Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Վերջերս Հայաստանում բացվեց հայ-լեհական համատեղ առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիա»-ն: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Լեհական կողմի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիա»-ի դրական օրինակին կհետևեն լեհական այլ ընկերությունները՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում լեհական ներդրումների ծավալը: Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ ձեռնարկությունը կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը, որը կարող է հետաքրքրել նաև ԵՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին և դուրս գալ միջազգային շուկաներ:

Ռազմական ոլորտի մասնագետները, բնականաբար, ծանոթ են լեհական ընկերության գործունեությանը: Հաշվի առնելով նաև հայ հասարակության մեծ հետաքրքրությունը այս նախաձեռնության հանդեպ՝ մեր ընթերցողին ենք ներկայացնում «Լյուբավա-Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի, արտադրական կարողությունների, ինչպես նաև հայ-լեհական ռազմական համագործակցության մասին պատմող նյութը:

Մի քանի խոսքով անդրադառնանք հայ-լեհական համագործակցության ձևավորմանը: Հայաստանի հետ համագործակցության հաստատմանը նախորդել են մի քանի տարվա լուրջ ուսումնասիրությունները, նախապատրաստական աշխատանքները: Համագործակցությունը մեկնարկել է 2009թ. նոյեմբերին՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի՝ Հայաստան կատարած այցով: 2010թ. սեպտեմբերին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցեց լեհական Կյոլցե քաղաքում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Նույն թվականի հոկտեմբերին Հունաստանում DEFENSYS 2010 ցուցահանդեսի ընթացքում հայկական և լեհական կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

2011թ. հունվարին Լեհաստանի փոխպետքարտուղար Մարչին Իջիկի գլխավորությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի ՊՆ պատվիրակության նպատակն էր ծանոթանալ ՀՀ ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների հնարավորություններին՝ հետագա համագործակցության զարգացման նպատակով: Այս և հետագա մի քանի այցերի ընթացքում հայկական կողմը կազմակերպեց լեհ մասնագետների այցելություններ ՀՀ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ինչպես նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: Մեր մասնագետները նույնպես եղան լեհական տարբեր ընկերություններում, մասնակցեցին ռազմական ցուցահանդեսների: Բանակցությունների արդյունքում կողմերը սկզբնապես պայմանավորվեցին աշխատել Հայաստանում որոշ արտադրատեսակներ արտադրելու հնարավորությունն ուսումնասիրելու ուղղություններով:

Ուսումնասիրությունների արդյունքում՝ հեռանկարային համարվեց հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ընկերության ստեղծումը:

«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ոազմարդյունաբերական ձեռնարկությունն ստեղծվել է հաստոցաշինական գործարանի հենքի վրա: Հիմնադիրներ են հանդիսանում Լեհաստանի «Լյուբավա» արդյունաբերական խումբը և Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության:

«Լյուբավա» ընկերությունը գործում է 1951 թվականից: 1996թ. վերածվել է բաց բաժնետիրական ընկերության: Այլ ընկերությունների հետ միավորվելու արդյունքում կազմավորվել է «Լյուբավա» արդյունաբերական խումբը: Ներկայումս այդ կառույցի մեջ մտնում են չորս ընկերություններ, որոնք զբաղվում են ինչպես ռազմական, այնպես ել քաղաքացիական արտադրանքի թողարկումով:

Այդ չորս ընկերություններն են՝

-«Լյուբավա ՍԱ» (վրաններ, հատուկ և մասնագիտացված հագուստ, զրահաբաճկոններ, սաղավարտներ և այլն)

-«Միրանդա» (տեքստիլ արտադրանք, քողարկող ցանցեր և հագուստ, վրաններ)

-«Լիտեքս Պրոմո» (արտաքին գովազդային պարագաներ, սպորտային պարագաներ և այլն)

-«Էֆեկտ Սիստեմ» (բարձրորակ ժամանակակից տպագրություն տարբեր մակերեսների, այդ թվում՝ նաև տեքստիլի վրա):

«Լյուբավա» արդյունաբերական խումբն ունի ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների որակի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը:

Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա»-ի կայացման համար կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Մասնավորապես, ամենից առաջ այն պետական գրանցում է ստացել, կազմակերպվել է արտադրության նախապատրաստում, կատարվել են նախագծային նախահաշվարկային, ապա նաև շինվերանորոգման աշխատանքներ, ընտրվել են կադրեր, որոնք վերապատրաստվել են Լեհաստանում:

Համատեղ ձեռնարկության արտադրանքը առավել մանրամասն ներկայացնելու նպատակով 2013թ. ապրիլի 30-ին ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային զորամիավորման տարածքում կազմակերպվել է արտադրական տեսականու շնորհանդես, որից հետո տվյալ նմուշները փոխանցվել են հայկական կողմին՝ զորային փորձարկումներ կազմակերպելու համար: Մեր զինծառայողներին փոխանցվել են վրաններ, սովորական և բժշկական ուսապարկեր, քողարկող ցանցեր, տակտիկական հանդերձանք, սաղավարտներ, պաշտպանիչ զգեստներ և դիմակներ, այլ նմուշներ:

«Լյուբավա-Արմենիա» ձեռնարկությունն սկզբնական շրջանում արտադրելու է վերը նշված տեսականու մի մասը: Հետագայում ծրագրվում է թողարկվող տեսականին հարստացնել նոր նմուշներով: Հայ և լեհ մասնագետների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվելու դեպքում ցանկացած արտադրատեսակի արժեքը կարող է նվազել 10-30%-ով:

«Լյուբավա» ընկերության արտադրանքի մոտ 70% պատվիրատուները արտակարգ իրավիճակների, առողջապահության, ազգային անվտանգության և ներքին զորքերի կառույցներն են: Ընկերության արտադրանքը լայն պահանջարկ ունի աշխարհում, այն սպառվում է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, ՌԴ-ում: Մասնավորապես ընկերության գործընկերներն են Coca-Cola, Pepsico, IKEA, «Ռոսնեֆտ», «Լուկօյլ» աշխարհահռչակ ընկերությունները:

Կողմերը ուսումնասիրում են նաև այլ ոլորտներ՝ հայ-լեհական համագործակցությունն ընդլայնելու համար:

Համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարվում. Լեհական «Արդյունաբերական օպտիկայի կենտրոն»-ի և հայկական մասնագիտացված ընկերությունների հետ համատեղ աչքի համար անվտանգ մոնոիմպուլսային և հաճախային լազերային հեռաչափերի համատեղ արտադրությունը, ՀՀ-ում արտադրվող որոշ համակարգերի համալրումը ջերմատեսիլ սարքերով, տանկերի, ՀՄՄ-ների, զրահափոխադրիչների գիշերային տեսանելիության սարքերի և նշանոցների արդիականացումը և այլն:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


13/11/2014