Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆՎԱՃ ԵՐԿԻՐ



Անժելա Նանագուլյանն իր գիրքը վերնագրել է այսպես. «Վիրավոր սիրտ»: «Կկարդաք,- ասում է, -գուցե հետաքրքրի: Պատերազմական հուշեր են: Ասեմ միայն, որ փորձել եմ գրել միայն ճշմարտությունը»: Հետո խոսում է իրենց ընտանիքից, իր քույր-եղբայրներից, ծնողներից: «Ուզում եմ գրվի մեր ընտանիքի մասին. մայրս անկողնային հիվանդ է, ուզում եմ՝ կարդա, կամ էլ մենք կարդանք իր համար: Նա շատ վիշտ է տեսել, բայց երբեք չի կորցրել իր լավատեսությունը, իր հույսը»,- անկեղծանում է Անժելան:

Ձեռքս եմ վերցնում գիրքը և կարդում: Պարզ ու անմիջական պատմություն է մի հայ գերդաստանի մասին, մեզ այնքան ծանոթ ու մեզ այնքան հարազատ:

1954 թվական: Անտիկ և Անդրանիկ երիտասարդ զույգը Մարտակերտից տեղափոխվում է ապրելու Բաքու քաղաքում: Ապրում են այնտեղ, սակայն ծննդավայրի կարոտը 10 տարի անց նորից նրանց հետ է տանում Արցախ: Բնակություն են հաստատում նոր կառուցված Ջրաբերդ գյուղում: (Այս նոր բնակավայրը չպետք է շփոթել պատմական Ջրաբերդ անմատչելի ամրոցի հետ, որը գտնվում է Թարթառի գեղատեսիլ կիրճի ձախ ափին՝ շրջապատված Թարթառ և նրա վտակ Թրղի գետի ջրերով): Հետները բերած հարստությունները իրենց երկու զավակներն էին` Արմոն ու Անժելան: Արամն ու Մարգարիտան Արցախում ծնվեցին:

Արմոն Ռուսաստանում էր, երբ սկսվեց շարժումը: Մի օր էլ ծնողները տան շեմին տեսնում են իրենց հաղթահասակ որդուն. «Երբ հեռուստատեսությամբ տեսա Սումգայիթի ողբերգությունները, սիրտս վատ բան գուշակեց, ու եկա»: Հետո Արմոն ու ջրաբերդցի տղաները ջոկատ կազմեցին: Այն անվանեցին «Տիգրան Մեծ»: Տասներեք հոգի էին: Հրամանատարը Արտակն էր, իսկ Արմոն՝ տեղակալը: Ջոկատի պաշտպանական դիրքերն էին Ջրաբերդ, Կարմիրավան, Մարաղա, Լևոնարխ գյուղերը: 1992 թվականի հունիսի 29-ին Հասանղայայի դիրքերում տղաներն անհայտ կորան: Նրանց հետ էր նաև Արմոն: Անժելան ասում է, որ զոհվել են, ու շիրիմները գտնվում են չեզոք գոտում:

Կրտսեր եղբայրը, որը Ստեփանակերտի գյուղտեխնիկումի ուսանող էր, ավագ եղբոր անհայտ ճակատագրից հետո իր ընկերների հետ ստեղծում է «Ջանյաթաղ» ջոկատը: Մասնակցում են Ղարաղշլար, ադրբեջանական Բաշգյունեփա և մի շարք բնակավայրերի ազատագրական ու պաշտպանական մարտերին: Ջանյաթաղ գյուղի մարտերից մեկի ժամանակ զոհվում է սիրելի հրամանատար Սամվել Ջհանգիրյանը: 1993թ. Արամը լեյտենանտի կոչումով նշանակվում է Մարտակերտի երրորդ գումարտակի 4-րդ վաշտի դասակի հրամանատար:

Ծնողների համառ հարցերին Արամը կարճ էր պատասխանում` «Կռիվը վերջանա` կամուսնանամ»: Եվ արդեն տարիքն առած ու վիշտ տեսած Արամի ծնողները անհամբեր սպասում են կռվի վերջանալուն:

Արամը կռվում էր և թերևս մոռացել էլ էր ծնողներին տված խոստումը, եթե անակնկալ նրանց գումարտակ չգար Գայանե անունով մի աղջիկ Վայքից: Շուտով այդ սիրո շշուկները հասնում են Արամի հարազատների ականջին: Քույրը՝ Անժելան, նույնիսկ հանդիպում է Գայանեին: Ուրախանում է եղբոր, ծնողների ու իր համար…

Պատերազմ էր. նա էր մարդկանց ճակատագրերի տերը: 1993թ. դեկտեմբերի 24-ի գիշերը թշնամին անցնում է լայնածավալ հարձակման: Այդ գիշեր հերոսաբար զոհվում է նաև Արամը… Երկու օր ոչ մեկը սիրտ չի անում բոթը հայտնել հարազատներին: Հարազատներից մեկը քրոջը՝ Անժելային, ասում է` «Գնա՛ Դրմբոն… Արամին տե՛ս…»: Ու քույրն ամեն ինչ հասկանում է…

-Արմոյի զոհվելու օրերին գաղթ էր, նահանջ, ադրբեջանցիները քիչ էր մնում մտնեին Մարտակերտ: Ու ես էլ չէի ուզում եղբորս զոհվելու լուրը հայտնել ծնողներիս,- վերհիշում է տիկին Անժելան,- սակայն պարզվեց, որ հայրս գիտի: Երբ մտա տուն, խորախորհուրդ նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Մամային ասե՛ք»: Մենք անխոս հասկացանք իրար: Մայրս մտավ այգի ու ծառերին փաթաթված` սկսեց ողբալ:

Արմոյի զոհվելուց հետո քույրը` Անժելան, հագնում է եղբոր վերնաշապիկն ու գնում առաջնագիծ` միանալով Մաղավուզի ջոկատին: Մասնակցում է Կուբաթլուի, Լաչինի ազատագրական մարտերին: Հետո գնում է Դրմբոն, որտեղ զոհվել էր եղբայրը:

-Ողջ ճանապարհին լալիս էի. «Ոնց բերեմ, ոնց անցկացնեմ շեմը, ոնց ասեմ, մա՛մ ջան, երկրորդ որդիդ զոհվեց…»,- մտաբերում է Անժելան:- Երբ մեքենան կանգնեց մեր դռան առջև, ու ես իջա մեքենայից՝ մայրս նայելով իմ մոլոր քայլերին՝ մոտեցավ ինձ և ասաց. «Քեզ հավաքի՛ր, ճակատագիր է»: Պարզվեց, որ մայրս ամեն ինչ գիտի… Հայրս կորցրեց խոսելու ունակությունը, ժամերով հայացքը մի կետի հառած, լռում էր…2000 թվականին հայրս մահացավ: Մայրս մինչեւ հիմա աչքը Արմոյի ճամփին է ու մեկ-մեկ ինքնիրեն ասում է. «Թուրքի ձեռից կենդանի տղա՞ կգա»: Մտածում եմ, որ մայրիկիս ապրելու ուժ են տալիս տղայիս ու քրոջս երեխաները … Մեր տան պատերին եղբայրներիս մատնահետքերն են մնացել, մեր այգու ծառերին՝ նույնպես: Ասեմ նաև, որ Արամ եղբորս հուղարկավորությունից երկու օր անց, երբ թշնամին նորից հարձակում է սկսում, եղբորս սիրած աղջիկը` Գայանեն, կապում է եղբորս արնոտ գոտին, վերցնում է զենքը և դուրս է գալիս հայրենի հողը պաշտպանելու: Գայանեն էլ է զոհվում:

Ուզում եմ հիշեցնել, ասել սահմանի այն կողմում գտնվող մեր թշնամիներին. «Բա այս կերպ ազատագրած, պահած հողին աչք ունեցողի աչքը դուրս չի՞ գա»:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ճակատագրեր, Պատմության էջերից


06/11/2014