«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014». ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից 16-ն անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բ. Սահակյանի ղեկավարությամբ:
Զորավարժություններին ընդգրկված են նաև գնդապետ Վ. Ներսիսյանի հրամանատարությամբ գործող միավորումը՝ ենթակա զորամասերն ու ստորաբաժանումները: Ինչպես նշեց միավորման հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Դ. Դավթյանը՝ զորավարժության անցկացումը նպատակ ունի կատարելագործելու միավորման հրամանատարների ու շտաբի ունակությունները՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղման ժամանակ զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման, դրանք մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ընթացքում, ինչպես նաև ստուգելու միավորման մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու իրատեսությունը և բարձրացնելու միավորման շտաբի ներդաշնակումը, սպաների գործնական հմտությունները պաշտպանության վարման ընթացքում մարտական խնդիրների ճշտումներ իրականացնելիս: Վերոնշյալ զորավարժությունն, ըստ Դավթյանի, կնպաստի նաև անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշների, ֆիզիկական դիմացկունության, ինչպես նաև անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացմանը: «Զորավարժության ընթացքում ընդունված որոշումները հասցվում են անձնակազմին, որը տեղանքում գործնականորեն կատարում է առաջադրված խնդիրները: Դրանք անձնակազմը կատարում է բարձր ոգևորվածությամբ՝ գիտակցելով, որ նման հնարավորությունը պետք է օգտագործել անվերապահ ու արդյունավետ»,- նշեց գնդապետ Դ. Դավթյանը:
Ստանալով տագնապ ազդանշան՝ նշված միավորման ենթակա զորամասերն ու ստորաբաժանումները, մարտական պատրաստականության պլանի համաձայն, սահմանված ժամկետում անցել են պաշտպանության: Փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարական կետում շտաբի պետ, փոխգնդապետ Հ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջադրված խնդիրները ժամանակին կատարվել են, և իրականացվում է խնդիրների ճշտում, իսկ անձնակազմը զբաղված է առաջադրված խնդիրների կատարմամբ: «Այս զորավարժությունը դրական ազդեցություն կթողնի զինծառայողների մարտունակության, ֆիզիկական կոփվածության և նրանց մասնագիտական գիտելիքների ամրապնդման վրա»,- նշեց փոխգնդապետ Հ. Աբրահամյանը:
Զորավարժության ընթացքին տեղեկանալու նպատակով եղանք նաև մի շարք կրակակետերում: Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ա. Ղահրամանյանը զորավարժության ընթացքի վերաբերյալ նշեց, որ զբաղեցրել են կրակային դիրքերը, քողարկել մարտական մեքենաները և պատրաստ են կատարելու հետագա առաջադրանքները: «Ենթակա անձնակազմը պատրաստ է զորավարժությանը ակտիվ մասնակցելու և ջանք ու եռանդ չի խնայում լինելու լավագույնների շարքում»,- վստահեցրեց լեյտենանտ Ղահրամանյանը:
Հաջորդ կրակային դիրքում խոսեցինք ավագ լեյտենանտ Ն. Բեկվերդյանի հետ: «Ստացել ենք խնդիր, զբաղեցրել կրակային դիրքեր և նախապատրաստել կրակային դիրքերը կրակի վարման,- նշեց ավագ լեյտենանտը,- զորավարժությունը լավ հնարավորություն է բարձրացնելու անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ինչպես նաև անձնակազմի գիտելիքները՝ գործնականում կիրառելու համար:
Անձնակազմի մարտական ոգին բարձր է, և տրամադրված է նոր գիտելիքներ ձեռք բերելու և կատարելագործելու իրենց ունակությունները: Վստահ եմ, որ այս զորավարժությունները նոր շունչ կտան մեր ծառայության հետագա ընթացքին, և ենթակա անձնակազմն էլ ավելի վստահորեն կկատարի իր ծառայողական պարտականությունները»: Զորավարժության անցկացումը կարևորեց նաև նշանառու-օպերատոր, կրտսեր սերժանտ Մ. Գաբրիելյանը: «Զորավարժության ընթացքում հնարավորություն ենք ստանում մեր գիտելիքները գործնականում կիրառելու, ինչը շատ կարևոր է: Մենք ձեռք ենք բերում փորձ, որն անհրաժեշտ է մեր հետագա ծառայության ժամանակ և ոչ միայն ծառայության, այլև մեր ողջ կյանքի ընթացքում»,- վստահորեն ասաց կրտսեր սերժանտը:
Օպերատիվ-մարտավարական զորավարժության ընթացքում եղանք նաև փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի ՀՕՊ շարժական կառավարման կետում և զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքում: Ինչպես նշեց զորամասի ՀՕՊ-ի պետ, մայոր Շ. Շամիրյանը, ՀՕՊ ստորաբաժանումները ժամանակին զբաղեցրել են մեկնարկային կրակային դիրքերը՝ ըստ պաշտպանության կամ մարտակարգի: «Բացազատվել են օդային հետախուզական դիտակետեր և ուժեղացված ռեժիմով հետախուզվում են դիտորդների կողմից»,- նշեց զորամասի ՀՕՊ-ի պետը: Նա ևս համոզված է, որ զորավարժությունը հնարավորություն կտա զինծառայողներին՝ կատարելագործելու և ամրապնդելու իրենց ունակությունները և մասնագիտական գիտելիքները և կնպաստի անձնակազմի դաշտային պատրաստվածության ու ներդաշնակ գործողության մակարդակի բարձրացմանը: Մեր այցելության ժամանակ ականատես եղանք նաև ինժեներական աշխատանքների, հենց դրանց իրականացման տեղում զրուցեցինք լեյտենանտ Գ. Ավագյանի հետ: «Այժմ սահմանված կարգով իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ՝ կարգի ենք բերում կրակակետերը, մաքրում, խորացնում ենք դիրքերն ու ամրությունները: Շուտով կավարտենք այդ աշխատանքները, և մեր կրակային դիրքերը անհրաժեշտ տեսքի կբերվեն»,- հավաստիացրեց լեյտենանտ Գ. Ավագյանը:
♦♦♦
«Միասնություն 2014» անվանումը կրող օպերատիվ մարտավարական զորավարժությունների ընթացքում պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումներում իրականացվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման պլանով նախատեսված բոլոր միջոցառումները՝ անձնակազմն ու զինտեխնիկան կենտրոնացման շրջաններ դուրս բերելով:
Գեներալ-մայոր Մ. Արզումանյանի հրամանատարությամբ գործող միավորման շրջանակներում հետևեցինք մարտական գործողություններին հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվող գործողություններին՝ տագնապ ազդանշանով զորքի և զինտեխնիկայի դուրսբերումից մինչև մարտական կիրառման շրջաններում ծավալում: Վերադաս հրամանատարության կողմից իջեցված ներմուծականների համաձայն, միավորման հրամանատարական կազմը, ելնելով օպերատիվ-մարտավարական իրադրությունից, համապատասխան հրահանգներ է տալիս ենթակա ստորաբաժանումներին՝ հետևելով դրանց կատարման ընթացքին ու ժամանակին:
Գնդապետ Է. Ասրյանի հրամանատարությամբ գործող զորամասը մեր այցելության պահին արդեն իրականացրել էր վերադաս հրամանատարության կողմից տրված հրահանգները, և ենթակա ստորաբաժանումներից յուրաքանչյուրը զբաղեցրել էր մարտական կիրառման շրջանը: Ելնելով ստեղծված իրադրությունից, ինչպես նաև ստացած ներմուծականների համաձայն, զորամասի հրամանատարությունը անցել էր պաշտպանության ԼՂՀ սահմանի իրեն վստահված հատվածի ողջ երկայնքով: Այնուհետև զորամասի հրամանատարական կետում կազմակերպվում են լսումներ՝ ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան սպաների մասնակցությամբ, որոնց ընթացքում ստորաբաժանումների ու ծառայությունների պետերը զեկուցում են սահմանի տվյալ հատվածներում տիրող իրավիճակը, առկա միջոցները, հակառակորդի հավանական գործողությունները, դրանց բնույթը և այլն:
Զորամասերից և ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը անմիջապես հաղորդվում էր միավորման հրամանատարական կետ: Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պ. Պողոսյանի գլխավորությամբ այստեղ էին նաև ՀՀ ԶՈՒ համապատասխան ծառայությունների ու բաժինների պետերը: Անցկացվող լսումների ընթացքում միավորման ծառայությունների ու բաժինների պետերը զեկուցում են առաջնագծում տիրող իրավիճակի տեղերից ստացված զեկույցների, հակառակորդի կողմից իրականացվող մարտավարական փոփոխությունների և իրենց կողմից իրականացվելիք հետագա քայլերի մասին: Ծավալված աշխույժ հարց ու պատասխանի միջոցով գեներալներ Պ. Պողոսյանն ու Մ. Արզումանյանը մեկ անգամ ևս պարզաբանում և հստակեցնում են յուրաքանչյուրի հստակ գործողությունները, որպեսզի հնարավորինս խուսափեն իրադարձությունների անցանկալի զարգացումներից:
