էինք սովոր: Բայց բոլոր մասնակիցներն էլ ուժեղ էին: Դա ավելի է արժևորում մեր հաղթանակը: Մենք չթերագնահատեցինք մեր հակառակորդին. միգուցե դա էլ մեզ օգնեց: Մեզ էր վերապահված մեր երկիրը այլ պետությունում ներկայացնելու բարձր պատիվը, և մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք արժանիորեն հանդես գալ: Հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Մենք գնացել էինք մրցանակային տեղ գրավելու համար: Եթե մարդ գնահատում է իր չարչարանքը, մարզումների ժամանակ իր թափած քրտինքը, նա պետք է ամեն ինչ անի արդյունքի հասնելու համար: Հավատն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ այն պահերին, երբ ինչ-որ բան չի ստացվել, չենք ընկճվել, չենք մտածել, որ, վե՛րջ, մրցույթը մեզ համար ավարտված է: Ընդհակառակը, ավելի մեծ եռանդով ենք շարունակել:

Իմ կարծիքով, մեզ մոտ նախապատրաստական շրջանում մի փոքր ավելի դժվար է եղել: Փոշու ժամանակ, արևին, երբ կրակել ենք, նշանառուները սպասել են, մինչև փոշին նստի, նորից թիրախը տեսնեն ու նորից այլ թիրախ հայտնաբերեն: Այնտեղ եղանակային պայմանների առումով շատ ավելի լավ էր: Մեզ մոտ չորս կողմը բնական արգելքներ են, սարեր ու ձորեր, իսկ այնտեղ հարթավայր է: Բնականաբար, դա ավելի հեշտացնում է գործը: Այնպես որ, սկզբնական ընտրությունն էլ է դժվար եղել: Բոլոր զորամասերը ներկայացրել են իրենց լավագույն անձնակազմերին, որոշ դեպքերում մինչև երկու-երեք անձնակազմ:

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Մեզ նախօրոք տեղեկացրել էին մրցուղու երկարության, հագեցվածության մասին: Համապատասխան ծրագրով էլ նախապատրաստվել ենք: Տեղում էական տարբերություն չկար. նույն կարգի արգելագոտիների հանդիպեցինք: Միայն հակատանկային փոսերն էին քիչ ավելի խորը, ջրային արգելքներն էլ՝ շատ: Համեմատության համար նշեմ, որ մեր զորավարժարանում ընդամենը երկու անգամ ենք անցել ջրի միջով, իսկ այնտեղ յուրաքանչյուր վարժության ժամանակ պարտադիր երկու-երեք անգամ հաղթահարում էինք ջրային արգելք: Ասեմ, որ շատ պետությունների անձնակազմերի մեխանիկ-վարորդները տանկը թողեցին ջրի մեջ, չկարողացան հանել ցամաքային հատված: Իսկ մեր մեխանիկները պատվով կատարեցին իրենց խնդիրը դժվարագույն իրավիճակներում: Չիմացողների համար ասեմ, եթե ջրի միջով անցնելու ժամանակ մի կոճակ էլ սխալ սեղմես, հզոր տանկի շարժիչը միանգամից կվնասվի: Տանկը հզոր, միևնույն ժամանակ, նաև նուրբ տեխնիկա է:

ԳԵՎՈՐԳ ՊԱԼՈՅԱՆ

Անձնակազմի բոլոր անդամներն էլ գերազանց հանդես եկան, թեև մյուսները ավելի շատ միջոցներ էին ծախսել: Օրինակ՝ մեր նշանառուները մարզումների շրջանում կրակել են 80-90 արկ, համեմատության համար նշեմ, որ ռուսական թիմի նշանառուները կրակել են 800-900 արկ: Իհարկե, դա պետության ֆինանսական հնարավորություններից է նաև կախված, սակայն մենք ապացուցեցինք, որ փոքր միջոցներով էլ կարելի է մրցել հզորագույն պետությունների հետ: Երբ նշանառուի աչքը տեսնում է, ավելի շուտ է հայտնաբերում թիրախը, նա ավելի արագ է կողմնորոշվում և խոցում կատարում: Մինչ ուրիշները ժամանակ էին ծախսում թիրախը հայտնաբերելու, չափումներ կատարելու և կրակելու վրա, մերոնք արդեն խոցում էին կատարում:

ԳԵՎՈՐԳ ՊԱԼՈՅԱՆ- Եթե նշանառուները թիրախին չէին դիպչում, պատասխանատվությունն ընկնում էր արդեն մեխանիկների վրա: Նրանք ժամանակի մեջ պետք է տեղավորվեին: Ավելի ճիշտ, տուգանային շրջան էր նշանակվում չխոցելու դեպքում, և այդտեղ էր, որ անհրաժեշտ էր բարձր արագությամբ անսխալ անցնել մնացած ճանապարհը: Ինչքան արագ այդ մեկ շրջանը պտտվես, այնքան հաղթելուդ հնարավորությունները մեծանում են: Այդ առումով, ճիշտ է, տանկի հրամանատարի գործը կարևոր է, բայց հիմնական ծանրաբեռնվածությունը նշանառուի և մեխանիկի վրա է:

