ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ
Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների ճշմարիտ ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը՝ թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրելու հայերի անհետացումը. թուրքական ժխտողականության ևս մեկ դրսևորում:
Դեռևս 2007 թվականին թուրքական կառավարությունը բացման շքեղ արարողություն կազմակերպեց 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո: Մինչ որոշ հայեր միամտորեն մասնակցում էին թուրքական քարոզչական հանդիսությանը, ես մի քանի քննադատական հոդված գրեցի՝ մատնանշելով, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրել քրիստոնեական եկեղեցական արարողություն (բացառությամբ տարին մեկ անգամվանը) և մերժել են եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Դրա փոխարեն, Սուրբ Խաչ եկեղեցին պաշտոնապես ներկայացվել է որպես թանգարան և դրվել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, այլ ոչ թե Պոլսի Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: Ավելի ուշ խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:
Իմ 2007 թվականի հոդվածում չէի անդրադարձել եկեղեցու ցուցանակին արված արձանագրությանը, որի վրա որևէ հիշատակում չկար հայերի վերաբերյալ՝ ո՛չ անգլերեն, ո՛չ էլ թուրքերեն: Ստորև ներկայացվում են այդ նախկին արձանագրության վերնագիրն ու առաջին բառերը, որոնք գրված էին անգլերեն.
«Աքդամար կղզի և հուշարձան-թանգարան: Վճարը 5 թուրքական լիրա: Աքդամար կղզի և եկեղեցի: Աքդամար եկեղեցին կառուցվել է վանականների և ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով…»:
Վերջերս Գլենդելի հայկական գրախանութում պատահմամբ հանդիպեցի Անկարայի համալսարանի դոցենտ Սենեմ Չևիկին, որն ինձ ցույց տվեց Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի երկու տարբեր լուսանկարները: Առաջինում, որը նա լուսանկարել էր մեկ տարի առաջ, պատկերված էր վերոհիշյալ արձանագրությունը: Իսկ երկրորդում, որն անցյալ ամիս նրա գործընկերներից մեկն էր լուսանկարել, երևում էր նոր արձանագրությունը, որը կառույցը ներկայացնում է որպես հայկական.
«Աքդամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է վանական ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով: Կառուցված է երեքնուկի չորս տերևների ձևով և խաչաձև պլանի համաձայն, եկեղեցին ներսից ծածկված է գմբեթով, իսկ դրսից՝ բրգանման կոնով: Եկեղեցին երկու դարպասներ ունի, մեկը՝ հարավային, իսկ մյուսը՝ արևմտյան կողմում: Հետագա ժամանակաշրջաններում եկեղեցուն կից ավելացվել են Զաքարիա Ա-ի մատուռը, մի ժամատուն և զանգակատուն, իսկ Սուրբ Ստեփանոսի մատուռը կառուցվել է առանձին: Սուրբ Խաչ անունով եկեղեցին 1131 թվականին վերածվել է վանքի: Եկեղեցու ճակատի քարե քանդակների տեսարանները վերցված են Հին ու Նոր Կտակարաններից, պալատական կյանքից, որսի տեսարաններից, ինչպես նաև պատկերված են մարդիկ և կենդանիներ: Այս պատկերները կարևոր են, քանի որ դրանք եկեղեցին տարբերում են մյուս եկեղեցիներից: Եկեղեցու ներսի պատերին կան տարբեր որմնանկարներ, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից վերցված դրվագներ»:
Անգլերեն և թուրքերեն այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերեն ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:
Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու Թուրքիայի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել Սուրբ Խաչ եկեղեցու բարեփոխված արձանագրության վերաբերյալ: Ահա որոշ հնարավոր պատճառներ.
– Թուրք ցածրաստիճան պաշտոնյաների տգիտությունը, որոնք չեն հասկացել այս փոփոխության գովազդային արժեքը:
– Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների դժկամությունը՝ վախենալով, որ իրենք ծիծաղելի վիճակում կհայտնվեն, եթե հոխորտալով հայտարարեն մի ակնհայտ փաստ, որը վաղուց արդեն պիտի արված լիներ:
– Թուրք պաշտոնյաների մտավախությունը, որ թեև վերանայված տեքստի հրապարակայնացումը դրական տպավորություն կստեղծի արտաքին աշխարհում, քննադատության թիրախ կդառնան երկրի ներսում՝ հայերին ծառայություն մատուցելու համար:
– Նորընտիր թուրք ղեկավարների ուշադրության շեղումն այս հարցից՝ այլ ավելի հրատապ խնդիրների պատճառով: Նրանք դեռ կարող են ավելի ուշ այս մասին հայտարարություն անել:
Նույնքան տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմից ոչ մեկը, այդ թվում՝ Պոլսի Հայոց պատրիարքարանը, որևէ բան չի ասել Սուրբ Խաչ եկեղեցու հայկական ծագումը վերահաստատող նոր արձանագրության մասին:
Մնում է միայն հուսալ, որ Աղթամարի եկեղեցու ցուցանակի այս ուղղումը նախերգանք կլինի հայկական մշակութային ժառանգության ճանաչման ամբողջ Թուրքիայի թանգարաններում, եկեղեցիներում և հուշակոթողներում, ներառյալ քաղաքամայր Անին:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