ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Ըստ «Forecast International» ընկերության ավիատիեզերական համակարգերի վերլուծաբան Վիլյամ Օստրովի կատարած ուսումնասիրությունների` 2011-2020 թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիական և կոմերցիոն համաշխարհային շուկան 18 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 115 արբանյակների կարիք կունենա: «Forecast International»-ը ավիատեզերական, պաշտպանության ու անվտանգության, ռազմական էլեկտրոնիկայի համակարգերի շուկայի հետազոտություններ, կանխատեսումներ և վերլուծություններ կատարող առաջատար ընկերությունն է: Ընկերության գլխավոր գրասենյակը ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում է:
Ուսումնասիրության համաձայն` արբանյակների հիմնական գնորդները կլինեն կառավարությունները և մասնավոր կազմակերպությունները:
Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ քաղաքաշինությունը, բնական ռեսուրսների օգտագործումը, գյուղատնտեսությունը, քարտեզագրումը, տրանսպորտը և շատ այլ ոլորտներ գնալով ավելի ու ավելի են կախված լինելու արբանյակային համակարգից:
Կառավարական գործակալությունները արբանյակային համակարգերը զարգացնելու և գործարկելու նպատակով ակտիվ համագործակցություն են սկսել մասնավոր կազմակերպությունների հետ: Բազմաթիվ միջազգային ծրագրեր, ինչպես օրինակ հնդկական «Cartosat»-ը, կանադական «Radarsat»-ը և ֆրանս-իտալական «COSMO-SkyMed/Pleiades»-ը, արբանյակային ճկուն ցանցեր են ստեղծել կառավարությունների և մասնավոր կազմակերպություների համար: Այս արբանյակային ցանցերը պատկերներ և տեղեկատվություն են տրամադրում և կառավարություններին, և մասնավոր առևտրային կազմակերպություններին: Արբանյակներ արտադրող առաջատար ընկերություններն են «EADS Astrium»-ը, «Lockheed Martin»-ը, «Thales Alenia Space»-ը, «Ball Corporation»-ը և «Mitsubishi Electric»-ը: Շուկայի արագ զարգացող պահանջները բավարարելու համար այս ընկերությունները պետք է արտադրվող արբանյակները հագեցնեն գերժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով: