ՈՒԼԻ ՎԵԳՆԵՐ. «ՈՉ ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԻ ՀԻՆ ՉԷ, ՔԱՆ ԵՐԵԿՎԱ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
«Այս խոսքերը ոսկի են եւ մեկընդմիշտ դաջվել են իմ հոգում: Ես միշտ առաջ եմ նայում եւ աշխատում եմ երեկվա ձեռքբերումս մոռանալ»:
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ
Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում մեր հայրենակից Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց կիսամիջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական իր տիտղոսը:
Եվ համարյա ինչպես միշտ, հերթական հաղթանակից հետո, նա կրկին հայրենիքում է` մի փոքր շունչ առնելու, հանգստանալու և… իր «Լավագույն բարեկամին»՝ «Հայ զինվորին» հարցազրույց տալու համար:
-Հարգելի՛ Արթուր, դու տարար 40-րդ հաղթանակդ պրոֆեսիոնալ ռինգում: Իսկ 40-ը, գիտես անշուշտ, որ խորհրդանշական թիվ է: Հեքիաթներում քառասունից հետո արդեն 1000-ն է գալիս. կա՛մ պետք է հազարին ձգտես, կա՛մ էլ ամեն ինչ սկսես նորից…
-Սամվե՛լ ջան, քո ասածը ինձ իմ մարզիչի` Ուլի Վեգների մի թևավոր խոսքը հիշեցրեց. նա սիրում է կրկնել` «Ոչ մի բան այնքան հին չէ, ինչքան երեկվա հաղթանակը»: Նա փորձառու մարդ է և լավ գիտե աշխարհի օրենքը` եթե երեկվա հաղթանակով բավարարվեցիր, ուրեմն` վաղը հաստատ պարտվելու ես… Նրա այդ խոսքերը ոսկի են և մեկընդմիշտ դաջվել են իմ հոգում: Ես միշտ առաջ եմ նայում և աշխատում եմ երեկվա ձեռքբերումս մոռանալ… Ուրեմն` առաջ:
-Կարծես ավանդույթ ես դարձրել հաղթանակդ հայրենակիցներիդ հետ նշելը:
-Միայն հայրենիքում է ամբողջական, լիարժեք դառնում իմ ուրախությունը:
-Այս անգամ էլ քո հերթական հաղթանակից հետո ամերիկյան մարզական լրատվամիջոցները սևեռվեցին քեզ վրա. Եվրոպայում քո հաղթանակները կարծես հանգիստ չեն տալիս նրանց և ուզում են քեզ նորից ամերիկյան ռինգում տեսնել:
-Իմ թիմը, գլխավոր մարզիչս, ես բազմիցս հայտարարել ենք, որ ովքեր ուզում են ինձ հետ մենամարտել, թող գան Գերմանիա: Ովքեր ուզում են ինձ հետ մենամարտել, թող գան Եվրոպա: Շատ մարդիկ շատ բան են ուզում և այդ ինձ բոլորովին չի հետաքրքրում: Իհարկե, Ամերիկա էլ կգնանք և գնացել ենք, մի քանի անգամ այնտեղ մենամարտել եմ: Գիտեք, ես այնքան էլ չեմ սիրում Ամերիկան, որովհետև, երբ այստեղ արթուն ենք, այնտեղ քնած ենք: (Ծիծաղում է): Մի քիչ անսովոր է: Ինչպես ասում են` միշտ պատրաստ ենք մենամարտելու և ոչ մեկից չենք փախչում:
-Ճի՞շտ է, որ Փոլ Սմիթը դժգոհություն է հայտնել մրցամարտի արդյունքից` մեղադրելով մրցավարներին իր հաղթանակը գողանալու մեջ: Ասում են` ռևանշ մենամարտ է պահանջում:
-Նախ ասեմ, որ նա չի կարող ռևանշ մենամարտ պահանջել: Այդ իրավունքը վերապահված է միայն աշխարհի չեմպիոններին: Փոլը ասել է, որ մրցավարները երկու միավոր ինձ շատ են տվել: Լավ, երկու միավոր էլ թող հանեն, միևնույն է, հաշիվն էլի՛ իմ օգտին է: Սա ավելի շատ դերասանություն է:
-Արթո՛ւր, տասնմեկ տարի պրոֆեսիոնալ ռինգում ես, անցկացրել ես քառասուն մենամարտ, հետաքրքիր է իմանալ` քեզ համար այդ մենամարտերից որո՞նք են ամենից դիտարժանն ու հիշարժանը:
-Ամենից դիտարժանը պրոֆեսիոնալ ռինգում իմ նորամուտի մենամարտն էր, որը տեղի ունեցավ 2003 թվականի օգոստոսի 16-ին, և այն ես երբեք չեմ մոռանա: Ամենահիշարժանն էլ 2005 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացրած մենամարտն էր, երբ ես առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն:
-Իսկ հանդիսատեսի՞ համար:
-Հավանաբար, երբ երկու տեղից կոտրված ծնոտով հաղթեցի կոլումբիացի Էդիսոն Միրանդային: Հանդիսատեսի համար նման դրամատիկ պահերով մենամարտերն են հետաքրքիր:
-Ի դեպ, ինչպե՞ս դասավորվեց կոլումբիացու ճակատագիրը: Քո երկու հաղթանակներից հետո նա կարծես գետնի տակն անցավ:
-Ես երկար ժամանակ նրանից լուր չունեմ: Իմացել եմ, որ մի քանի մենամարտ է անցկացրել, իհարկե, ոչ համաշխարհային նշանակության: Այսքանը կարող եմ ասել:
-Լսել եմ, որ Միրանդայի հետ մենամարտում դու շատ արյուն ես կորցրել…
-Այո՛, երկու լիտր:
-Հետաքրքիր է իմանալ, թե մենամարտից առաջ ի՞նչ են խոսում բռնցքամարտիկները` իրար դեմ դիմաց աքլորավարի կանգնած:
-(Ծիծաղում է): Տարբեր բաներ: Տարբեր մարզիկներ տարբեր վարքագիծ են դրսևորում: Եթե մեծաբերան են` մեծ-մեծ են խոսում, բայց, երբ ռինգում մի լավ ծեծ են ուտում` սսկվում են: Մամուլի ասուլիսի ժամանակ էլ, երբ հարցնում են` բա ի՞նչ եղան հակառակորդին ջարդելու, նոկաուտ անելու, ոչնչացնելու խոստումները, գլխիկոր նստում ու լռում են: Հայերս լավ խոսք ունենք` «Առուն թռի, նոր ասա` հոպ»: Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս նման վարքագիծ դրսևորել, իսկ, օրինակ՝ ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, սիրում են հոխորտալ:
-Արթո՛ւր, դու գրեթե բոլոր քո մենամարտերը մի տեսակ զգուշությամբ ես սկսում և մինչև աշխուժանալդ, մենք` երկրպագուներս, կես մարդ ենք դառնում… Դա տակտիկական քա՞յլ է, մշակված մարտավարությու՞ն, թե՞…
-Ես փորձում եմ սկզբում շատ հանգիստ մենամարտել, մրցակցիս ուժեղ ու թույլ կողմերը տեսնել, նրան տակտիկապես կոտրել: Պաշտպանվելով` հակառակորդիս սխալներն եմ զննում, քննում, հետո նոր անցնում հարձակման: Իհարկե, ոչ բոլոր բռնցքամարտիկների հետ կարող ես նման ոճով, ձեռագրով մենամարտել:
-Առաջիկայում սպասվում է Ռոբերտ Շտիգլիցի և Ֆելիքս Շտուրմի մենամարտը: Հավանական համարու՞մ ես ռինգում քո հանդիպումը այդ զույգի հաղթողի հետ:
-Եթե հիշում ես, ես Շտիգլիցի հետ երեք անգամ մենամարտել եմ, երկուսում հաղթել եմ, իսկ մեկում էլ` պարտվել, այն էլ աչքիս վնասվածքի պատճառով: Չլիներ այդ վնասվածքը, նա ինձ հաստատ չէր հաղթի: Բայց, ինչպես ասում են, եղածը եղած է: Ես կնախընտրեի մենամատել Ֆելիքս Շտուրմի հետ:
-Ինչո՞ւ:
-Գերմանացի երկրպագուները հենց այս մենամարտն են ուզում տեսնել: Նրանք ավելի շատ այս մենամարտին են սպասում: Ի դեպ, այս մենամարտի հաղթողը դառնում է պարտադիր հավակնորդ, և WBO-ի որոշմամբ՝ կարող է մենամարտել ինձ հետ:
-Ինձ համար եւ շատ շատերի համար զարմանալի թվաց, երբ իմացանք, որ քո մարզիչը` հանրահայտ Ուլի Վեգները, այսքան տարիների ընթացքում և այսքան հաղթանակներից հետո քեզ առաջին անգամ համբուրեց բրիտանացուն հաղթելուց հետո միայն…
-(Ժպտում է): Գիտես, նա առհասարակ չի սիրում համբուրել: Ասում է` դա տղամարդու բան չէ: Նա ինձ համբուրեց մի բանի` մինչև վերջ իր ուզած տակտիկայով մենամարտելու համար: Այս տասնմեկ տարիների ընթացքում նա երբևէ բարձրաձայն չի գովել ինձ: Գուցե իր մեջ, մտքում գովեստի ու խրախուսանքի շատ ու շատ ջերմ խոսքեր է ասել, բայց հավատացնում եմ` երբեք բարձրաձայն չի գովաբանել:
