ՕՊԵՐԱՆ ԲԱՆԱԿ ԳՆԱՑ
Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 15-17-ը մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները ելույթներով հանդես եկան Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերում: Նախաձեռնությունը պատկանում էր օպերային թատրոնի տնօրինությանը եւ «Տիգրան Դավթյան և ընկերներ» խմբին: Համերգները ղեկավարում էր օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Նշենք, որ թեև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն առաջին անգամ էին ելույթներ ունենում զորամասերում, սակայն մտադիր են այն շարունակական դարձնել:
-Զինվորն իր պարտքն է կատարում` մեզ անվտանգ, պաշտպանված եւ ամուր հայրենիք նվիրելով, մենք էլ որոշեցինք մեր պարտքը կատարել զինվորի առջեւ: Մեր նպատակն էր զինվորներին ոգևորել, նրանց հաղորդակից դարձնել հայկական եւ համաշխարհային դասական երաժշտությանը: Երգը, երաժշտությունը, արվեստն ընդհանրապես հզոր միջոց է, որը դրական ազդեցություն է թողնում մարդու ներաշխարհի վրա, է՛լ ավելի է բարձրացնում, կատարելագործում, ազնվացնում: Այսինքն` արվեստն էլ զենք է, միայն թե պետք է այն ճիշտ օգտագործել: Մենք էլ մեր «զենքով» գնացինք սահմանին կանգնած զինվորին քաջալերելու, է՛լ ավելի բարձրացնելու նրա մարտական ոգին ու նաեւ ասելու` ձեր թիկունքն ամուր է, տղե՛րք…
Կարծում եմ՝ օպերային թատրոնը իր «մարտական առաջադրանքը» գերազանց կատարեց և վերադարձավ` անչափ տպավորված իր տեսածով, իր զգացածով: Մենք տեսանք հզոր բանակ, մենք տեսանք հզոր հրամանատարներ, մենք տեսանք սահմանին կանգնած հզոր զինվորների… Երանի~ մեր պետության բոլոր կառույցները նման լինեին բանակին… Ուզում ենք շնորհակալական խոսքեր ասել պաշտպանության նախարարությանը ու մեր այցելած զորամասերի ամբողջ անձնակազմին ջերմ ընդունելության համար:
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ
օպերային թատրոնի ադմինիստրատոր
Բավականին հետաքրքիր և հաճելի էր ելույթ ունենալ զինվորական լսարանի առջև: Լինելով տարբեր սահմանամերձ զորամասերում, կատարեցինք տարբեր ոճի ստեղծագործություններ, Մեծն Կոմիտասից մինչև Կարլոս Գարդել: Իմ կարծիքով՝ զինվորներին հաճելի էր ունկնդրել մեզ, որովհետև ոչ հաճախ են լինում այսպիսի նախագծեր: Իսկ մեզ համար շատ կարևոր էր` մեր մատուցած երաժշտությամբ հաճելի դարձնել զինվորի մի քանի ժամը: Այս նախագծի կարևորությունն այն է, որ ծառայության երկու տարում հայ զինվորը հաղորդակցվի մշակույթին, կամ մշակույթը լինի նրա կողքին:
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նվագախմբի փոխկոնցերտմայստեր
Շատ տպավորիչ եւ հուզումնալից էր ինձ համար` ելույթ ունենալ եւ փորձել ջերմացնել իմ զինակից ընկերների սրտերը եւ քաջալերել նրանց հոգիները: Զինակից եմ ասում, որովհետեւ ես ինքս էլ եմ ծառայել ՀՀ զինված ուժերում, որի համար հպարտ եմ: Անչափ հուզված էի, երբ կրկին անգամ առիթ ունեցա ճաշելու հայ զինվորի հետ, գիշերելու զորանոցում: Լինելով մի քանի զորամասում, հանդիպելով մեր քաջազուն զինվորներին՝ առավել քան մենք զորացանք նրանցով, որովհետեւ այս 18-20 տարեկան զորականներն էին, որ վերջին ամիսներին բանսարկու թշնամուց աչալրջորեն անառիկ էին պահում մեր երկրի սահմանները: Այս ծրագրով օպերային թատրոնի մեներգիչներս եւ նվագախումբը ի գլուխ ունենալով թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին՝ մեր երախտագիտությունն ու հոգեւոր զորակցությունը բերեցինք ազգի պաշտպաններին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ այս ծրագիրը ողջունելի էր եւ ոգեւորող:
ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆ
մեներգիչ
Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր ելույթ ունենալ հայ զինվորի, հայ մարտիկի և, ինչու չէ, հայ ֆիդայու առջև: Ֆիդայի եմ անվանում նրանց, քանզի ամեն մի զինվոր ֆիդայու պես մեր հայրենիքի սահմաններին կանգնած մահապարտ է: Մենք Օպերային թատրոնի նվագախմբի և մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ արեցինք մի քայլ, որը դեռ դասական երաժշտության ասպարեզում ոչ ոք չէր արել՝ լինել գնդակոծվող տարածքներում՝ թշնամուց մի քանի մետր կամ կիլոմետր այն կողմ, և հնչեցնել հայ դասականների և արտասահմանյան երգահանների ստեղծագործությունները:
Թող թշնամին իմանա, որ հայ զինվորի կողքին կանգնած է իր ժողովուրդը՝ երաժիշտ, բանաստեղծ, թե սովորական մշակ…
Երբ երգում ես զինվորի առաջ, որ դիրքեր բարձրանալով` վտանգում է իր կյանքը հանուն քո խաղաղության, անկախության, դարերով խոցոտված մեր այս մազապուրծ հայրենիքի, դա արդեն ամենաբարձր պատիվն է երգչի համար:
ԱՐՄԱՆ ՆԻԿՈԼՅԱՆ
մեներգիչ
Ելույթները զորամասերում, անսպասելիորեն ինձ համար, ընդունվեցին մեծ ոգևորությամբ: Անսպասելիորեն, քանի որ չէի սպասում, որ դասական երաժշտությունը նման հետաքրքրություն կառաջացնի զինվորների մոտ, քանզի ես ինքս եմ զինվոր եղել ժամանակին:
Նկատելով դասական երաժշտության հանդեպ ունեցած քաղցը, ցանկություն առաջացավ կրկին համերգներով զորամասեր այցելել:
Ի հավելումն ասեմ, որ մեր այցելած բոլոր զորամասերում էլ «Մարտիկի երգի» կատարումիցս հետո դահլիճը ծափահարում էր հոտնկայս և շատ երկար, ինչը վկայում է, որ հայ զինվորը կարոտ է դասական կատարումների:
ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
մեներգիչ,
ՀՀ նախագահի երիտասարդական
մրցանակի դափնեկիր
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Բանակ և հասարակություն