Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵՐՆ ԵՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԳԱԼԻՔԻՆ…



Օրերս ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի հետ: Արայիկի կերպարը ճանաչելի և սիրելի է դարձել լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի (Հակբեր) շնորհիվ: Այդ լուսանկարը դարձավ Արցախյան պատերազմի այն բացառիկ լուսանկարներից, որոնցում արտացոլված է հայի ուժը, ոգին, հայրենիքի համար հպարտորեն կռվելու կարողությունը:

Անդրադառնալով արդեն իսկ պատմական դարձած լուսանկարի պատմությանը՝ Հակոբ Բերբերյանը նշեց. «Երբ լուսանկարում էի պատերազմական կադրեր, նկատեցի հաղթական և ուրախ վերադարձող մարտիկների խումբը: Տեսա` մեկը առանձին, տխուր, կամ, չգիտեմ, գուցե հոգնած, կանգնել է: Երբ հարցրի` ո՞վ է, ինչո՞ւ է առանձնացել, տղերքն ասացին` չգիտե՞ս, նա Միայնակ Գայլն է: Նրա կերպարը հայտնվեց ուշադրությանս կենտրոնում, և որոշեցի՝ հենց նրան էլ պետք է լուսանկարեմ: Երբ հայտնեցի մտադրությունս, դեմքի արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց: Խնդրեցի, որ ժպտա ու հենց այդ պահին, երբ ուզում էր զենքն ուղղել ու ժպիտով ինձ նայել, անմահացրի կադրը: Ինքնաբերաբար ստացվեց, և ուրախ եմ, որ ստացվեց այն, ինչ ցանկանում էի տեսնել»:

Հանդիսատեսը` հատկապես «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, հարցեր ուղղեցին Արայիկին, լսեցին նրա կոչը նոր սերնդին: Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաները ասմունքող-հաղորդավար Աննա Կոստանյանի գլխավորությամբ:

Ցերեկույթն իրենց ներկայությամբ պատվել էին «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, «Կին ազատամարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, Արայիկ Խանդոյանի ուսուցիչ Ադամ Ադամյանը, Երկրապահների «Բարձրուն» ջոկատի հրամանատար Խաչատուր Մարգարյանը և այլք:

ԼԻԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Բանակ և հասարակություն


27/11/2014