ՄԻԱՄՍՅԱԿ` ՆՎԻՐՎԱԾ «ԵՐԿԱԹՅԱ ԴԻՎԻԶԻԱՅԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Օրերս Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի անվանակոչության 50-ամյակի առթիվ համադպրոցական միջոցառում էր կազմակերպվել: Դպրոցի հյուրերն էին Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցներ, Գայի` Հայկ Բժշկյանի թոռնուհին և զարմիկը, ծնողներ և նախկին շրջանավարտներ: Հյուրերի թվում էր Մոսկվայի N 1581 լիցեյում Գայի անվան «Երկաթյա դիվիզիայի» թանգարանի տնօրեն Մաքսիմ Սինիցինը:
Տասնամյակներ առաջ երկրում համակարգային մեծ փոփոխությունից հետո շատ բան արժեզրկվեց: Զգացվում էր նոր արժեքների պակասը: Սկսած 1996 թվականից՝ ամեն տարի Գայի անվան թիվ129 դպրոցում անցկացվում է Գային նվիրված միամսյակ, իսկ 2014 թվականը հայտարարվել է Գայի տարի:
Այդ օրը հյուրերը ծանոթացան դպրոցում գործող Գայի թանգարանի հազվագյուտ ցուցանմուշներին և գայականների անցած 50-ամյա ուղուն:
Միանգամայն պարզ է, որ դպրոցում սովորելու տարիներին այստեղ աշակերտներին առիթ է ներկայանում ոչ միայն ծանոթանալու Գայի սերունդներին` թոռ, ծոռ, զարմիկ, այլև ճանաչելու այնպիսի մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվում և ծառայում են ժողովրդին:
Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում. հյուրերը ունկնդրեցին աշակերտների ներկայացմամբ Գայի սխրագործությունների, նրա անցած հերոսական ուղու պատմությունը և դիտեցին տեսաֆիլմ տարբեր տարիներին Գային նվիրված միամսյակում կազմակերպված միջոցառումների մասին:
Տասնամյակների ընթացքում դպրոցում կատարված հսկայածավալ աշխատանքներում իր մեծ ներդրումն ունի Թ. Պետրոսյանը: Նա բանակի գեներալ Ի. Ն. Ռադիոնովի կողմից արժանացավ «Երկաթյա դիվիզիայի փառավոր ավանդույթների ժառանգորդ» հուշամեդալին:
Թ. Պետրոսյանը արդեն 30 տարի դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ հաստատակամորեն շարունակում է աշխատել` առաջնորդվելով լեգենդար Գայի սկզբունքով. «Հիշել անցյալը, հավատալ ապագային»:
Միջոցառմանը ներկա բարձրաստիճան զինվորականների անունից ելույթ ունեցավ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նա նշեց, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում ծնել է արժանավոր զավակներ` Գայ, Անդրանիկ, Նժդեհ, որոնք փառքով են պսակել ոչ միայն իրենց անունը, այլև հայ ժողովրդին: Նրանք այսօր էլ մեզ հետ են: Մենք նշում ենք նրանց հոբելյանները, որպեսզի նրանց անմահ հիշատակը ապրեցնենք սերունդների սրտերում, որպեսզի մեր օրերում էլ ծնվեն նրանց անվեհեր գործի շարունակողները:
Իր ելույթում Մաքսիմ Սինիցինը ևս նշեց այն գործի կարևորությունը, որ անում են իրենք Գայի անվան թիվ 129 դպրոցի հետ համատեղ: Նա պատմեց այն միջոցառումների մասին, որոնք ամեն տարի կազմակերպվում են Մոսկվայում գործող իրենց թանգարանում:
– Գայը չի մոռացվել ու երբեք էլ չի մոռացվի,- ասաց Մաքսիմ Սինիցինը:
Մաքսիմ Սինիցինը «Երկաթյա դիվիզիայի» թանգարանի կողմից մեդալ հանձնեց Գայի թիվ 129 դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանին և Գայի թոռնուհի Ն. Բժշկյանցին:
Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը արդյունավետ համագործակցության համար Մաքսիմ Սինիցինին պարգևատրեց «Հունան Ավետիսյան» հուշամեդալով:
Ավարտվեց տոնական միջոցառումը, սակայն, ինչպես ասում են, ոչինչ հենց այնպես չի ավարտվում, հանդիպումն անցյալի հետ շարունակվում է…
Մ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Բանակ և հասարակություն