-Շատ բնութագրիչ խոսքեր ասացիր մարզիչիդ մասին…
-Հրաշալի, ազնիվ ու արդարամիտ մարդ է, որին պարտական եմ իմ բոլոր հաջողությունների համար: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ գիտակ: Մի բան ասեմ, գուցե չհավատաք, յոթանասուներկու տարեկան է Ուլի Վեգները, շատ բան տեսած մարդ, իսկական արիացի, բայց, որ ասես՝ գնա՛, բանկոմատից գումար հանի՛ր, չի կարող: Նրա համար նյութականը երբևէ էական դեր չի խաղացել: Նա սպորտի իսկական, ճշմարիտ նվիրյալ է:
-Արթո՛ւր, դու բացառիկ ֆիզիկական տվյալներ ունես. ես մասնագետների կարծիքն եմ ասում: Քո տվյալներով մարզիկները մինչև քառասուն և նույնիսկ անց ռինգից չեն հեռանում…
-Իհարկե, չէի ցանկանա մինչև քառասուն տարեկանս ռինգում մնալ:
-Ուզո՞ւմ ես ռինգը հաղթանակած թողնել:
-Մարզիկի գլխավոր նպատակը հաղթանակն է:
-Եթե այդպես է, ուրեմն՝ դու մտածում ես աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալու մասին:
-Նման մտադրություն ունեմ: Մյուս գոտիների տիրակալներն էլ պետք է ցանկություն հայտնեն: Եվ ամենակարևորը` նրանց պրոումոթորները պետք է ցանկանան, որ նման հանդիպումներ լինեն: Գիտեք, այստեղ մի նրբություն էլ կա: Բոլորն էլ ունեն պայմանագրեր այս կամ այն հանրահայտ հեռուստաընկերությունների հետ, որտեղից մեծ հոնորարներ են ստանում: Աստված մի արասցե, պարտվելու դեպքում մարզիկը կկորցնի մեծ գումարներ, իսկ կորցրածը ետ բերել սպորտում, պրոֆեսիոնալ բռնցքամարտում` առավել ևս, շատ դժվար է:
-Գերմանիայում բնակվող, այնտեղի ակումբներում հանդես եկող հանրահայտ, ինչու չէ՝ աշխարհահռչակ մարզիկներ ունենք. Լևոն Արոնյան, Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Սյուզի Քենթիկյան, Արայիկ Գևորգյան… Հանդիպում, շփվո՞ւմ եք նրանց հետ:
-Եթե ժամանակը ներում է, հանդիպում ենք, եթե՝ ոչ, հեռախոսով ենք հաղորդակցվում: Այնպես չէ, որ մեկս մյուսից տեղյակ չենք: Բոլորս էլ զբաղված ենք, տարվա կեսից ավելին հավաքների մեջ ենք: Ջերմ հարաբերություններ ենք պահպանում, այլ կերպ չի էլ կարող լինել: Բոլորիս սրտում մեր Հայրենիքն է` Հայաստանը:
-Հավաստի՞ են լուրերը, որ դու մտադիր ես բռնցքամարտի մասնագիտական մարզադպրոց կառուցել:
-Այո՛: Տարածքը վերցված է, Ներքին Չարբախում է, պարզապես առայժմ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում զբաղվել մարզադպրոցի կառուցման գործով: Մոտ ապագայում վստահ եմ՝ այս երազանքս ևս իրականություն կդառնա:
-Սիրելի՛ Արթուր, «Հայ զինվոր»-ը մեկ անգամ չէ, որ գրել է քո ձեռքբերումների ու նվաճումների մասին, և դու միշտ էլ քո ջերմ խոսքերով սատարել ես հայ զինվորին ու սպային, հաղթանակած մեր բանակին:
-Հայկական բանակը մեր հպարտությունն է: Ես միշտ էլ պատեհ առիթների դեպքում կրկնում եմ մեր երկրի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի խոսքերը, որ սահմանում կանգնած հայ զինվորի ամեն մի օրը հերոսություն է: Խնդրում եմ «Հայ զինվոր» թերթի միջոցով իմ ջերմագին բարևները հաղորդեք մեր հայրենիքի պաշտպաններին:
-Եվ ամենավերջին հարցս. ի՞նչ է հարկավոր աշխարհի չեմպիոն դառնալու համար:
-Աշխատասիրություն և տաղանդ:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում