Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԴԵՊ` ԵԴԵՍԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԻՑ



ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հայկական կոտորածի տարին Ուրֆա էի գնացել մի թուրքի հետ որոշ գործեր կարգավորելու համար, որին Աբդուլլա եմ անվանելու, եւ որը, երկար ժամանակ ճշտապահ լինելուց հետո, արդեն մի քանի ամիս չէր պատասխանում վաճառատան նամակներին:
Քաղաքի մեջ արդեն իսկ ջարդը վերջացել էր: Թե՛ թուրքական, թե՛ եվրոպական լրագրերը լուրեր էին հաղորդում, որ խաղաղությունը վերահաստատված է: Բացի այդ` բացառվում էր երկրորդ ջարդի հավանականությունը: Բեյրութից դեռ չմեկնած, տեսակցելով հյուպատոսի հետ, ապահովություն ստացա, թե այլեւս վախենալու առիթ չկա:
Ուստի` Ուրֆա հասա 1895-ի դեկտեմբերի 8-ին, ուրբաթ երեկո եւ իջեւանեցի մի հայաբնակ թաղամասի հարեւանությամբ: Հաջորդ օրը հանդիպեցի Աբդուլլային, որն ինձ սիրալիր ընդունելով հանդերձ հասկացրեց, որ տագնապալի իրադրության պատճառով իր համար դժվարին, գրեթե անհնար էր իր մուրհակները մարել, մանավանդ որ քրիստոնյաները, որոնք միշտ ճշտապահ էին թուրքերի հետ դրամական օգնության եւ իրենց վաճառականական հարաբերություններում, հիմի սարսափահար եւ կոտորածի վերսկսման վախով դուրս չէին գալիս իրենց տներից, եւ բոլոր գործառույթները դադարեցվել էին: Նա չէր ստում եւ կեղծած չէր լինի, եթե ասեր, թե քրիստոնյաների մեծամասնությունն արդեն իսկ կողոպտված է եւ մոխիրների վրա է նստած: Իսկ մի նվազ մասը, եթե կարողացել էր ինչ-որ բան ազատել, անշուշտ այն պահել էր մի ապահով տեղ, որտեղից, բնականաբար, չպետք է դուրս հաներ մինչեւ վերջնականապես խաղաղություն չհաստատվեր:
Իմ սենյակներից, որ, ինչպես ասացի, հայաբնակ մի թաղամասի հարեւանությամբ էր, հեշտությամբ կարող էի հետեւել այդ թշվառ ժողովրդին: Այդ դժբախտները՝ վախից կիսամեռ, երբեմն գրեթե սոսկալով փողոց էին դուրս գալիս, այն էլ այն դեպքում, երբ քաղցն ու ծարավը հարկադրում էին նրանց, եւ իրենց բախտավոր էին զգում, եթե հաջողվում էր տուն վերադառնալ առանց վիրավորվելու կամ ծեծվելու: Սակայն տնից դուրս գալու աղետալի անհրաժեշտությունն օր օրի ավելի ստիպողական էր դառնում եւ ավելի մեծանում: Պահեստավորված պաշարներն ու կահ կարասիքը թալանված, ոչնչացված էին հոկտեմբերի 16-ի դեպքերի ժամանակ: Բազմաթիվ հայեր գրեթե մերկ էին: Տղամարդիկ, կանայք, աղջիկները, մանուկները մնացել էին ծվեն-ծվեն ցնցոտիներով: Դժվար չէր կռահել, որ դրանք ինչ-որ ավազակների կողմից, որպես ոչ պետքական զգեստներ, դեն էին նետվել: Դրանք այդ խեղճ էակների համար ծառայում էին իրենց մերկությունը ծածկելու եւ սաստիկ ցրտերից լավ թե վատ պատսպարվելու համար: Բոլորը նիհար էին ու հիվանդ. տառապանքն ու սարսափը անջնջելիորեն դրոշմվել էին նրանց մեռելատիպ դեմքերին:
Ուրֆա հասնելուս երրորդ օրը, վաղ առավոտյան, ընդոստ արթնացա քնից: Ականջիս խեղդված հեծկլտանքի ձայներ էին հասնում: Բացեցի պատուհանս եւ ականատես եղա մի այնքան տխրազդեցիկ, այնքան սրտաճմլիկ տեսարանի, որին չեմ կարծում թե որեւէ մեկն իր կյանքում գեթ մեկ անգամ հանդիպած լինի: Ցնցոտիներով ծածկված մի մանկամարդ կին դռան շեմին ընկած էր ծնկների վրա: Քիչ այն կողմ՝ փողոցում, հողի վրա ընկած էին մի ծեր կնոջ ու մի մանկան անկենդան մարմինները: Կինը, չկարողանալով զսպել իր հեկեկանքը, գլուխը քարերին էր զարնում եւ մազերն էր փիտում իր մոր ու վերջին զավակի անկենդան դիակների վրա: Ավելի ուշ իմացա, որ այդ թշվառները զոհ էին գնացել ցրտին եւ այլ զրկանքներին: Արդեն երկու օր մահացած էին, բայց կինը, որ միայնակ էր, ստիպված էր եղել նրանց իր տան մեջ պահել եւ նրանց հատկացնել այն չոր խոտը, որ երկու ամիս ի վեր նրանց երեքին անկողին էր ծառայում: Արդեն իսկ առաջին կոտորածը նրանցից խլել էր հորը, ամուսնուն եւ երկու տղաներին. աղջիկը, համիդիեների ձեռքն ընկնելով, անհետացել էր:
Այն պահին, երբ ես անզոր կարեկցությամբ դիտում էի այդ խոցոտված կնոջը, որին արժեր քրիստոնեաբար «Մայր ցավոց» անվանել, փողոցն ամայի էր: Այսուհանդերձ, չէի համարձակվում փողոց դուրս գալ` սփոփելու համար մի բազմանդամ ընտանիքի ողբերգու դարձած այդ վշտակոծ ու խեղճ կնոջը, քանզի չարագույժ լուրեր էին պտտվում քաղաքում: Մոտալուտ հարձակման մասին լուրը համակել էր վերապրողներին:
Վերջապես այդ կինը, ոտնաձայներ լսելով, երկարատեւ ու սրտաբուխ համբույրներ դրոշմելով իր սիրեցյալների քարացած մարմիններին, ներս գնաց: Հազիվ էր տան դուռը փակվել, որ քաղցած շների մի ոհմակ, չգիտեմ որ ծակ ու ծուկից ելնելով, ընկավ դիակների վրա…: Ջղաձգաբար ձեռքերով փակեցի աչքերս:
Քիչ հետո կրկին նայեցի` ոչինչ չէր մնացել մարդկային էակներին պատկանող այն երկու մարմիններից: Միայն մի քանի շներ իրենց թաթերն ու դնչերն էին լիզում, եւ մի քանիսն էլ` կրծոտում էին ոսկորները…: Երեւում էր` կենդանիները սովոր էին այդ տեսակի խնջույքների:
♦♦♦
Նույն օրը, ամենախիստ պատիժների սպառնալիքով, կայսերական կառավարությունը մունետիկների միջոցով քրիստոնյաներին հրամայեց բացել խանութները: Միաժամանակ, իշխանությունը ոստիկանների հսկողությամբ հավաքելով հայերի ողջ մնացած ավագներին, կրկնում էր միեւնույն կարգադրությունը եւ միեւնույն սպառնալիքը, ավելացնելով սակայն, թե որեւէ խռովություն ու խառնակչություն թույլ չտալու համար միջոցներ է ձեռք առել: Ավելին` անշուշտ հայերին վստահություն ներշնչելու նպատակով բերել տվեց մի քանի թուրքի ու նրանց պատվիրեց սիրով ապրել իրենց հայրենակիցների հետ: Այդ միջոցին հայերն ու թուրքերը ողջագուրվեցին: Առաջինները, ինչպես միշտ` ապշեցուցիչ կերպով միամտորեն, շտապեցին այդ ուրախալի եղելությունը հաղորդել իրենց կրոնակիցներին: Այն օրը մի քանի խանութներ բացվեցին: Նույնիսկ հայեր եղան, որոնք առանց անհրաժեշտության համարձակվեցին փողոց դուրս գալ:
Հաջորդ` երկուշաբթի օրը, կառավարությունը, խաղաղությունը պահելու պատրվակով, հայերի ձեռքից առավ այն բոլորը, որ կարող էր զենք ծառայել, օրինակ` դանակներ եւ այլ նման իրեր: Խեղճերը կատարելապես անապահով էին, բայց ի՞նչ կարող էին անել: Ոստիկանները տներն էին խուժում եւ վերցնում էին գտածները, եւ որ ես այդպես էլ, ի՞նչ տրամաբանությամբ, չկարողացա հասկանալ, եթե որեւէ զենքի նմանող բան չէին գտնում` հինգ ոսկով տուգանում էին: Այս գումարը կամ փոխարժեքը տալու անկարող տանտերերին բանտ էին տանում, իսկ այրի մնացած տանտիրուհիներին մոլլաների եւ իմամների տներն էին ուղարկում` նրանց այնտեղ պահելու համար: Բայց որովհետեւ անվճարունակները բազմաթիվ էին, կառավարիչը հանկարծ փոխեց իր հրամանը. ոչ միայն նրանց այլեւս չհեռացրեց իրենց տներից, այլեւ` ազատ արձակեց բանտարկված տղամարդկանց եւ կանանց:
♦♦♦
Այդ օրն էլ, ի մեծ ուրախություն հայերի, անցավ առանց տհաճ միջադեպի:
Երեքշաբթի օրը ավելացավ բաց խանութների թիվը, քիչ թե շատ առեւտուր կատարվեց: Ժողովուրդը շունչ էր առնում եւ իր առջեւ առավել լավ օրերի հեռապատկեր էր տեսնում: Մի բան, որ զարմացրեց ինձ, այն էր, որ թուրքերը, մանավանդ ծեր թուրքերը, ինքնաբերաբար շտապում էին վճարել հայերին իրենց մանր-մունր պարտքերը:
Այդ օրը հայ քահանաները կարողացան առանց քարկոծելու գերեզմանատուն առաջնորդել չորս հանգուցյալների, որոնք ավելի քան երեսուն ժամ մնացել էին տներում: Այդ օրը մի ժամագործից տեղեկացա իր ողջ ընտանիքը կորցրած մանկամարդ կնոջ պատմության մանրամասների մասին: Ժամագործը նաեւ ասաց, որ չկար մի տուն, որ անձի կորուստ չունենար: Յուրաքանչյուր ընտանիք սգում էր սպանված կամ անհետացած մեկ կամ ավելի անդամների կորուստը: Քիչ չէին նաեւ իրենց հինգ-վեց անդամներով ոչնչացված ընտանիքները: Կոտորածից հետո, քանզի թուրքերը, համաձայն իրենց կրոնական հրահանգի, նախատելով մերժում էին դիակները վերցնելը, դրանք կամ շների կեր էին դառնում, կամ հրեաների միջոցով քաղաքից դուրս էին տարվում եւ նետվում էին մի փոսի մեջ, այնտեղ` շնագայլերի ճիրանների տակ բզկտվելու համար: Կանայք, բազմաթիվ կույսեր պղծվեցին, շատերն առեւանգվեցին համիդիեականների կողմից (հարկ է գիտենալ, որ այդպիսի դեպքերում թուրքերն ու զորքը հաճախ ծպտվում էին համիդիե տարազով): Մի խոսքով` ժամագործն ինձ պատմեց այնպիսի եղելությունների մասին, որոնց քստմնելիությունն աներեւակայելի է եւ աննկարագրելի: Դրան գումարած` գույքի եւ դրամի կորուստը: Չնայած սաստիկ ազդվել էի տեսածներիցս եւ լսածներիցս, դեռ հույս ունեի, որ պահանջներիս գեթ մի մասը կարող էի ստանալ եւ մեկնել քաղաքից: Նրանք, ովքեր բացել էին խանութները, կարծեք թե գոհ էին: Գնորդները մեծ մասամբ քրդեր էին, որոնք, իբր խաղաղասեր շրջողներ, պտտվում էին քաղաքում, ուշադիր զննելով բոլոր թաղամասերը:
Մինչ այս, մինչ այդ` ուրբաթն անցավ, եւ շաբաթ առավոտ գրեթե բոլոր քրիստոնյաները, ուրախությամբ լեցուն, իրենց գործերով էին զբաղվում: Ուրբաթը սպառնալի էր թվում նրանց: Վախենում էին, որ թուրքերը մզկիթներից ավելի կատաղած դուրս կգան: Ուստի` շաբաթ առավոտյան, եվրոպական ժամանակով մոտ ժամը տասին, հաշիվներս կարգի բերելու նպատակով խանութ վերադարձա, քանզի Աբդուլլան մասամբ հասկացրել էր ինձ, թե այդ երեկո պիտի վճարեր, թեեւ դա անհավատալի էր ինձ թվում:
Ինչեւիցե` հազիվ մի ժամ զբաղվել էի գործերով, երբ հանկարծ աղիողորմ աղաղակներին եւ դժոխային ժխորին խառնված հրազենի խառնիճաղանջ պայթյուններից խլացած` վեր ցատկեցի տեղիցս ու սլացա փողոց: Չեմ կարող ասել, թե այդ պահին ի՞նչ զգացողություններով էի համակված՝ վախի՞, թե՞ հետաքրքրության, չգիտեմ: Ճշմարիտն այն է, որ եթե խորհելու ունակություն ունենայի, պիտի փակվեի սենյակումս:
Խանութի դռան առջեւ ականատես եղա մի ահասարսուռ տեսարանի, որ երբեք չեմ կարող մոռանալ: Հայերը տարբեր կողմերից փախչում էին իրենց հետապնդող` դաշույններով զինված թուրքերից, այնինչ փողոցների ծայրերում դարանակալած կատաղի քրդերը հրազենով գնդակահարում էին փախչողներին: Մեռածներն ու վիրավորները բզկտվում էին, շատերն էլ կրունկի հարվածների տակ վերջին շունչն էին փչում: Չէր խնայվում ոչ ոք:

Շարունակելի

Նյութը վերցված է Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի կայքից

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Պատմության էջերից


28/04/2011