Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՐՈՀՎԵԼՈՒ, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎԵԼՈՒ»



…Եթե 90-ական թվականների սկզբներին այդ երկրում ապրող բնիկ ազգային փոքրամասնություն-ները պատրաստ չէին անկախության, Ադրբեջանից անջատվելուն, ապա այսօր արդեն ձեւավորված որոշակի խմբեր կան, որոնք այդ գործը կարող են հաջողությամբ ավարտին հասցնել:

Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով է «վերակենդանանում» ղարաբաղյան հակամարտությունը: MK-ի այս հարցին պատասխանել է Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

-Որոշ փորձագետներ Մի-24 ուղղաթիռի հետ կապված սադրանքը գնահատում են որպես Արևմուտքի դրդմամբ Ռուսաստանի դեմ բացված «երկրորդ ճակատ»: Դուք համաձա՞յն եք նման գնահատականին:

-Համաձայն չեմ հիշյալ միջադեպը, իբրև Արևմուտքի կողմից պլանավորված սադրանք, ներկայացնելու տեսակետին: Իմ կարծիքով՝ այն ավելի շուտ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ստեղծված լարվածության արդյունք է: Լարվածություն, որի մեղավորը Ադրբեջանն է: Տարիներ շարունակ այդ երկիրը իր հասարակությանը դաստիարակել է հայատյացության ոգով և նաև այն համոզմունքով, որ հայերն իրենց թշնամին են և նրանց դեմ պետք է պայքարել ու կռվել մինչև վերջ: Այս բացասական արատավոր գաղափարը հատկապես ներարկվել է հայերի հետ սահմանամերձ զորամասերի ծառայողների ուղեղներում: Եվ այս լարվածությունը սահմանում պահպանվում է կազմակերպված սադրանքների միջոցով, դիպուկահարները անընդհատ կրակում են, ինչ-որ խափանարար խմբեր փորձում են ներթափանցել հայկական դիրքեր… Սա շատ հասկանալի մարտավարություն է: Ժամանակին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ նման մարտավարություն էր վարում նաև Սահակաշվիլին…

-Իսկ այդպիսով ի՞նչ խնդիր է լուծվում:

-Հանգիստ չտալ հակառակորդին, ստիպել զիջումների գնալ բանակցությունների սեղանի շուրջ… Ստեղծել ապրելու և գոյատևելու անտանելի պայմաններ հակառակորդի համար… Նման քաղաքականության արդյունքում այսօր սահմանին կանգնած ադրբեջանցի զինծառայողը էլեկտրականացված վիճակում է գտնվում և ցանկանում է օգտագործել ամեն հնարավորություն աչքի ընկնելու համար: Ահա հոգեբանական նման իրավիճակում է խոցվել հայկական ուղղաթիռը:

-Եվ զինծառայողը մեդալով է պարգևատրվել…

-Սահմանին կանգնած ադրբեջանցի զինծառայողները շատ լավ հիշում են Հունգարիայում քնած հային կացնահարած իրենց սպային, որը ոչ միայն չպատժվեց, այլև ազգային հերոս հայտարարվեց… Եվ ահա նրանք` սահմանին կանգնած զինվորները, այն տպավորությունն են ստացել, որ հային սպանելը փառքի և պարգևատրման հասնելու ամենակարճ ճանապարհն է:

-Այս ամենին ինչպե՞ս է արձագանքում հայկական կողմը:

-Բնականաբար, հայերն ստիպված են պատասխանել այդ ամենին:

-Հնարավո՞ր է, որ միջադեպը լայնամասշտաբ պատերազմի վերաճի:

-Ադրբեջանը շահագրգռված չէ նման պատերազմով, ավելի շուտ՝ նա ընդունակ չէ նման պատերազմ վարելու, չի՛ ձգի… Հետո, այդ պատերազմը նրա համար ողբերգական հետևանքներով է հղի. դա կհանգեցնի Ադրբեջանի վերջնական տրոհմանը: Եթե 90-ական թվականների սկզբներին այդ երկրում ապրող բնիկ ազգային փոքրամասնությունները պատրաստ չէին անկախության, Ադրբեջանից անջատվելուն, ապա այսօր արդեն ձևավորված որոշակի խմբեր կան, որոնք այդ գործը կարող են հաջողությամբ ավարտին հասցնել… Եվ Ադրբեջանին այլևս ոչ ոք չի պաշտպանի` ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը: Հարցականի տակ կդրվի նաև Ալիևների կլանի հետագա ճակատագիրը: Եվ եթե պատերազմը ձգձգվի, ու ակնկալած հաջողությունն ուշանա, ապա Ալիևը ոչ միայն գահընկեց կարվի, այլև նրան կսպառնա Լիբիայի առաջնորդի դաժան ու անփառունակ վախճանը: Այնպես որ, Ալիևը շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմով: Սակայն ստեղծված լարված իրավիճակի պատճառն ու պատասխանատուն միմիայն ինքն է, և չի բացառվում, որ դեպքերը զարգանան արդեն անկառավարելի սցենարով:

-Իսկ հայե՞րը:

-Հայերը խստագույնս զայրացած են այս անվերջանալի սադրանքներից: Բանակն անզուսպ մարտի է մղվում` պատժելու հակառակորդին: Կրկնեմ` նման լարված իրավիճակի է հանգեցրել Ադրբեջանի իշխանությունների վարած անհեռանկար քաղաքականությունը:

ՄԱՐԻՆԱ ՊԵՐԵՎՈԶԿԻՆԱ
Թարգմանեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


20/11/2014