ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
Ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցումն աշխարհաքաղաքական խոր գործընթացների մի մասն է և միտված է փոխելու ուժերի դասավորվածությունը մերձավորարևելյան տարածաշրջանում: Մինչդեռ Բաքվի գործողությունների հետևում կանգնած ուժերի սպասելիքները չիրականացան. ստատուս քվոն կպահպանվի ևս անորոշ ժամանակով:
Նոյեմբերի 12-ին զորավարժություններին մասնակցող ուղղաթիռի խոցումը անակնկալ էր հայկական կողմի և նրա ռազմաքաղաքական դաշնակիցների համար: Այն իրականում ծրագրված քայլ էր` միտված ոչ միայն ապակայունացնելու իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության շրջանակում, այլ նաև խախտելու աշխարհաքաղաքական դասավորությունը տարածաշրջանում: Պատահական չէ, որ այն տեղի ունեցավ Ավստրալիայում Մեծ 20-ի ղեկավարների հանդիպումից առաջ: Ադրբեջանցի զինծառայողներին բարձրագույն հրամանատարությունից հրահանգ էր տրված` օգտագործել հնարավոր ցանկացած առիթ: Ադրբեջանում տեղյակ էին Հայաստանի և Արցախի զինված ուժերի համատեղ զորավարժությունների մասին, ինչը ամենապատեհ հնարավորությունն էր, որը եւ օգտագործվեց:
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Իրավիճակի ապակայունացումը ձեռնտու էր Ադրբեջանի ղեկավարությանը` ներքաղաքական գործընթացները ցանկալի հունով տանելու համար: Վերջին ամիսներին ադրբեջանական վերնախավը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների սուր քննադատության կենտրոնում, մասնավորապես երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարման և համատարած կոռուպցիայի պատճառով: Այնինչ, իրականում, Արևմուտքի կողմից նմանատիպ հարցերի բարձրացումը ոչ թե միտված է Ադրբեջանում ժողովրդավարության հաստատմանը, այլ Բաքու-Մոսկվա համագործակցության հեռանկարի խաթարմանը: Հետխորհրդային տարածքում հակառուսական համարվող ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) դաշինքում Ադրբեջանը միակն է, որ ներկայումս ոչ միայն չունի որևէ լուրջ տարաձայնություններ Կրեմլի հետ, այլեւ, ընդհակառակը, Եվրասիական միությանը ստեղծմանը մասնակցելու հրավեր է ստացել: Արևմուտքը փորձում է խաղարկել «արաբական գարունների» սցենարը` իշխող վերնախավի դեմ դուրս բերել երկրի մտավորականությանը, ապաեւ վերջ դնել վարչակազմին երկիր ներմուծվող ազգայնականների միջոցով: Արդեն հայտնի է, որ վերջերս Ադրբեջանում կտրուկ աճել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների թիվը, և վերջիններս գնալով տնտեսական լուրջ կարողություններ և լծակներ են ձեռք բերում:
Բնական է, որ ալիևյան վարչակազմը փորձում է ներքաղաքական հարցերի կարգավորման ճանապարհին կրկին խաղարկել հակահայկական քարոզչության տխրահռչակ խաղաքարտը՝ փորձելով արդարացնել նաև ռազմական ոլորտի մեծածավալ ծախսերը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Երկրի ներսում իր վարկը և կարողությունները փրկելու համար ալիևյան վարչակազմը փորձեց հերթական անգամ սիրաշահել Արևմուտքին` օգտագործելով Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածությունը, այն էլ` Բրիսբենում գերտերությունների ղեկավարների հանդիպումից առաջ: Եվ ստացավ իր մեծ եղբոր` Թուրքիայի աջակցությունը: Վերջինս շահագրգռված է կովկասյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ` միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայի հարցում իր մասնակցությունից շեղելու համար: Սիրիայի խնդրի շուրջ վերջերս Մոսկվայի և Անկարայի միջև նկատվում է դիվանագիտական լուրջ լարվածություն, և թուրքական վերնախավը փորձում է ապակայունացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Հենց այդ նպատակով դեռ նոյեմբերի սկզբներին տեղի ունեցան թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների այցերը Ադրբեջան, որոնց արդյունքում՝ Բաքվից ռազմատենչ հայտարարությունների նոր ալիք սկսվեց: Նախևառաջ Անկարան փորձում է լուրջ մարտահրավեր նետել Մոսկվային՝ փորձելով ապակայունացնել իրավիճակը Ղրիմում` իր հակառուսական ծրագրերն իրականացնելու համար: Վերջերս Անկարան լրջորեն զբաղված է այդ երկրամասի թաթար բնակչության մեջ հակառուսական կառույցների ստեղծմամբ և անջատողական տրամադրությունների ներդրմամբ` Ղրիմը համարելով իր «պատմական տարածքը»: Բացի այդ` Անկարային խիստ անհրաժեշտ է պատերազմ հրահրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, որպեսզի հայկական կողմին պատերազմի մեջ ներքաշելու միջոցով խոչընդոտի Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող հայոց ջանքերը: Միաժամանակ, Թուրքիան կրկին անգամ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաքելությունից և Ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեղափոխի իրենց համար շահեկան միջազգային հարթակ:
Փաստացի, Թուրքիան ուղղակիորեն օգտագործում է «փոքր եղբորը»` իրականացնելու իր տարածաշրջանային հավակնությունները: Անկարան պատրաստ է նույնիսկ «Իսլամական պետության» ներկայացուցիչների միջոցով ներսից ներազդելու Բաքվի վրա:
ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
«Իսլամական պետության» շուրջ տիրող իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` նոյեմբերի 11-ից 12-ը Ադրբեջան կատարած այցի բովանդակության վրա: Թուրքիայից ժամանող պաշտոնյաների խորհրդով այդ օրերին Բաքուն Կասպից ծովում իրականացրեց ուժի ցուցադրում, որի հասցեատերը ոչ միայն Իրանն էր, այլ նաև` Կասպից ծովի պաշարների վերաբաշխման հարցով վերջինիս համակիր Ռուսաստանը: Ադրբեջանի միջոցով Թուրքիան յուրահատուկ հղում է անում Իրանին, թե ինքը «Իսլամական պետության» հովանավորն է և թույլ չի տա Թեհրանին խառնվելու Հյուսիսային Իրաքի իրավիճակին և աջակցելու քրդերին: Նոյեմբերի 12-ին իրականացված հակահայկական սադրանքով էլ ադրբեջանական կողմը փորձեց մեղմել Ռոհանիի այցի շրջանակներում ունեցած դիվանագիտական անհաջողությունը: Ենթադրվող երկկողմանի հակահայկական հայտարարության փոխարեն Ադրբեջանը ստիպված եղավ լսել Իրանի նախագահի՝ Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու մասին հորդորը: Թեհրանը, սակայն, դրանով չբավարարվեց. նախագահի այցին հաջորդած իրանա-ադրբեջանական տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ մի քանի իրանական ձեռնարկություններ Բաքվում ներկայացան նոր քարտեզներով, որոնց վրա Ադրբեջանի տարածքը նշված էր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փաստացի կարգավիճակը: Օրեր անց իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ արագացնելու են հայ-իրանական համատեղ ծրագրերի իրագործումը և մեծացնելու են դրանց ֆինանսավորումը:
ՄԵԾ 20-Ի ԳՈՐԾՈՆԸ
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում տեղի ունեցած Մեծ 20-ի ղեկավարների գագաթաժողովն այս անգամ անցավ բավական լարված մթնոլորտում` որպես հետևանք Ուկրաինայում շարունակվող քաղաքացիական պատերազմի:
Ալիևյան վարչակարգը փորձեց սիրաշահել Արևմուտքին` ՌԴ ղեկավարությանը կանգնեցնելով նոր փաստի առջև: Այդ օրերին Արևմուտքին հաջողվեց համոզել Բաքվին արագացնելու դեպի Եվրոպա էներգակիրների ծրագրերի իրականացումը՝ որպես այլընտրանք ռուսական «Հարավային հոսք» ծրագրի: Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը, Ուկրաինայից զատ, կմեղադրվի տարածաշրջանային նոր կոնֆլիկտ հրահրելու, ապա նաեւ՝ Սիրիայում Ասադի ռեժիմը պահելու համար, կվտանգվեն նաև Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները:
Բարեբախտաբար, հայկական կողմի զսպվածության և զգոնության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել տարածաշրջանի համար վտանգավոր զարգացումներից: Հատուկ գործողության արդյունքում՝ ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանումով, ադրբեջանական քարոզչամեքենան որոշ ժամանակով լռեցվեց, թերևս մինչև նոր հրամայականը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