ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Որքան կուզեի ցույց տալ նյութիս հերոսի դեմքը, որքան կուզեի պատմել նրա սխրագործությունների մասին.. Բայց միայն անունը կարող եմ բարձրաձայնել՝ Նորայր: Ափսոս՝ չեմ կարող ասել ո՛չ նրա ազգանունը, ո՛չ ծննդյան վայրը, ո՛չ տարեթիվը, օրը.. Նրա կյանքի եւ ծառայության մանրամասները գաղտնի են պահվում… Նա հետախույզ է, հատուկ նշանակության վաշտի հրամանատար, լավագույններից մեկը հայոց բանակում, հատուկ առաջադրանքների անթերի կատարման վարպետ: Հետախույզների այս կարգախոսը` «Վասն հայրենյաց, բայց առանց փառքի իրավունքի», պարտադրում է ներկայացնել միայն նրա մտորումները ծառայության մասին:
Ես ձեռնամարտի հրահանգիչ էի: Հրամանատարությունն առաջարկեց ծառայության անցնել հատուկ նշանակության ստորաբաժանումում: Իհարկե, համաձայնեցի: Ինձ առաջադրանք վստահեցին միայն այն ժամանակ, երբ արդեն հաղթահարել էի ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները և կատարելության հասցրել հետախույզի իմ հմտությունները: Երբ հետախույզը չի ընդգրկվում որևէ առաջադրանք կատարող խմբում, նա տխրում է, որովհետև մեզ մոտ գլուխ պահելն ընդունված չէ. յուրաքանչյուրի համար պատիվ է հակառակորդին սանձելը, պատժելը, եթե նա փորձել է խաթարել կամ վտանգել մեր ժողովրդի խաղաղությունը…
Մեր տղաները շատ լավ են պատրաստված, ես առանց չափազանցության եմ ասում:
Հետախույզը մարդու տեսակ է, մասնագիտություն չէ. այսպիսի եզրակացության եմ եկել երկարամյա ծառայությունից հետո միայն: Վտանգը, պատասխանատվությունը մեծ է, ուստի հետախույզը պետք է գաղափարապես հասուն լինի, հստակ հասկանա՝ ինչո՞ւ է վտանգում սեփական անձը, հանուն ինչի՞… Ծառայությունը հատուկ նշանակության ստորաբաժանումում պետք է սեփական սկզբունքներիդ հետ համահունչ լինի… Հատուկ ստորաբաժանման զինծառայողը գլխում հարցեր չպիտի ունենա, այլ միայն պատասխաններ, հստակ ձեւակերպված պատասխաններ:
Երբ սահմանը անցնում ես եւ հայտնվում հակառակորդի թիկունքում, քո ներսում ոչինչ չպետք է փոխվի, պետք է քեզ զգաս ինչպես քո տանը, այսինքն` կատարյալ հանգիստ վիճակում: Շփոթվածությունն ու անհանգստությունը հետախույզի թշնամիներն են:
Հակառակորդի հատվածում քեզ ինքնավստահ զգալու համար կարեւոր է, թե ում հետ ես գնում առաջադրանքը կատարելու, ով է ընկերդ, նրան պիտի ավելի վստահես, քան ինքդ քեզ: Ես առանց վարանելու կյանքս պետք է վստահեմ ընկերոջս, այլապես մենք կձախողենք առաջադրանքը: Մեզ միավորում է նաև աշխարհընկալման եւ մտածողության նույնությունը: Նրա յուրաքանչյուր շարժում, աչքերի արտահայտություն, դիմագծերի խաղ ծանոթ են ինձ ու հասկանալի, ինչպես սեփականը: Դիմախաղը հետախույզի լեզուն է…
Հնարավոր չէ` մարդը չվախենա, վախը օրգանիզմի բնական հակազդումն է: Ուղղակի սովորական մարդն այն չի կարողանում կառավարել, եւ հաճախ վախը խուճապի է վերածվում: Հետախույզներիս շրջանում այլ է. վախը օգնում է, ստիպում կենտրոնանալ: Եթե չլինի վախի զգացողությունը, կգործես անփույթ, անջանք, կանտեսես մանրուքները, ինչը կվտանգի գործողության անթերի կատարումը…
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողը փառքի համար չէ, որ գնում է գործողության, սա, իրավամբ, ծառայություն է հանուն հայրենիքի… Կատարել առաջադրանքը եւ մնալ ստվերում` մեր ծառայության նախապայմանն է:
Ցուցադրական ելույթների ժամանակ կտեսնեք` ինչպես է հետախույզը հում-հում նապաստակ, օձ, կարիճ կամ գորտ ուտում: Բայց պետք չէ մտածել, որ նա վայրենի է… Գոյատևման, մարտական առաջադրանքի կատարման համար հետախույզն ստիպված է օգտագործել տեղանքի, միջավայրի ընձեռած սուղ հնարավորությունները, սնվել այն ամենով, ինչը սովորաբար չես ուտի… Առօրյա կյանքում հետախույզը ագրեսիվ չէ, բարի է, չափից ավելի զգացմունքային… ինչպես, օրինակ՝ ես (ժպտում է): Քանի որ իմ օրինակը բերեցի, ասեմ, որ ես աշխույժ, կատակասեր, հումորի զգացումով մարդ եմ, և բնավորությանս այս գծերը ինձ շատ են օգնում կյանքում, ուրեմն և` գործի մեջ:
Առաջադրանքից առաջ ամեն հետախույզ ինքն իրեն խոստանում է, որ վերադառնալու է, ինչ գնով էլ լինի… Ես էլ եմ նույնն անում. չէ՞ որ տանն ինձ սպասում է երեքամյա աղջիկս` Արեւիկս…
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան