Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄՐԱԿՈՒՌ ՎԱՀԱՆԸ



Մայր-ընտանիք-հայրենիք սրբությունը լրացումն է մեկմեկու: Հայրենիքի սերը սնուցվում է մոր կաթով, ձևավորում մարդ անհատի ներաշխարհը: Ամուր ընտանիքը պետության վեմն է: Անհատի քայլերն ընտանիքում հասունանում, այնուհետև իրենց դիրքն են հաստատում հասարակության մեջ: Ասված է. «Սերմնացանը ժամանակին իր ցանքսի պտուղն է քաղում»:

Հայրենասիրությունը բարության, ազգային դաստիարակության և ավանդապաշտության պտուղ է: Նախկինում, երբ ընտանիքում արու զավակ էր ծնվում, մեծ տոնախմբություն էր, որովհետև նա վաղվա զինվորն էր՝ հայրենիքի պաշտպանը: Ժառանգաբար կրում էր հայրական տան սուրն ու դաշույնը: Ժամանակները չեն փոխվել, այլ պարբերաբար կրկնվում են: Փոխվել է միայն մարտավարական սկզբունքը:

Հնուց ի վեր դարերն իրենց մեջ պահպանում են հիշողությունն անցյալի: Նրանք մասունքն են մեր գոյության, մեր նախնիների ազատագրական ոգու «կարմիր» արձագանքը: Մեր օրերում շոշափելի դարձավ լինել-չլինելու խնդիրը: Ավելի իմաստավորվեց իրականությունը: Հայկ Նահապետի, Գևորգ Չաուշի ու Անդրանիկի ճերմակ նժույգները թափ առան Մասիս սարի ու Մռավ լեռան լանջերից, ուր խեղդվում էր արդարության ձայնը, և նրանց սլացքը պսակվեց հաղթանակով: Արցախը հաստատեց իր իրավունքը. և այն ազգային բանակի դեմքն ունի: Հայաստանը ծածանեց անկախության անվեհեր դրոշը: Այսօր հայոց բանակի հիմքը կերտող «Երկրապահ» կամավորականների հետնորդները քաջ գիտակցում և գնահատում են մեր հայրերի, եղբայրների գործի մեծությունն ու սխրանքը:

Հայ զինվորը հայոց բանակի սյունն է. խաղաղությունն ու հաղթանակը ամփոփված են նրա հզոր բազուկներում: Հայացքը հառած հակառակորդի դիրքերին, նա արթուն հսկում է մեր անկախ պետականության սահմանը: Եվ ժամանակավոր հրադադարի պայմաններում քիչ չեն եղել հակառակորդի կողմից սահմանի խախտում, մարտ, գրոհ: Ամեն դեպքում էլ մեր զինվորները պատվով են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները..

Այսօր սահմանամերձ գոտում գյուղացին իր հողն է հերկում, ուսուցիչը՝ դասավանդում: Արծվակուռ են հայ զինվորները: Նրանց ոտնահետքերը հողն է գուրգուրում մայրաբար:

Հայ զինվորի կուրծքը ամրակուռ վահան է հայրենիքի սահմանին:

Հավատ, ուժ, կորով քեզ, հա՛յ զինվոր:

ԱՆԺԵԼԱ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

(Ջրաբերդցի)

ազատամարտիկ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Բանակ և հասարակություն


23/10/2014