ՀԱՅԸ
«Հայը միշտ պիտի զինվոր էլլա: Աստված մարդկության ցավը
իրեն վրա վերցրած է ու ադկեն ետքը մեզի տված է,
քանզի մենակ հայն է զորավոր ասանք կրակին մը դիմանալու»:
Հարություն Սիրանյան
Ասում են՝ մարդու ուղն ու ծուծը ձևավորում են հայրենի հողն ու ջուրը: Գուցե և այդպես է. Աստծու խաչով Հարություն, իսկ ֆրանսիական անձնագրով Անրի Սիրանյանը, որը ծնվել ու ապրում է հեռու ֆրանսիական Վալանսում, համոզված է. հայի ուղն ու ծուծը նրա արյունն է, ո՛ր հող ու ջրի հույսին էլ հայը չմնա…
Հարությունի ականջում հայրենիքը միայն Հայաստանն էր, սակայն 1956 թվականին նա առաջին անգամ զգաց, որ ծառայելու է այլ երկրի՝ Ֆրանսիային, որը գաղթական հայ համայնքին 1924 թվականին Վալանս քաղաքում ապաստան էր տվել: Ալժիրյան պատերազմն էր… Առաջին ամիսները:
Ֆրանսիական բանակը տեղակայվել էր Ալժիր քաղաքից ոչ հեռու: Չորս գունդ, որոնցից մեկում ծառայում էին Վալանսից զորակոչված չորս հայեր` Հարությունը, Կարոն, Սերոն ու Հրաչը: Անկախ իրավիճակից` ճամբարը հսկվում էր վեց դիտակետերով` անսպասելի հարված չստանալու նպատակով: Այդ օրը դիտակետերից մեկում տասը զինվոր կար, որից երեքը՝ Կարոն, Սերոն ու Հրաչը: Զորամասը անցել էր հանգստի ռեժիմի, և ոմանք արդեն պատրաստվում էին ննջելու, երբ դիտակետի զինվորներից չորսը վազելով հասան գունդ և հաղորդեցին ապստամբների հարձակման մասին: Դիտակետը ոչնչացված էր: Հարությունի երկար տարիների հիշողության մեջ սա գուցե և իր ամենածանր օրն է եղել: Ո՞ւր են տղաները: Ֆրանսիացիների պատմածով՝ բոլորը հանձնվել էին թշնամուն: «Թե գետինը պադռիր,- հիշում է Սիրանյանը,- գլխով-ոտքով մեջը պիտի մտնեիր: Ինձի անանք կաշեին, կարձես՝ դիտակետը հայերը դիտավորյալ տված էլլային»:
Դիտակետն անհրաժեշտ էր ետ վերցնել: Երիտասարդ լեյտենանտի հրամանով դասակը մարտի տարավ Հարությունը: Պարզ լուսնյակի տակ, բաց ալժիրյան անապատում զինվորները սողալով հասան դիտակետ և անսպասելի գրոհեցին… Հարությունը մարտկոցի լույսով սկսեց զննել տարածքը: Երեք հայերը` Կարոն, Սերոն, Հրաչը… իրենց գնդացիրների մոտ, իրարից ոչ հեռու պառկած էին: Նրանք չէին նահանջել, նրանք չէին հանձնվել… Նրանք խիզախ կռվել ու զոհվել էին… Նույն օրը դիվիզիայի հրամանատարի առաջարկությամբ Հարություն Սիրանյանը պարգևատրվեց Արիության մեդալով: Երբ հաջորդ օրը դեպի Ֆրանսիա էին տանում տղաների դիակները, Հարությունը հանեց մեդալը և ամրացրեց Կարոյի կրծքին. մեդալն իրենցն էր: Այդ դեպքից հետո նա չորս տարի ևս մասնակցեց ալժիրյան պատերազմին, ստացավ Ֆրանսիայի Հանրապետության զինվորական բարձր այլ պարգևներ… Այժմ նա Ֆրանսիայում ապրող այն եզակի հայերից է, որ Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի ազգային միության ասպետ է…
Պատերազմից հետո Հարությունը մնաց զինվոր, բայց ո՛չ մարտի դաշտում: Մնաց զինվոր, ապացուցելու Ֆրանսիայի ժողովրդին, թե ինչ է իսկական հայ լինելը: Եթե մեր հայրենակիցները հիմնականում զբաղվում էին առևտրով և ձեռներեցությամբ, Սիրանյանն առաջիններից էր, որ դարձավ երկրի անվանի մտավորականներից մեկը: Այժմ նա իրավաբանական և տնտեսական մի շարք միությունների, դատական մարմինների անդամ և նախագահ է, Վալանսի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, որոշ հայկական համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Եվ իր ողջ կարողությունը Հարությունը իսկապես նվիրեց հայ ժողովրդին: Շուրջ քսան տարի է, ինչ Հարություն Սիրանյանը Վալանսի հայ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահն է, բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Ֆրանսիայի հայության շրջանում և Հայաստանում: Նրա աշխատասենյակում բազմաթիվ մասնագիտական ուսումնասիրությունների հարեւանությամբ «Վալանսի հայ գաղութի պատմությունը» ուսումնասիրությունն է, որն այժմ թարգմանվում է հայերեն: Նրա մասին բազմիցս գրել են ֆրանսիական տարբեր թերթերը, նա միշտ հայանպաստ ելույթներով հանդես է գալիս ֆրանսիական հեռուստատեսությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից նա պարգևատրվել է «Ներսես Շնորհալի», իսկ 2014 թվականին` ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Արցախյան ազատամարտին Հարություն Սիրանյանն արդեն պատկառելի տարիքի էր, սակայն երիտասարդի ավյունով տարին մի քանի անգամ Հայաստանում էր, Արցախում` օգնություն և ոգևորություն բերելով հայ զինվորներին: «Հայը միշտ պիտի զինվոր էլլա,- ասում է նա:- Աստված մարդկության ցավը իրեն վրա վերցրած է ու ադկեն ետքը մեզի տված է, քանզի մենակ հայն է զորավոր ասանք կրակին մը դիմանալու»:
Հարություն Սիրանյանը ութսունին մոտ է, բայց դեռ շատ երազանքներ ունի` կապված հայրենիքի հետ: Գուցե այդ պատճառով է, որ իր զգեստապահարանում առաջինը հայ շարքային զինվորի համազգեստն է կոկիկ արդուկած, որը նա հագնում է տարին մեկ անգամ` Հայկական բանակի ծննդյան օրը՝ Հունվարի 28-ին:
Նկարում` Հ.Սիրանյանը (կենտրոնում) Լիոնի քաղաքապետի (նրանից ձախ) և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցների հետ: Նրանից աջ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն է:
Հակոբ Հնձացյան
(Վալանս, Ֆրանսիա – Երևան)