ԵՐԿԻՐ ՊԱՊԵՆԻ
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Սեփական տանս կենվոր եմ եղել,
Ուրիշի համար ես զենք եմ կռել,
Ուրիշի ձին եմ մշտապես թամբել,
Ուրիշին փառք եմ շալակած կրել,
Ուրիշի համար պատմություն գրել:
Նվիրման հետք եմ ամեն տեղ թողել`
Տաղի, տաճարի ու շենի տեսքով,
Ամենուր հերկել, կառուցել, կերտել,
Ճշմարտությանը նեցուկ եմ եղել,
Արդարությանը արյուն եմ տվել:
Շատ աստվածների զոհ եմ մատուցել,
Բազում սրբերի առաջ ծնրադրել,
Անմահությունը Տիրոջ ավետող`
Գեղարդը որպես մասունք եմ պահել,
Բայց զենքի առաջ ես մոմ չեմ վառել:
Ու հիմա արդեն ուշքի եմ եկել…
Դեռ կգա օրը մեծ բռնկումի,
Ես դեռ կցողեմ Բյուրակնի ջրով
Իմ մասիսոտ երազանքները,
Որ ծիլ են տվել…
♦♦♦
Ես զենք վերցրի
Արյամբ ժառանգված,
Ինձնից խռոված երազանքներիս հետ
Հաշտվելու համար:
ԻՄ ՍԻՐՏԸ
Սիրտս` ճաքած մի նուռ,
Ու մեկիկ-մեկիկ
Հատիկները բորբ,
Սիրով թաթախված,
Դուրս են հորդում
Իմ հուշերի հետ:
Եվ հուշերիս մեջ`
Անուններ բազում,
Դարեր շղթայող
Անուններ ոգու,
Անուններ երթի,
Անուններ փառքի…
Սիրտս` ճաքած նուռ,
Սիրտս` Եռաբլուր:
ԳՐԻԳՈՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ազատամարտիկ