Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՈՍԿԵ ՁԵՌՔԵՐՈՎ ՏՂԱ



Գևորգ Համբարձումյան՝ նկարիչ, քանդակագործ, խեցեգործ, բանաստեղծ: Հեղինակն է «Էրեբունի- 1», «Էրեբունի -2» հյուրանոցների, Իջևանում «Աշոտ Երկաթ» իջևանատան ձևավորման, Ապարանի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, բազմաթիվ խաչքարերի, մանրանկարների: Նրա բազմաթիվ յուղաներկ ու գրաֆիկական աշխատանքներ ցուցադրվել են հանրապետության տարբեր ցուցասրահներում, նաև դրսում` Կրասնոդարում, Արմավիրում: Խեցեգործական մի շարք աշխատանքներ Մոսկվայում արժանացել են մրցանակի:

-Փա՛ռք Աստծո, ես էլ արժանացա այս սուրբ գործին,- ասել է Գևորգը, երբ կարդացել է տուն բերած ծանուցագիրը:

Եվ 36-ամյա արվեստագետը գրիչը, վրձինը, մուրճը փոխարինել է զենքով: «Սիրելի՛ս,- գրել է կնոջը՝ Սուսաննային,- մենք մեր երկիրն ենք պաշտպանում, մեր տունը, մեր ընտանիքը և պիտի շատ մեծ նվիրումով ու սիրով այդ անենք, ոչ թե կիսատ-պռատ: Երկրի պաշտպանությունը սրբազան գործ է, մեծ գործ: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ այս առիթը ներկայացավ, և մի՞թե Աստված չի գրում մարդու ճակատագիրը»: Տիկին Սուսաննան ամուսնու անունն արտաբերելիս հուզվում է… Գևորգից մնացած մի ամբողջ գրապահոց նամակներ է պահում տիկին Սուսաննան: Անափ հպարտություն ես ապրում, երբ տեսնում ես, զգում, թե ինչ գորովանքով է հայուհին պահում-պահպանում իր Սերը: Այդ նամակներում հայրենասիրությունը, նվիրվածությունը, կարոտը հորդում են այնպես, ինչպես կհոսեր տեղատարափից հետո վարարած գետը, և այնպես նուրբ են, ինչպես վաղ առավոտյան ցողը ծաղկաթերթերին:

-Երբ Գևորգը մեկնեց Արցախ,- պատմում է տիկին Սուսաննան,- Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու մանրակերտն իր 1000 զարդաքանդակներով անավարտ էր: Գևորգի զոհվելուց հետո, երբ փորձեցի ավարտին հասցնել այդ աշխատանքը, զգացի նրա ներկայությունը: Իր անտես ձեռքով նա բռնում էր ձեռքս, ու մաս-մաս պատկերվում էին եկեղեցու զարդաքանդակները:

Գևորգի բանաստեղծություններում, գեղանկարներում իշխողը բարությունն է, լույսը.

-Եվ երանի թե ես այնպես լինեի,

Ինչպես որ կա ջերմությունը, լույսը,

Եվ ամեն ինչ, որ թվում է՝ չկա, բայց կա…

Մարտնչող Գևորգ որդուն մայրը՝ տիկին Վարյան, գրել է. «Հպարտանում ենք, զավա՛կս, որ մեր որդին սուրբ գործի համար է ծառայում: Աստված մեծ է, բալա՛, թող քո և մեր հավատքը քեզ առաջնորդի դեպի լիակատար հաղթանակ: Անփորձանք վերադառնաս, իմ ոսկե ձեռքերով բալա: Ախ, եթե բոլորը քեզ նման մտածեին, հիմա վաղուց ամեն ինչ իր հունով կգնար, իմ ոսկե ձեռքերով տղա»:

Գ.ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Պատմության էջերից


23/10/2014