«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»
Անցյալ տարի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Տանկիստ Յասոն` Գարիկ Եղիազարյանը, Քասախ գյուղում հուշարձան կանգնեցրեց իր զոհված ընկերների հիշատակին: Նա հուշարձանը կառուցեց տարիներով հավաքած իր թոշակով: Այդպիսի երդում էր արել, ուխտ արել իր զոհված ընկերների հիշատակի առջև:
Տեսանյութը դիտելով՝ մորեղբայրը՝ Անդրանիկ Ամիրյանը, որ ոստիկանության գնդապետ է և 30 տարիներ ի վեր ապրում է Չիտա քաղաքում, ցանկություն հայտնեց իր ծննդավայր Քուչակ գյուղում նույնպես հուշարձան-աղբյուր կանգնեցնել՝ ի հիշատակ Քուչակի զոհված ազատամարտիկների և զինծառայողների: Այս գյուղից Արցախյան պատերազմում զոհվել են ազատամարտիկներ՝ Սամվել Գևորգյան, Քյարամ Ղազարյան, Սամվել Ավետիսյան, Տիրան Գալստյան և զինծառայողներ՝ Կարեն Գրիգորյան, Կնյազ Ադամյան և Ավետիք Հովհաննիսյան: Վերջիններս եղել են հայոց բանակի առաջին զինվորներից և կարճ ժամանակում սովորելով տանկիստի մասնագիտությունը՝ հերոսաբար մարտնչել են հայրենի սահմաններում: Հուշարձանի բացումը կատարեցին Լաչինում զոհված տանկիստ Կնյազ Ադամյանի Նուշիկ մայրն ու հովանավոր Անդրանիկ Ամիրյանը: Այն տեղադրվեց եկեղեցու բակում, որի վերաբացման 6-րդ տարեդարձը նշվում է այդ օրը: Հուշարձանին փորագրված է՝ «Հայոց արծիվների հիշատակին»: Հովանավորը, որն ապրում է մանկության օրերի, հայրենի հողի կարոտը հոգում, շնորհակալական խոսք ասաց այս սուրբ գործում իրեն աջակցողներին:
-Հայը որտեղ էլ ապրի, միևնույն է՝ կարոտը նրան իր մանկության ճամփաներով միշտ տանելու է իր ծննդավայր, որտեղ իր նախնիներն են, իր հարազատները: Նա մշտապես հայացքը սևեռելու է իր հոգու խորքը, իր հոգու հայրենիքը, իսկ մեր իրական հայրենիքը պաշտպանել և շարունակում են պաշտպանել այս տղաները, որոնց անունները փորագրված են խաչքարին: Հավերժ փա՛ռք նրանց, – ասաց գնդապետ Անդրանիկ Ամիրյանը:
ՂՊՎ միության նախագահ Յուրա Միքայելյանը պատվոգրեր հանձնեց զոհված տղաների հարազատներին, գյուղապետին, իսկ բարերար Ա.Ամիրյանին հանձնեց պաշտպանության նախարար Ս.Օհանյանի պարգևը՝ «Հայկական բանակ-20-ամյակ» հուշամեդալը: Ներկաները Ս.Աստվածածին եկեղեցու բակում և Քուչակի տոնակատարությունների սրահում մասնակցեցին ճաշկերույթի: ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի կատարումները, Աշուղ Ռազմար Սասունցու երգերը, սասունցի ազատամարտիկ Արագած Մկրտչյանի (Բոնդո), Գագիկ Հովհաննիսյանի և համագյուղացիների ազգագրական պարերը նոր շունչ ու ոգի հաղորդեցին միջոցառմանը:
ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ
Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Բանակ և հասարակություն