Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԿՐԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԽԱԼՎԵԼՈՒ…



Պատերազմից հետո ցանկացած պետություն դեռ երկար ժամանակ վերքերն է բուժում: Արդեն խաղաղ պայմաններում վերականգնվում են տնտեսական և արդյունաբերական ենթակառուցվածքները: Պատերազմական շրջանի դժվարություններն արագ մոռացվում են, հասարակությունն ամեն ինչ անում է բնականոն կյանքի վերադառնալու համար: Միայն մի հանգամանք է խանգարում գործընթացի լիարժեք իրագործմանը՝ մարտական գործողությունների թատերաբեմ դարձած, ինչպես նաև թիկունքային տարածքներում ականների և պայթուցիկ նյութերի առկայությունը: Ականները արագ տեղադրվում են, դժվարությամբ հայտնաբերվում և վնասազերծվում: Մարտական գործողությունների ավարտից տարիներ հետո էլ այդ ականները պայթում են, քաղաքացիական անձանց կյանքեր խլում կամ հաշմանդամ դարձնում: Գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը մնում է անմշակ՝ զրկելով գյուղացիներին ապրուստի միջոցներից:

Արցախյան պատերազմի տարիներին սահմանամերձ մարզերի տարածքների մեծ մասն ականապատվեց: Սկզբնապես ամեն ինչ արվում էր հախուռն կերպով, տարբեր ջոկատներ պաշտպանական տարբեր հատվածներում անկանոն ականներ էին տեղադրում՝ առանց համաձայնեցնելու մյուսների հետ: Շատ տեղերում բացակայում էին այդ ականապատ դաշտերի քարտեզները: Հետագայում, զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, ամեն ինչ կանոնակարգվեց, հստակեցվեց: Սակայն մինչ այժմ պարբերաբար լսում ենք այս կամ այն բնակավայրի մոտ պայթուցիկ միջոցի հայտնաբերման մասին: Համապատասխան վայրերում ականազերծման աշխատանքներ պարբերաբար տարվել են՝ չմոռանալով, որ հարևան պետության հետ փաստացի զինադադար է կնքված… Այնուամենայնիվ, ականազերծման հետ կապված խնդիրների լուծումը մինչ այժմ էլ արդիական է:

Ականազերծման աշխատանքների, դրանց նպատակների, առաջիկա ծրագրերի մասին պարզաբանումներ է ներկայացնում ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ԶԱԼՈՒՆՑԸ:

Մինչև 2011թ. ՀՀ տարածքում ականազերծման հետ կապված ծրագիր իրականացվում էր ՀՀ զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ջանքերով և միջոցներով: ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2002թ. կնքված համաձայնագրով ստեղծվեց ականազերծման կենտրոն: 2003թ. արդեն սկսվեցին բուն ականազերծման աշխատանքները հանրապետության տարբեր հատվածներում: 2006թ. գործընթացը որոշակիորեն դանդաղեց: Իսկ 2011թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ այն քաղաքացիական ուղղվածություն ստացավ և առավել խորը ուշադրության արժանացավ: Ականազերծման կենտրոնը ստացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Կառույցի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, լիազորված պետական մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այս տարի առաջին անգամ կենտրոնի մասնագետներն սկսել են աշխատել Halo Trust միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է Halo Trust-ը, «Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահսկում է գործընթացը, իսկ մեր խաղաղապահ ինժեներասակրավորային զորամասի զինծառայողները մյուսների հետ համատեղ անմիջականորեն իրականացնում են ականազերծման աշխատանքները: Իհարկե, նման համագործակցությունը խիստ դրական ազդեցություն է թողնում: Halo Trust-ը իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում այսպես, թե այնպես պետք է ավարտին հասցնի գործը: Նա կարող է դրսից մասնագետներ կանչել կամ իր աշխատողներին ներգրավել, բայց պարտավոր է սահմանված տարածքները ականազերծել: Քանի որ մեր բանակն ունի համապատասխան հնարավորություններ և ամեն ինչ անում է մեր ժողովրդի համար՝ որոշակի օժանդակություն ստանալով ավելի ակտիվ է ներգրավվում տվյալ ծրագրերում և ավելի արդյունավետ է կազմակերպում իր գործառույթները:

Այժմ ականազերծում է կատարվում Սյունիքի մարզում: Վերջերս ավարտեցինք Սրաշեն համայնքում աշխատանքները, մաքրված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը հանձնվեցին մարզպետին և համայնքի ղեկավարին: Մոտ 17 հազար քառակուսի մետր ականազերծվել է, կա ևս երկու գծանշված վտանգավոր տարածք:

Մեր կենտրոնում կազմակերպվել է պայմանագրային զինծառայողների ուսուցում, հետագայում նրանք ուղարկվել են մասնակցելու միջազգային տարբեր խաղաղարար գործողությունների՝ Իրաքում, ապա Աֆղանստանում: Բոլոր տեղերում մեր մասնագետներն իրենց լավագույն կողմերով են դրսևորել, արժանացել են խաղաղարար ուժերի հրամանատարության մասնագիտական ամենաբարձր գնահատականին: Բացի բուն ականազերծման աշխատանքներից, Բաղրամյան զորավարժարանում ցանկացած զորատեսակի ստորաբաժանումների զորավարժություններից հետո մնացած չպայթած զինամթերքը մենք ենք ոչնչացնում: Սպառազինության պահեստների՝ անվտանգ շահագործման համար ոչ պիտանի զինամթերքի ոչնչացման պատասխանատվությունը նույնպես մեզ վրա է: ՀՀ ամբողջ տարածքում պայթուցիկ նյութերի հետ կապված բոլոր ահազանգերին արձագանքում ենք մենք: Ամենաթարմ դեպքը վերջերս էր, երբ Բաղրամյանի շրջանում 120 մմ-անոց արկ էին հայտնաբերել: Մեր տղաները այն ապահով վնասազերծեցին: Սա մեր ծառայության «հակիրճ» նկարագրությունն է: Այդ ամենի հետ մեկտեղ զորամասի անձնակազմը կատարում է բանակային առօրյային առնչվող պարտականությունները:

Մեր զինծառայողը պատրաստվում է բանակում ընդունված սակրավորի ծրագրով: Զորամասում մշտական պարապմունքներ են ընթանում: Եթե սակրավորը անընդհատ չմարզվի, չկատարելագործի իր մասնագիտական գիտելիքները, չի կարողանա մարտական խնդիր կատարել, ընդ որում, միևնույն է, խաղաղ, թե պատերազմական իրավիճակում: Բացի ներզորամասային ամենօրյա պարապմունքներից, հետևում ենք ոլորտում միջազգային զարգացումներին, տարբեր նորամուծություններին: Թեև հիմնական նորամուծությունը կապված է միայն անվտանգության մակարդակի բարձրացման հետ: Արդյունավետ է համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ: Թե՛ մեզ մոտ, թե՛ այլ պետություններում մասնակցում ենք սեմինարների, մասնագիտական դասընթացների: Մեր զինծառայողները փորձում են առավելագույնը քաղել նման միջոցառումներից, ընդօրինակել արտասահմանյան լավագույն փորձը: Եթե մարդիկ գալիս են, ասում են, որ ա՛յ այսպես ավելի լավ կլինի ականազերծել, նշանակում է, այդպես ավելի անվտանգ է, դա ստուգված մեթոդ է, և մենք պետք է հետևենք այդ խորհուրդներին: Ուրիշ պետություններում միգուցե բանակը նման աշխատանքներ չի կատարում, բայց մեր բանակը ժողովրդինն է և համապատասխան գործառույթներ կիրառում է նաև խաղաղ ժամանակահատվածում: Մեր նախարարը միշտ ասում է՝ կապ չունի՝ ինչ է եղել, ով է պատասխանատու, մեր ժողովրդի համար է, պարտավոր ենք օգնել, և վե՛րջ: Նույնիսկ այն դեպքում, երբ այլ կառույցները նույնպես կարող են նմանատիպ աշխատանքներ իրականացնել: Մեզ դիմում են, մենք էլ օգնում ենք, կապ չունի՝ իրենք անում են, թե ոչ:

Ամեն տարի մինչև 30 հեկտար տարածք է մաքրվում: Աշխատանքները բարդացրել է այն հանգամանքը, որ ժամանակին այն տարածքները, ուր մարտական գործողություններ են ընթացել, ականազերծվել են ոչ մասնագետների կողմից և ոչ ամբողջական: Ժողովրդական լեզվով ասած՝ մի գործը երկուս են սարքել: Ականի կամ պայթուցիկ որևէ սարքի հավանական առկայությունը որոշվում է մի քանի ճանապարհով: Նախ, աշխատանքները կատարվում են մարտական գործողությունների թատերաբեմ դարձած շրջաններում: Բնակչությունն է ահազանգում, որ տվյալ տարածքը չի մշակվում, քանի որ այստեղ ժամանակին դեպք է գրանցվել, և մինչև հիմա մարդիկ զգուշանում են այդտեղ ոտք դնել: Պատահում է, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հողի տակից զինամթերք է դուրս գալիս և այլն: Ամենից առաջ կրկին հետախուզական աշխատանքներ են կատարվում, ճշգրտվում են ականապատ տարածքները, դրանցից առավել վտանգավորները և, համապատասխանաբար, ականազերծման հաջորդականությունը: Քարտեզները կազմում է «Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ապա հստակ որոշում է ընդունվում հետագա գործողությունների վերաբերյալ: Բոլոր դեպքերում մենք միանգամից արձագանքում ենք կանչերին, առանձնացնում ենք վտանգավոր տարածքները, անհրաժեշտ ցուցումներ ստանալուց հետո սկսում ենք ականազերծումը:

Տարածքները համատարած ուսումնասիրվում են, մեր սակրավորները առաջ են գնում սանտիմետր առ սանտիմետր: Այնպես չէ, որ մեկ ական հայտնաբերելու դեպքում մենք հանգստանում ենք և առաջ անցնում: Այդ դեպքում հարակից բոլոր տարածքները մանրակրկիտ զննվում են: Միգուցե, մի քանի հեկտար շառավղով որևէ վտանգավոր իր չհայտնաբերենք, բայց մենք պարտավոր ենք ուսումնասիրել և անվտանգ դարձնել տվյալ տարածքը:

Բավական բարդ գործընթաց է ականազերծումը, որևէ արտոնություն նախատեսված չէ: Վտանգավորությունից բացի, հանդերձանքը ծանր է, հատկապես նեղում է դեմքը պաշտպանող սաղավարտը, որ փակում է թարմ օդի մուտքը: Սակայն պարզ է, որ առանց դրա հնարավոր չէ:

Աշխարհում տարբեր տեսակի պաշտպանիչ հանդերձանք է կիրառվում: Այժմ մեզ մոտ օգտագործվում է 8 կգ քաշով հանդերձանք: Այն հուսալի է, ապահովում է սակրավորի պաշտպանությունը ծանրագույն վիրավորումներից: Ամենակարևորը՝ կյանք է փրկում: Հատուկ տեխնիկա ունենք այնպիսի տեղամասերում աշխատելու համար, ուր հնարավոր չէ ականազերծումն իրականացնել սովորական ճանապարհով: Այդպիսի դեպքերում, երբ հնարավոր է նաև ծուղակ-ական կամ կրկնակի ական տեղադրված լինի, այսպես կոչված, կատվաճանկերի օգնությանն էլ ենք դիմում: Հեռվից նետում ենք այն, ճանկերով բռնում ականի ծայրից, քաշում և պայթեցնում:

Սակրավորի համար բոլոր դեպքերն էլ յուրահատուկ են: Միայն առաջին դեպքն է երևի առավել հիշվող: Լավ հիշում եմ իմ առաջին «փորձությունը» որպես հրամանատար: Ահազանգ եղավ, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալում ռումբ է տեղադրված: Հոսպիտալի ամբողջ անձնակազմը տարհանվեց, դուրս բերեցին հիվանդներին: Ճիշտն ասած, այդ օրն էլ մեր կոլեկտիվով որոշել էինք հավաքվել, մի քիչ ուրախանալ. սեպտեմբերի 21 էր, Անկախության տոնը: Նոր էինք հասել «նշանակման վայր», երբ զանգեցին կանչեցին: Մի մասը մնաց այնտեղ, մյուս մասը շտապեց դեպքի վայր: Այդպես էլ այդ օրը ոչ մի հավաքույթ տեղի չունեցավ, սակայն որևէ մեկը չէր տխրել. կարևորը մեր զինծառայողներին ապահովագրելու համար ամեն ինչ արեցինք:

Պաշտպանության նախարարը խորհրդակցությունների ժամանակ առաջին հերթին խոսում է անվտանգության ապահովման, ինժեներական կառույցների կատարելագործման մասին: Դեպքերի նվազեցման համար մշտապես աշխատանքներ են իրականացվում: Սրանք ամպագոռգոռ բառեր չեն, այլ իրականության արտացոլում: Ամեն օր, ամեն ժամ ճանապարհներ են կառուցվում, ինժեներական առումով դիրքեր են ամրապնդվում, կրակակետերն են կատարելագործվում: Եթե դեպքը կատարվել է աշխատանքի ընթացքում, ապա դա անզգուշություն է, նաև ոչ ճիշտ ղեկավարման արդյունք է: Եթե դիրքից առաջ է անցել զինծառայողը, և դեպք է պատահել, դա արդեն նաև հրամանների ոչ ճիշտ կատարում է: Միանշանակ կարող եմ փաստել, որ տարիների ընթացքում զինված ուժերում ականների վրա պայթելու դեպքերը էականորեն նվազել են:

Հայտնի թևավոր դարձած խոսք կա՝ սակրավորը մեկ անգամ է սխալվում: Կատակասերները այն ձևափոխել են հետևյալ կերպ՝ սակրավորը սխալվում է երկու անգամ, առաջին անգամ, երբ ընտրում է այդ մասնագիտությունը, երկրորդ անգամ, երբ պայթում է ականի վրա: Իսկ մեր զորամասում ասում են՝ սակրավորը իրավունք չունի սխալվելու, մենք չենք սխալվելու, այդ տրամադրվածությամբ էլ անցնում ենք ծառայության հանուն մեր բնակչության խաղաղ և ապահով կյանքի:

♦♦♦

Ականը ինժեներական զինամթերք է, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ռազմական ճանապարհները և այլ ենթակառուցվածքները ոչնչացնելու, ինչպես նաև հակառակորդի զորքերի առաջխաղացումը կասեցնելու, խոչընդոտելու նպատակով ցամաքային և ծովային պայթյունային արգելափակոցներ ստեղծելու համար: Ականները լինում են հիմնական և հատուկ: Հիմնական ականներն իրենց հերթին լինում են ծովային և ցամաքային: Ցամաքային ականները հակատանկային և հակահետևակային են: Առաջին խումբը զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար է, իսկ երկրորդը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը վնասելու, ոչնչացնելու համար: Ուղղորդված և շրջագծային գործողության սովորական ականներից բացի, լինում են նաև հատուկ ականներ դիվերսիոն նպատակների համար: Դրանք կարող են արտաքուստ նման լինել կենցաղային որևէ առարկայի, տեղադրվել մեկ այլ առարկայի հետ և գործի դրվել այդ առարկան տեղաշարժելու հետ մեկտեղ: Լինում են նաև ազդանշանային ականներ նախազգուշացման համար: Ականները կարող են տեղադրվել ականադաշտերի տեսքով, ինչպես նաև առանձին կոնկրետ օբյեկտի ականապատման համար:

♦♦♦

Ականազերծման աշխատանքները տարբեր աստիճանի վերահսկողության տակ են գտնվում: Դրանց պարբերաբար հետևում է ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը: Ականազերծման կենտրոնի հետ կապված հարցերը նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հսկողության ներքո են: Դեսպան Ջոն Հեֆերնին և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին տարբեր այցերի ընթացքում ներկայացվել է տվյալ տարածաշրջանում ականային վտանգների, դրանց մասին հանրային իրազեկման մեխանիզմների, ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող միջազգային ծրագրի շրջանակներում Սրաշեն համայնքում հայտնաբերված առաջին ականի պայթեցումն իրականացվեց Դավիթ Տոնոյանի և Ջոն Հեֆերնի կողմից՝ ի նշան արդյունավետ համագործակցության և աշխատանքների շարունակականության ապահովման:

♦♦♦

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը կառավարության 2011թ. որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Գործընթացն իրականացվել է մարդու կյանքի և առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության գծով պաշտպանական ոլորտին առնչվող ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: Իր գոյության ընթացքում կենտրոնն իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Հեղինակավոր մասնագետների կողմից վերապատրաստվել և միջազգային որակավորում են ստացել շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը հետագայում մասնակցել է միջազգային առաքելությունների: Կենտրոնի գործունեության հիմքում ՀՀ տարածքի ականազերծումն է, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը: «ՀԱՓԿ»-ը նաև մասնակցում է ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի՝ ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների և այլ վնասակար նյութերի ուտիլիզացմանը և ոչնչացմանը: Կազմակերպության աշխատանքի նպատակը ականների պայթյունից խաղաղ բնակիչների զոհվելու հավանականության բացառումն է: Այն տրամադրում է նաև գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայություններ, անցկացնում է մասնագիտական դասընթացներ:

♦♦♦

Halo Trust-ը բրիտանաամերիկյան բարեգործական, հասարակական կազմակերպություն է, որն արդեն քսանվեց տարի մասնագիտացած է պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Կազմակերպությունն ունի ավելի քան 8000 աշխատակից տարբեր պետություններում: Այս տարիների ընթացքում կազմակերպության մասնագետները երկրագնդի առավել վտանգավոր համարվող հատվածներում ոչնչացրել են ավելի քան 1,5 միլիոն ական, 11 միլիոն խոշոր տրամաչափի զինամթերք, շուրջ վեց տասնյակ միլիոն փամփուշտ: Ավելի քան 36000 հեկտար մաքրվել է միայն ականներից, 146 000 հեկտար՝ ականներից և արկերից: Ընդհանուր առմամբ՝ միայն մաքրված ականադաշտերի թիվը կազմում է մոտ 11 000:

Halo Trust-ը աշխատում է 16 պետության տարածքում՝ Ասիայում, Աֆրիկայում, Բալկաններում և այլն, իր մասնագետների աշխատանքին զուգահեռ ուսուցանում է նաև տեղացի մասնագետների:

♦♦♦

Halo Trust-ի մասնագետների նախնական հաշվարկներով՝ մոտ 20 տարի դեռ ականազերծման աշխատանքներ կան իրականացնելու Հայաստանի տարածքում:

♦♦♦

Ականազերծումը ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Մեկ հեկտար տարածքը ականազերծելու համար սակրավորների խմբին հարկավոր է մոտ չորս ամիս: Մեկ սակրավորը օրական միջինը քսան քառակուսի մետր տարածք է մաքրում: Ավելին պարզապես չի կարող: Եվ դա այն դեպքում, երբ ութժամյա պարտադիր գրաֆիկով աշխատելիս նա ընդամենը ժամը մեկ 5 րոպե ընդմիջում է անում։

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/10/2014