ՄԵՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՔ ՉԿԱ
Նոյեմբերի 22-ն է: Հատուկ նշանակության զորամասը մի քանի ժամով վերածվել է ռազմադաշտի. նշվում է ազգային բանակի Հետախույզի օրը: Միջոցառմանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Բանակի կատարելագործման, զարգացման, բարեփոխումների շնորհիվ հայ հետախույզները հասել են մի այնպիսի աստիճանի, որ այլեւս նրանց առջեւ որեւէ արգելք չկա: Մեր հետախույզները պատրաստ են ցանկացած իրավիճակում հասնել հաջողությունների, ստեղծել զսպման մեխանիզմներ հակառակորդի կամ այն հարեւանների համար, որ կփորձեն սադրանք կազմակերպել: Այստեղ, թե Արցախում պարտադրելու եւ պատժելու միջոցով մենք անսասան ենք պահելու մեր ժողովրդի անդորրը:
2014 թ., որը առանձնահատուկ էր մեզ համար, հատուկ նշանակության ստորաբաժանումները կարողացան կանխել բոլոր սադրանքները եւ պատժել հակառակորդին, նրանք բարձր պահեցին մեր ժողովրդի արժանապատվությունը, զինծառայողների մարտական ոգին:
Ձեզ նմաններն են, որ այսօր էլ առաջին գծում անհրաժեշտության դեպքում կանխում են ցանկացած ոտնձգություն: Ձեզ նմաններն են, որ մի քանի օր առաջ կարողացան հակառակորդի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին եւ երկուսի մասունքները հետ վերադարձնել:
Սփոփանքի խոսքերի հետ միասին, որոնք ուղղված պետք է լինեն զոհված օդաչուների հարազատներին, մենք նաև պետք է հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, նրանք իրենց առջեւ դրված այդ բարդ խնդիրը պատվով են կատարել:
Մենք խստացնելու ենք մեր ծառայությունը առաջնագծում, ինչպես նաեւ` դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, բայց դրանք ուղղված են լինելու խախտումների դեպքերը կասեցնելուն:
Մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պատասխան ենք տալու ցանկացած սադրանքի:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Պաշտպանության նախարար
Սակրավորի հանդերձանքը, կոշիկները նախատեսված են հակահետեւակային եւ ֆուգասային ականների պայթյունից պաշտպանվելու համար, այն շերտավոր է եւ հնարավորություն է տալիս աստիճանաբար կասեցնելու հարվածային ալիքը, արդյունքում` առաջադրանք կատարողը կարող է ընկնել, բայց վնասվածք չստանալ: Հանդերձանքը ամերիկյան արտադրության է եւ պաշտպանում է բեկորներից:
Լուսանկարում աջից հայկական ականորսիչն է` արտադրված 2013 թ.-ին: Այն չի զիջում ռուսական նմանակին, ունի վերալիցքավորվող մարտկոցներ, լիցքավորման սարք, որը նախատեսված է տարբեր պայմաններում կիրառելու համար:
Հետախույզին արգելվում է իր հետ վերցնել փաստաթղթեր, նամակներ, գրքեր, թերթեր եւ դրամ, նա չպետք է իր հետ վերցված քարտեզների վրա կատարի որեւէ նշում զորքերի տեղակայման վերաբերյալ, նա վիրավոր կամ զոհված ընկերոջը չպետք է թողնի հակառակորդի տարածքում:
Բարձրահարկ շենքերի տանիքներից գլխիվայր սողալու հնարքը պահանջում է բարձր վարպետություն եւ կամային հատկություններ:
Արագ արձագանքման խումբը իրականացնում է պարաններով արագացված դեսանտավորում առանց ապահովման: Ուղղաթիռը 20 մետր բարձրության վրա է: Դեսանտավորումը սովորաբար իրականացվում է գիշերային ժամերին կամ ցերեկը` վատ տեսանելիության պայմաններում:
Այնքան հեշտ ու հանգիստ, ինչպես կարագ կտրելը...
«Փոքր Մհեր» կրթահամալիրի հատուկ նշանակության ջոկում` «Կարիճներում» կրթում են դիմացկուն, կարգապահ, հոգեպես կայուն, առողջ, ամուր, զրկանքները հաղթահարող անձանց:
Մարտապար. կատարում են հատուկ նշանակության ստորաբաժանման կին զինծառայողները: Մարտապարում մեծ նշանակություն ունի ճիշտ շնչառությունը, շարժումների արագությունը: Շարժումները հղկելուն եւ կատարելագործելուն օգնում է հայելին:
Մերձամարտում հզոր զենք է սակրավորային բահը: Այն կարող է կիրառվել ե՛ւ որպես դաշույն, ե՛ւ որպես կացին: Ճիշտ նետման դեպքում` զենք է: Նետման ամենահամապատասխան տարածությունը 5-8 մետր է:
Խումբը հաղթահարել է պահպանվող շինության պատը, թափանցել է ներս, ոչնչացրել անձնակազմը, առգրավել փաստաթղթերը...
Անխոցելիները
Կապիտան Սարգիս Ստեփանյանը ամիսներ առաջ մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով կորցրել է աջ ձեռքը եւ ստորին վերջույթները: Ըստ արժանվույն գնահատելով Սարգիսի խիզախումը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգեւատրվել է «Արիության» մեդալով: Պարգեւը կապիտանին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բարի վերադարձ շարք»,- վանկարկում են զինակից ընկերները:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝
#46 (1064) 27.11.2014 – 3.12.2014,
Ազգային բանակ,
Ուշադրության կենտրոնում