Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ



Դարեր շարունակ բանակների սպառազինության մեջ իրենց հաստատուն տեղն ունեն հրետանային ստորաբաժանումները՝ դիվիզիոնները, մարտկոցները, հաշվարկները: Չնայած անցնող ժամանակի հետ ստեղծվում են հրանոթների, արկերի նոր տեսակներ, սակայն դրանից զենքի նշանակությունն ու հնարավորությունները չեն փոխվում: Հրետանին մնում է հակառակորդի պաշտպանական ամրությունները, կառույցները, մարտավարական նշանակության օբյեկտները, ՀՕՊ միջոցները, շարժական տեխնիկան ու կենդանի ուժը ոչնչացնելու հիմնական զենքը: Մեր բանակում առանձնապես տարանջատված չեն հրետանային և հրթիռային զորքերը, որոնք ղեկավարվում են նույն կառույցի (վարչության) կողմից, ինչի համար էլ հոկտեմբերի 19-ը ոչ միայն հրետանային, այլ նաև հրթիռային զորքերի տոնն է:

Լինելով բանակի հիմնական զորատեսակներից՝ հրետանային զորքերն առանձնահատուկ ուշադրության են արժանանում բանակի ղեկավարության կողմից: Զորամասերի հրամանատարները պետք է պարբերաբար ցույց տան և ապացուցեն, իսկ վարչության մասնագետներն էլ՝ ստուգեն և համոզվեն, որ մարտունակ են ու կարող են առաջադրված խնդիրը միանգամից կատարել կրակային դիրքում գտնվող բոլոր հաշվարկները:

Գնդապետ Արմեն Հարությունյանը կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարն է: Լինելով պահանջկոտ ու մշտապես ինքնապատրաստությամբ զբաղվող զինվորական, նա նույնը պահանջում է նաև անձնակազմից: Այս տարվա առաջին ուսումնական փուլի ընթացքում զորամասն անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում էր հրթիռահրետանային զորքերի վարչության և հրետանու պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Հրաձգություն կատարելու հնարավորություն ստացան և առաջադրված խնդիրները կատարեցին ՄՄ21 (Գրադ), 152մմ2Ա36 և Դ-20 դիվիզիոնների մարտկոցների գրեթե բոլոր հաշվարկները: Արդյունքում՝ զորամասն ստացավ «լավ» գնահատական:

Դրանից հետո փոխգնդապետ Հարություն Քեչիչյանի ղեկավարությամբ գործող 152մմ2Ա36 դիվիզիոնը «Ալագյազ» զորավարժարանում մասնակցեց ռուսական 102 ռազմակայանի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությանը և արժանացավ գործընկերների մասնագետների բարձր գնահատականին:

Ուսումնական երկրորդ փուլը գիտելիքների և հմտությունների ստուգման միջոցառումների քանակով չի զիջում առաջինին: Հենց վերջերս պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվեց զորավարժություն մարտկոցների կազմերով, որոնք ղեկավարվում էին դիվիզիոնների հրամանատարների կողմից: Նպատակը ոչ միայն մարտկոցների մարտունակության, գործողությունների ներդաշնակության կատարելագործումը, այլ նաև դիվիզիոնների հրամանատարների մարտավարական գիտելիքների ու փորձի հարստացումն էր:

Զորամասն այժմ էլ ճամբարային հավաքի մեջ է:

-Պարապմունքների ընթացքում հիմնական շեշտը դնում ենք ներդաշնակման կատարելագործման վրա,- ասում է գնդապետ Ա. Հարությունյանը,- ինչը կբարձրացնի համագործակցության մակարդակն ինչպես մարտկոցների, այնպես էլ համազորային ստորաբաժանումների հետ և առավել արդյունավետ կդարձնի մարտավարական և կրակային խնդիրների կատարումը: Բնականաբար այս դաշտային պարապմունքները նպաստում են ստորաբաժանումների հրամանատարների հմտությունների բարձրացմանը, որպես հրամանատարներ նրանց կայացմանը, ինչը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահանջներից է: Միջին օղակի, մարտկոցների հրամանատարների կայացման համար մենք կազմել և իրականացնում ենք 12 կետից կազմված միջոցառումների պլան, որը բավականին լավ արդյունք է տալիս:

Հավաքն ավարտվելու է առանց մարտական կրակի մարտավարական զորավարժության: Մինչև տարեվերջյան ամփոփիչ քննություններն ունենք ևս մի քանի կարևոր միջոցառումներ: Որպես հրամանատար՝ ես գոհ եմ զորամասում տարվող աշխատանքներից, ուսումնական գործընթացից՝ հրետանավորներից, հետախույզներից, ղեկավարման, ապահովման ստորաբաժանումներից, վարորդներից, զորամասի տեխնիկական ապահովումից, մատակարարումից… Պարզապես հարկավոր է ոչինչ աչքաթող չանել, աշխատել ու է՛լ ավելի կատարելագործվել:

Մարտավարական դաշտում հետևեցինք մայոր Վիգեն Մկրտչյանի Դ-20 և փոխգնդապետ Վախթանգ Մանուկյանի հրամանատարությամբ գործող ՄՄ-21 դիվիզիոնների պարապմունքների ընթացքին:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ազգային բանակ


16/10/2014