Մեզ հետ զրույցի ընթացքում միավորման օպերատիվ բաժանմունքի պետ, գնդապետ Ն. Մարտիրոսյանը նշեց հետևյալը. «Նման մարտավարական զորավարժությունները շատ մեծ նշանակություն ունեն զորքերի պատրաստության, ղեկավարման մարմինների ունակությունների և հմտությունների բարձրացման համար: Զորավարժության օրերի ընթացքում միավորման ողջ անձնակազմը իրականացրել է նպատակային գործողություններ, խաղարկվել են որոշակի մարտավարական դրվագներ, որոնք պարունակել են նաև մարտավարական նոր մոտեցումներ, որոնք հետագայում կուսումնասիրվեն և կվերլուծվեն: Շտաբների գործողություններում կիրառված նոր մեթոդները թույլ են տվել կրճատելու զորքերի ղեկավարման համար նախատեսված միջոցառումների ժամանակացույցերը, բարձրացվել են ղեկավարման կետերի միջև փոխգործակցության հարցերը, ուսումնասիրվել են համափոխարինելիության հարցերը, որոնք արդեն գործնականում կիրառվել են, ինչը, միանշանակորեն, իր դրական արդյունքն է տվել զորքերի պատրաստության գործում: Գործնականում իրականացվել են այն տարրերը, որոնք պետք է իրականացվեն ինչպես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ, այնպես էլ կիրառման պլանների համաձայն»,- ավելացնելով, որ նման զորավարժությունները հիմք կհանդիսանան ավելի կատարելագործելու և՛ ղեկավարման համակարգը, և՛ զորքերի պատրաստության մակարդակը, նախանշելու անելիքները և քայլեր ձեռնարկելու հետագայում բացթողումներից խուսափելու համար:
Մեզ հետ զրույցում ավագ սերժանտ Գ. Մարգարյանն ու կրտսեր սերժանտ Գ. Համբարձումյանը, ովքեր ենթակա անձնակազմով և համապատասխան զինտեխնիկայով ծավալվել էին մարտական կիրառման շրջաններում, անձամբ իրենց և ենթակա անձնակազմի անունից վստահեցրին, որ պատրաստ են կատարելու հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները, որպեսզի հակառակորդը չհանդգնի դիմել արկածախնդրության:
ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ 2014»-Ը՝ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
♦ Զորավարժություններն իրենց մասշտաբներով աննախադեպ են երկու հայկական պետությունների պատմության մեջ:
♦ Առաջին անգամ զորավարժություններին մասնակցում են ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի մոտ 80 տոկոսը: Համեմատության համար՝ ՌԴ զինված ուժերի ամենամասշտաբային զորավարժությանը, որ տեղի է ունեցել 2013 թ., մասնակցել է 160 հազար զինծառայող՝ ՌԴ զինված ուժերի անձնակազմի ընդամենը 20 տոկոսը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունում նման ներգրավվածությամբ զորավարժություն երբեւէ չի անցկացվել:
♦ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:
♦ Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:
♦ Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա:
♦♦♦
Շնորհավորում եմ մեր զինվորականներին՝ շարքային զինվորից մինչև գեներալ նման ծավալի, փառահեղ զորավարժություն կազմակերպելու համար: Շատ հուզիչ է, վեհացնող, ոգևորող… Իր հողն ու սեփական անկախությունը պաշտպանելու ունակ ժողովուրդը իրավունք ունի ապրելու և հաղթելու…
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
♦♦♦
Չէի հավատում` մեր զորքերի առյուծի բաժինը զորավարժության է մասնակցո՞ւմ… Հետաքրքրվեցի զինվորական ծանոթներիցս` ասացին` այո՛… Որպիսի՜նքնավստահություն, որպիսի՜ քաջություն… և որպիսի՜ ազմակերպվածություն… Ինչպե՞ս չհպարտանամ…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
♦♦♦
Երբ իմացա, թե ինչ զորավարժություններ են, ինչ հսկայական մասշտաբների, հավատացե՛ք, հպարտությունից քիչ էր մնում լաց լինեի:
ՍՈՒՍԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ
Ուսանող
♦♦♦
Այս զորավարժությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր բանակը…որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները սին բարբաջանք են..որ Արցախի հիմնախնդիրը ուժով լուծելու՝ Բաքվի երազանքը երազանք էլ կմա: Բազուկդ՝ պինդ, զենքդ՝ անվրեպ, Հա՛յ զինվոր…
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
♦♦♦
Ես լավ հասկանում եմ, թե ինչ ասել է զորավարժություն. մենք դրանով աշխարհին ցույց ենք տալիս, որ հզոր ենք, մեր զորքը կազմ ու պատրաստ է ցանկացած պահի ապահովելու իր երկրի ու ժողովրդի պաշտպանությունը: Երբ մտովի պատկերացնում եմ վարժադաշտերում այդքան տեխնիկա ու այդքան զինվորական, աչքիս առաջ են գալիս Հայրենական պատերազմի մասին հայտնի կինոներից ինձ ծանոթ տեսարանները… Կեցցե՛ հայ զինվորը:
ԱԶՆԻՎ ԱԹՈՅԱՆ
Տնային տնտեսուհի
♦♦♦
Անառողջ եմ, բայց երբ տեսա զորավարժության կադրերը, մասշտաբները, ասես ուժ առա, շնչառությունս բացվեց…Կեցցե՛ մեր հայրենիքը, նման ծավալի զորավարժություն ամեն պետություն չի կարող իրեն թույլ տալ… Սա ուժի ցուցադրություն չէ, այլ ապահովության, անվտանգության երաշխավորություն… Կեցցե՛ մեր ժողովուրդը, որի կենսունակությունն ու խիզախությունը սահման չունեն…
ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