ԳԱԳԻԿ – Սխալներ, իհարկե, թույլ տվեցինք: Ամենացավալին ինձ համար գնդացրով կրակելու ժամանակ էր: Ես մեր զորամասի տանկային հրաձգարանում բոլոր թիրախները խոցում եմ գնդացրով: Կարելի է ասել, որ դրան արդեն այնքան էլ լուրջ չէինք վերաբերվում: Սակայն մրցույթի ժամանակ անսպասելիորեն վրիպեցի, և մեր թիմը տուգանային շրջան անցավ:

ԳԵՎՈՐԳ – Ճիշտն ասած, Գագիկի «մեղավորությունը» այնքան էլ մեծ չէ: Տանկի գնդացրի նշանառությունը չէր ստուգվել մինչև մրցույթը: Մինչ այդ, հիմնական ուշադրությունը դարձնում էինք հրանոթին, ընթացային մասերին: Իսկ երբ արդեն ավարտում էինք, զրահատեխնիկայի անգարները փակվում էին. ժամը յոթից հետո այնտեղ մուտքն արգելված էր: Կարելի է ասել, որ տեխնիկական սպասարկման համար ժամանակը մի փոքր քիչ էր:

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳԱԳԻԿ- Ֆիզիկական փուլն էր ամենաբարդը, որովհետև սերբերի հետ հավասար միավորներ ունեինք, կիսում էինք չորրորդ հորիզոնականը: Եզրափակիչ անցնելու խնդիր կար: Շատ թիմեր, այսպես ասած, հույսը դրել էին այդ փուլով առաջ անցնելու վրա: Բոլորն էլ հասկանում էին, որ միանշանակ առաջատար է Չինաստանը: Չինացի տանկիստները հիանալի ֆիզիկական պատրաստվածություն ունեին: Նրանց մարզում էր Չինաստանի օլիմպիական հավաքականի մարզիչներից մեկը: Նրանց հետ պարապմունքներն անցկացվում էին երկու ուղղվածությամբ՝ արագություն և դիմադրողականություն: Այսինքն՝ եթե նույնիսկ մենք չորրորդ տեղը պահպանեինք, միևնույն է, չինացիները առաջ էին անցնելու մեզանից և մեզ զրկելու էին եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Հարկավոր էր գոնե երրորդ տեղը գրավել: Այդպես էլ եղավ: Մինչ ֆիզպատրաստության ստուգման փուլը Բելառուսը երրորդ հորիզոնականում էր: Մենք առաջ անցանք նրանցից, և երբ Չինաստանը մեզանից առաջ անցավ, մենք չորրորդ տեղով անցանք եզրափակիչ: Ֆիզիկականը այնքանով էր հաջող մեզ համար, որ մեր մասնակիցներին վիճակահանությամբ բաժին ընկան այն մրցաձևերը, որոնցից ուժեղ էին անհատապես:

ՅՈՒՐԱ- Հատուկ ուզում եմ մեզ ուղեկցող սպաների մասին խոսել: Անչափ հոգատար և նվիրված վերաբերմունք են դրսևորել մեր նկատմամբ: Պատահել է, մենք գնացել ենք հաց ուտելու, իսկ նրանք մի քանի մեխանիկների հետ միասին մնացել են աշխատելու, որովհետև այդ տեխնիկան մյուս օրը պետք է դուրս գար շահագործման: Հենց նրանց շնորհիվ է, որ խափանումներ չենք ունեցել:

ԳԱԳԻԿ- Արդեն եզրափակիչում անչափ կարևոր դեր խաղաց մեր առաջին անձնակազմը: Ռուսներն ու չինացիները իրենց հզոր տանկերով պատրաստ էին բոլորից առաջ անցնելու, բայց մեր մեխանիկ Գագիկ Գևորգյանը կարողացավ առաջինը մեկնարկ վերցնել և հենց սկզբում մի քանի տասնյակ մետր առաջ ընկնել: Դա պայմանավորեց մեր մյուս անձնակազմերի հաջող ընթացքը էստաֆետում:

Երկրորդ և երրորդ անձնակազմերի շարժման ժամանակ տաքացուցիչը չի աշխատել: Նման դեպքերում արկը կրակելիս ծուխը միանգամից լցվում է ներս, ու սկսում ես խեղդվել: Դրանից կարելի է նաև ուշագնաց լինել: Ընթացքում չի թույլատրվում ելանցքը բացել: Ժամանակ խնայելու համար որոշեցինք չփոխել տանկը: Մեկս մյուսին ոգևորելով, ուժ տալով, հասել ենք եզրագծին: Անընդհատ իրար ասում էինք՝ դիմացե՛ք, տղե՛րք: Իհարկե, միայն այդ մի դրվագն է այսպես ասած փչացրել ողջ պատկերը: Մենք այնպիսի տանկ էինք ընտրել, որ հուսալի լինի, և այն մեզ հուսախաբ չարեց: Համեմատության համար նշեմ, որ մյուս բոլոր թիմերի տանկերն ընթացքում փչացել և փոխարինվել են: Մասնակցել են պահեստային անձնակազմերը: Միայն մեր պահեստային անձնակազմն է մնացել իր տեղում: Թեև այդպես ասելն էլ սխալ է, որովհետև տղաները ամբողջ ընթացքում զբաղվել են մասնակից տանկի տեխնիկական սպասարկման հարցերով, տեխնիկան նախապատրաստել են հաջորդ օրվա ելույթին, մի րոպե հանգիստ չեն ունեցել:

ԳԵՎՈՐԳ- Տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ենք շփվել: Սերբերը իրենց լավ, շատ մարդկային պահեցին, երբ մենք անցանք եզրափակիչ, մոտեցան և ջերմորեն շնորհավորեցին: Դե, նրանք կարգապահ, ծանրակշիռ անձնավորություններ էին: Երևի թե տարիքային տարբերությունն էլ էր խոսում, միջինը երեսունից բարձր տարիք ունեին: Հենց սերբերի հետ էլ մենք կիսեցինք հաղթական գավաթով շամպայն խմելու պահը: Ռուսներից Մարատ Խալիկովի հետ ենք մտերմացել, մի տեսակ հայավարի գալիս, ողջունում էր բոլորիս:

ՅՈՒՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՅՈՒՐԱ- Կարգապահության առումով որևէ խնդիր չենք ունեցել: Հպարտությամբ կրել ենք հայկական բանակի համազգեստը: Հատկապես հաճելի էր, երբ քաղաքացիական անձինք էին հիացմունքով արտահայտվում մեր մասին: Երեկոյան ժամերին ելումուտն ազատ էր, հանգիստ կարող էինք տարածքից դուրս գալ, ման գալ, զվարճանալ: Սակայն նախընտրել ենք մնալ ճամբարում, մի քանի ժամ ավելի մարզվել: Դա էլ տվեց իր արդյունքը:

ԳԵՎՈՐԳ- Չէինք սպասում, որ օդանավակայանում դիմավորումն այդքան տոնական կլինի, անձամբ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը կգան: Անչափ ոգևորիչ էր: Որ հիշում եմ նաև սովորական անցորդների ուրախ դեմքերը, տրամադրությունս միանգամից բարձրանում է: Ուրախալի է, որ դրանից հետո էլ ուշադրության այդ ալիքը, համընդհանուր ոգևորությունը չմարեց: Մեզանով անընդհատ հետաքրքրվում են, հարցազրույցներ են վերցնում, տարբեր համայնքներում միջոցառումներ են կազմակերպում: Նման բան յուրաքանչյուրի կյանքում հազվադեպ է պատահում: Սա իմ կյանքի ամենալուրջ հաջողություններից մեկն է: Վստահ կարող եմ ասել, որ այս տարվա մասնակիցներից շատերը համապատասխան առաջարկ ստանալու դեպքում նորից կմասնակցեն մյուս տարվա առաջնությանը, որը նախատեսվում է ավելի մեծ մասշտաբով անցկացնել: Յուրատեսակ ոգևորության մեջ ես ընկնում, երբ տեսնում ես, որ մյուսներից լավ կարող ես անել այն, ինչը քեզ հոգեհարազատ է, ինչի մասնագետն ես: Մյուս տարվա մրցույթից մոտ մեկ ամիս առաջ ես զորացրվելու եմ: Բայց, եթե ինձ հնարավորություն տրվի, հաստատ մեկ-երկու ամիս էլ ավելի կծառայեմ, որ մասնակցեմ աշխարհի հաջորդ առաջնությանը:

ՅՈՒՐԱ- Լրատվամիջոցները նշում են, որ ռուսները մեզանից առաջ են անցել ավելի քան հինգ րոպեով: Իրականում տարբերությունը այդքան մեծ չի եղել՝ ընդամենը մեկ րոպեից քիչ ավելի: Պարզապես մեր կողմից թիրախների խոցումը սկզբում չի հաշվարկվել: Մյուս տարի հաստատ հաշվի ենք առնելու նաև այս տարվա փորձը:

ԳԵՎՈՐԳ- Մեր հարազատները չէին պատկերացնում, որ մենք կարող ենք այսպիսի միջազգային մրցույթի մասնակցել: Ուրախությունից մայրս լաց էր լինում: Տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյան իմ ձեռքն է սեղմում, և հուզվում է: Հայրս արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Մրցույթի ընթացքում նա անընդհատ իմ կողքին էր, քաջալերում էր: Անչափ հպարտ եմ, որ կարողացա նրանց ուրախություն պարգևել, ինչպես և մեր մյուս տղաները իրենց ծնողներին:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ազգային բանակ


16/10/2014