Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ



Նոյեմբերի 11-ին լրացավ հայկական բանակի զինվոր, աշտարակցի Նորիկ Թորոսյանի ծննդյան 19-րդ տարեդարձը:

Թորոսյանը ուսանելով տանկիստի, մասնավորապես՝ տանկի հրամանատարի մասնագիտությունը Արմավիրի ուսումնական կենտրոնում, իր հետագա ծառայության համար տեղափոխվեց այլ զորամաս: Ամիսներ անց էլ նախկին ծառայավայրում նրա վաստակած հարգանքն ու սերը ընկերների ու սպաների շրջապատում ստիպում է հիշել ու կարոտել Նորիկին:

Նրա առաջին հրամանատար Պապին Աբովյանը ուրախությամբ է հիշում իր լավագույն զինծառայողներից մեկին.

-Իսկական տանկի հրամանատար էր, հեշտությամբ էր յուրացնում ահռելի մեքենայի ցանկացած մասի գործառույթը: Նրան հանգիստ կարելի էր վստահել մյուսների ուսուցումը: Պարտաճանաչ էր ու խելացի:

Երեք ընկեր էինք, հարազատացել էինք: Ու հիմա երեքս էլ տարբեր զորամասերում ենք ծառայում: Համոզված եմ, որ Գարիկ Ալեքսանյանն էլ է Նորիկին կարոտել:

Նորիկի մայրը՝ տիկին Ալինան, հայրը` վարպետ Վազգենը, առաջին անգամ իրենց որդու ծննդյան տարեդարձը նշելու են առանց հոբելյարի: Նշելու են ու շնորհավորելու հայկական բանակի իրենց զինվոր որդուն և խաղաղություն են ցանկանալու բոլոր զինվոր տղաներին:

Հիշում եմ Նորիկի հոր` Վազգեն Թորոսյանի խոսքերը. «Բոլորս էլ ծառայել ենք, չեմ ասի, որ հիմա ավելի հեշտ է կամ ավելի դժվար: Ժամանակն անցնում է, ու փոխվում է կյանքը, հասակ է առնում նոր սերունդ, ձեւավորվում է այլ մտածելակերպ: Ու ամեն ժամանակ իր դժվարությունն ունի, պետք է հաղթահարել, սովորել, որպեսզի շարժվես ժամանակին համաքայլ: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլ կատարելիս չպետք է մոռանալ, որ դիմացինդ նույնպես սպասողներ ունի: Պետք է միայն կարևորել մարդկային ինքնասիրությունն ու փոխհարաբերությունները, որպեսզի հետո չզղջաս արածիդ կամ չարածիդ համար»:

Շնորհավորում ենք մեր քաջ ընկերոջը, զինվորին: Թող նրա ծառայության ժամանակը ակնթարթի պես թռչի` թողնելով հպարտության զգացում, բարի հուշեր ու նաև հայրենանվեր գիտելիքներ:

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Ազգային բանակ


27/11/2014