Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒՔ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՑԻՔ ԱՄԵՆ ՀԱՅԻ



Հայաստանում, ինձնից հազարավոր կիլոմետրեր հեռու կատարվող իրադարձությունները ոչ մի հայի հոգում, որտեղ էլ նա գտնվի, չեն կարող անսահման ցավի, տագնապի եւ հպարտության զգացումներ չառաջացնել: Ցավ` երիտասարդ հերոս մեր օդաչուների համար, տագնապ` մեր թշնամու, այո՛, հենց թշնամու եւ ո՛չ հակառակորդի, նենգ ու տմարդի պահվածքի համար, հպարտություն` մեր բանակի, մեր զինված ուժերի այն քաջ տղաների ու տաղանդավոր հրամանատարների համար, որ փրկեցին մեր ժողովրդի ու մեր բանակի պատիվը` թշնամու քթի տակից դուրս բերելով իրենց ընկերների մարմինները… Հավատացե՛ք, հեռվից ցավն ու հպարտությունը տասնապատիկ խորն ես զգում:

Օտարության մեջ ո՞ւմ մոտ սիրտս բացեմ ու պատմեմ իմ ցավի մասին, ո՞ւմ մոտ խոսեմ սիրտս պայթեցնող այս հպարտության մասին:

Ես այն մարդկանցից չեմ, որ տեղի-անտեղի հրապարակ են նետում իրենց հայ լինելը, նմաններից անգամ խորշում եմ, բայց մեր բանակն ինձ ստիպեց բարձրաձայն ասել, որ հպարտ եմ հայ լինելուս, հպարտ եմ այդ հող ու ջրի ծնունդ լինելուս, հպարտ եմ հայի ազգանուն կրելուս համար:

Երեւանից հետո ուսումս շարունակել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ հիմա ռուսաստանյան հայտնի մի ընկերության շահերն եմ պաշտպանում Ասիայի հարավարեւելյան մի շարք երկրներում` Թաիլանդ, Մալայզիա, Վիետնամ, Կամբոջա, Ինդոնեզիա, Մյանմար (նախկին Բիրմա)… Թվարկում եմ, որ ասեմ` որտեղ էլ գտնվել եմ, Հայաստանն իմ սրտի մեջ է եղել, եւ կարծել եմ, որ ներկայացնում եմ ոչ թե ինչ-որ ֆիրմա, այլ Հայաստանը, իմ երկիրը: Ամեն օր իմ աշխատանքային օրն սկսում եմ Հայաստանի մասին լուրեր կարդալով եւ ավարտում եմ դարձյալ լուրերով: Այդպես ինձ Հայաստանից կտրված չեմ համարում: Հիմա, երբ լարված է սահմանում, ավելի շատ հետաքրքրվում եմ մեր բանակով, մեր զինվորներով:

Ընդամենը շաբաթներ առաջ գնացի եւ ներկա եղա Մյանմարի քրիստոնեկան ամենահին սրբավայրի` Յանգոն քաղաքի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծմանը եւ արժանացա Հայրապետական այցով այնտեղ գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնանքին: Աշխարհի ծայրին գտնվող մի երկրում, որ հայերն իրենց համար հայտնաբերել են դեռեւս 17-րդ դարում, մենք` մեր եկեղեցում հավաքված մի բուռ հայերս, այդ օրը մի-մի մոմ վառեցինք մեր ընտանիքների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդի հարատեւության համար:

Մոտ օրերս ես դարձյալ մեկնելու եմ Յանգոն եւ այս անգամ հինավուրց հայկական եկեղեցում մեկական մոմ եմ վառելու մեր քաջ օդաչուներից յուրաքանյուրի հոգու հանգստյան համար եւ նաեւ հայոց բանակի ու նրա քաջարի զինվորների արեւշատության համար` մեր հայրենիքի անվտանգությունը ապահովելու եւ մեզ հպարտություն պարգեւելու համար:

Կեցցե՛ Հայաստանը:

ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Թաիլանդ, Բանգկոկ

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/11/2014