Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ
Ամերիկյան հայտնի The National Interest հրատարակչությանը հաջողվել է կազմել աշխարհի հինգ ամենաուժեղ բանակներն ունեցող երկրների վարկանիշը: TOP հնգյակում տեղ են գտել հետևյալ երկրների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի բանակները:
1. ԱՄՆ
Այս երկրի զինծառայողների թիվը 535 հազար մարդ է: Եվս մեկ միլիոն է կազմում պահեստազորի և Ազգային գվարդիայի անդամների թիվը:
Տեխնիկական բարձր զինվածությունը ԱՄՆ-ի զինված ուժերին հնարավորություն է տալիս ռազմական գործողություն վարելու աշխարհի ցանկացած կետում: Այս երկրի բանակը աշխարհում ունի 730 ռազմակայան:
Տիրապետում է ատոմային զենքին:
2. ՉԻՆԱՍՏԱՆ
Չինաստանի զինված ուժերը ամենամարդաշատն են:
Ցամաքային զորքերում ծառայում է մոտ 1,6 միլիոն մարդ: Թեև նորացվում է այս երկրի ռազմական տեխնիկան, սակայն դեռևս բավականին մեծ տոկոս են կազմում հնացած զինատեսակները: Մոտավոր հաշվարկներով՝ Չինաստանի բանակը ամբողջովին վերազինելու համար կպահանջվի 10-12 տարի:
Ունի ատոմային զենք:
3. ՀՆԴԿԱՍՏԱՆ
Այս երկրի բանակը թվակազմով երկրորդն է Ասիայում: Զինված ուժերի թիվը կազմում է 1,2 միլիոն: Երկրի բանակի հիմքը կազմում են ցամաքային ուժերը, որոնք կենտրոնացած են Չինաստանի և Պակիստանի սահմաններին:
Հնդկաստանի բանակը տեխնիկապես լավ հագեցած է և համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
Երկրի ռազմական քաղաքականության ծրագրով նախատեսվում է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում Հնդկաստանի արդյունաբերությունը կհոգա ռազմական կարիքների 50 տոկոսը:
Ունի ատոմային զենք:
4. ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի զինված ուժերի թիվը կազմում է 285 հազար մարդ: Համարվում է, որ թեև այս բանակը տեխնիկապես ամենահագեցածներից է և ունի մարտական մեծ փորձառություն, ինչը, սակայն, բավարար չէ պաշտպանելու երկրի հսկայածավալ սահմանների անվտանգությունը: Ամեն զինծառայողի, համաձայն հրատարակչության, հասնում է մոտ 60 քառակուսի կիլոմետր տարածք:
Ունի ատոմային զենք:
5. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Զինված ուժերի թիվը կազմում է 102 հազար մարդ: The National Interest հրատարակչության կարծիքով, բրիտանական բանակը ամենամարտունակն է Եվրոպայում: Այն ընդունակ է մարտական գործողություններ վարել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում և ծովում:
Զինված է ատոմային զենքով:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ռազմաքաղաքական