Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՐՁՈՐԻ ԵՐԳԻՉԸ



Տասը տարուց ավելի է, ինչ Զոհրաբ Ըռքոյանի պատմական, գեղարվեստական ակնարկներն ու ռեպորտաժները կարդում ենք, լսում։ Ընթերցողը նրա գրածների շնորհիվ որոշակի պատկերացում է կազմում Արցախ աշխարհի և մասնավորապես՝ Բերձորի, Քաշաթաղի բնակավայրերի ու այնտեղ ապրող մարդկանց մասին։ Ասում են, որ երբ թուրքալեզու ցեղերը գրավել են որևէ տարածք՝ նրանց առաջին գործը եղել է բնակավայրերի անունները փոխելը. հարմարեցնելը իրենց լեզվին… Զոհրապ Ըռքոյանը մեզ է վերադարձնում մեր բնակավայրերի նախնական անունները, պատմության էջերից վեր է հանում մեր սրբավայրերի նկարագիրը և տալիս է այսօրվա վիճակը…

1989-1994թթ.-ին մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով և պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալներով ու պատվոգրերով: 3 դուստրերի հայր է: Տպագրվել են Զ. Ըռքոյանի «Արծիվներն ամպերի մեջ են ճախրում» գիրքը՝ նվիրված Վարանդայի Ավետարանոց գյուղի ազատամարտիկներին և «Մեր Քաշաթաղը»` լուսանկարների եռալեզու ալբոմը (նվիրված շրջանի պատմական հուշարձաններին):

Զոհրապ Ըռքոյանը «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է, «Մերան» ՓԲԸ տնօրենը:

-Պարոն Ըռքոյան, ի՞նչը Ձեզ կապեց Բերձորի հետ։

-1989-90 թվականներին մի քանի անգամ եղել եմ Բերդաձորում, մասնակցել այդ երկրամասի պաշտպանությանը: 1993 թ. գարնանը Մասիսի ջոկատի կազմում մասնակցել եմ Լաչինի մարտերին: Տարածքի վերջնական ազատագրումը տեղի ունեցավ 1993 թ. աշնանը, որից 2 ամիս անց սկսվեց Քաշաթաղի շրջանի կազմավորումը՝ Բերձոր-Լաչին կենտրոնով: Նորաստեղծ շրջանը վերաբնակեցնելու համար նաև մասնագետներ էին հարկավոր: 1996 թ. սեպտեմբերին տեղափոխվեցի Բերձոր և աշխատանքի նշանակվեցի կրթության բաժնում: Արդեն 18 տարի է, ինչ այստեղ եմ, և ամբողջ շրջանը հարազատ է ինձ. եղել եմ գրեթե բոլոր բնակավայրերում. բնակչության մեծ մասին անձամբ ճանաչում եմ:

-«Մերան» թերթի ստեղծման անհրաժեշտությունը: Ի՞նչ նպատակ է հետապնդում թերթը:

-Մինչև թերթի լուսընծայումը՝ 100 օրինակով հրատարակում էինք շրջվարչակազմի տեղեկատուն: Կոչվում էր «Կամուրջ»: Բայց ծրագրել էինք ունենալ շրջվարչակազմի պաշտոնաթերթ: Իրականություն դարձավ 2009 թ. դեկտեմբերին՝ առաջին խմբագիր Խաչիկ Բաղդասարյանի շնորհիվ: Ավելի ուշ շրջվարչակազմի ղեկավարությունն ինձ առաջարկեց խմբագրել «Մերան»-ը: Այն լույս է տեսնում ամիսը 2 անգամ, 4 էջով, 500 օրինակ: Նորաստեղծ շրջանի համար թերթ ունենալը կարևոր է. այն միակ տպագիր մամուլն է, որ հասնում է բոլոր համայնքներն ու դպրոցները: Թերթի էջերում լուսաբանվում է շրջանի ողջ առօրյան: Նյութեր են տպագրվում գյուղոլորտի, շինարարության, կրթության, մշակույթի, սպորտի վերաբերյալ: Հաճախ ենք անդրադառնում շրջանի պատմամշակութային հուշարձաններին՝ նաև տարածքի պատմությանը, աշխարհագրությանը, զինվորական կյանքին, մեր երկու հանրապետություններում կատարվող իրադարձություններին:

Արդեն 21-րդ տարին է, ինչ Քաշաթաղում հայն է ապրում: Բնակավայրերից շատերն ստացել են իրենց պատմական անունները, կամաց-կամաց վերականգնվում են եկեղեցիները, բարեկարգվում են տարածքները: Շրջանն այժմ ունի 54 համայնք, որից 4-ը քաղաքային՝ Բերձոր շրջկենտրոն-նախկին Լաչին, Կովսական (Զանգելան), Միջնավան և Որոտան (Կուբաթլու): Գործում են 52 հանրակրթական դպրոցներ, որոնք էլ դարձել են բնակավայրերի կայացման հիմնական գործոնը: Բնակչությունն զբաղված է հողագործությամբ, շենացնում է հայրենի երկիրը:

-Վերջերս ադրբեջանցիների կողմից հաճախակի հրադադարի խախտումները, խափանարար գործողություններն ստացան իրենց արժանի պատիժը: Բերձորում նույնպես դուրս եկան ազատամարտիկները և կանգնեցին զինվորի կողքին:

-Այսօր սահմանում մեր զավակներն են կանգնած: Զինվորը պետք է զգա թիկունքի օժանդակությունը, վստահ լինի, որ ժողովուրդն իր կողքին է: Վերջին շրջանում թշնամին անընդհատ փորձում էր մեր ուժը: Եվ Արցախի ազատամարտիկների միության կոչով շատ աշխարհազորայիններ ցանկություն հայտնեցին լինել սահմանում: Անմասն չմնաց նաև Քաշաթաղի շրջանը: Մոտ 200 հոգի երկու հերթափոխով մոտ 10 օր մեկնեց սահման: Մարտական դիրքերից մեկում էլ 5 օր ես ու մարտական ընկերս՝ Զարզանդ Շահնազարյանը, հերթապահեցինք զինվորների հետ:

Ոգևորությունը մեծ էր, իսկ երևույթը՝ շատ կարևոր: Այժմ էլ շրջանում շատերն են ցանկանում լինել հենակետերում:

Զոհրաբ Ըռքոյանը սիրահարված է իր հայրենիքին: Նա ապրում է նրանով ու նրա ճակատագրով: Նա գրում է իր կյանքի մասին, այսինքն` իր Հայրենիքի:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Հոգևոր-մշակութային


06/11/2014