ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇԱՐ
Այսօր առավել քան երբևէ կարևորվում են ռազմական և մարտական գիտելիքները: Այս մասին շատ է բարձրաձայնվել, սակայն նկատելի և նպատակային աշխատանքներ իրականացվում են միայն վերջին մի քանի տարիների ընթացքում:
«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը այն կառույցներից է, որը տարիներ շարունակ իր գործունեության սլաքն ուղղում է ռազմական, մարտական, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Վերջերս էլ այս կենտրոնը Ծաղկաձորում անցկացրեց «Ռազմամարտական հմտություններ» թեմայով քառօրյա դասընթաց, որին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Մեզ հետ զրույցում «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը նշեց, որ այսօրինակ ձեռնարկներով իրենք փորձում են հնարավորինս սեղմ ժամկետում առավելագույն գիտելիքներ տալ երիտասարդներին:
Դասընթացները, հատկապես գործնական մասը, յուրաքանչյուր օր ձգվում էր մինչև կեսգիշեր: Մասնակիցները գործնականում սովորում էին գիշերվա մթության մեջ ժայռեր մագլցել, սար բարձրանալ` իրենց հետևից հետքեր չթողնելով, բնության մեջ քաղցն ու ծարավը հագեցնել բույսերով, հատապտուղներով և ընդհանրապես այն ամենով, ինչը անհրաժեշտ է դժվարին մարտական իրավիճակներում գոյատևելու համար:
Հագեցած այս ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ յուրաքանչյուր օր բոլոր մասնակիցներն անցնում էին կրակային պատրաստության դասընթաց, սովորում էին կրակել տարբեր տեսակի զենքերից: Մասնակիցներից Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ այս դասընթացից ինքն իր հետ բանակ է տանելու գիտելիքների այնպիսի պաշար, որը հետագա ծառայության ընթացքում անպայման իրեն շատ կօգնի:
Ծրագրի ավարտին մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին էր, որ այսպիսի միջոցառումները պետք է շարունակական լինեն: Նշենք, որ դասընթացները վարում էին Արցախյան ազատամարտի մի քանի մարտիկներ, որոնք այսօր էլ ռազմագիտություն են դասավանդում ինչպես ռազմական կրթօջախներում, այնպես էլ հանրակրթական հաստատություններում:
Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Բանակ և հասարակություն