Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՌՈՒՆԿ, ՈՒՍՏԻ՞ ԿՈՒԳԱՍ…



Պատմում է Լեվոն Գեվորգյանը

-Մեր ու թշնամու միջեւ ականապատ դաշտ էր։ Խորը աշուն էր՝ մառախուղ ու անձրեւ… Մեկ-մեկ երկինքը բացում էր դեմքը, ու կարոտով նայում էինք աշնան արեւի թույլ շողերին, փորձում ջերմանալ… Ոտքից-գլուխ թրջվել էինք, արդեն երկրորդ օրն էր՝ քաղցած էինք, եւ վաղ առավոտից նորից սկսված մարտը այդ ամենը մոռացության էր տվել։ Թշնամու կողմից կրակե կարկուտ էր թափվում, փորձում էին թեւերից ճեղքել պաշտպանությունը։ Օրն արդեն թեքվում էր մայրամուտ, երբ դադարեց մարտը։ Զգացվում էր՝ թշնամին նույնպես հոգնած էր, քաղցած։
Այդ պահին երկնքում երեւաց կռունկների երամը։ Հանդարտ, անտեղյակ պատերազմի կրակոցներին՝ իրենց լայն թեւերը թափահարելով, սեպաձեւ շարվածքով անցնում էին մեր ու թշնամու գլխավերեւով։
-Կռունկ, մեր աշխարհեն ի՞նչ խաբրիկ ունիս,- փորձեց կատակել տղաներից մեկը, սակայն կատակը շարունակություն չունեցավ, որովհետեւ երկինք ուղղված թշնամու կրակահերթերից խառնվեց երամն, ու թռչուններն առանց առաջնորդի, աղեկտուր ձայներով արագացրին իրենց թռիչքը։ Նրանցից մեկը մի պահ հետ մնաց ու քիչ անց անշարժացած, քարի նման վար ընկավ։ Ընկավ ու լայն թեւերով փռվեց մեր ու թշնամու միջեւ տարածված ականապատ դաշտում։ Ոգեւորված գոռում-ճչում էին ադրբեջանցիները։ Քիչ անց նրանցից մեկը քարից քար թռչկոտելով սկսեց մոտենալ կռունկին։ Իսկական ներկայացում էր, երկու կողմից էլ դարձել էինք հանդիսական ու ոգեւորում-քաջալերում էինք համարձակին։ Սակայն ճանապարհի կեսից ադրբեջանցին սկսեց հետ նայել, ու զգացվում էր, որ կորցնում է վստահությունը։ Մի քանի թռիչք էլ անցնելով նա երկար կանգնեց ու երեւի առաջ գնալու հարմար հենարան չգտնելով՝ հետ դարձավ։ Թշնամու ձայները մարեցին։ Երկինք էր ելնում աշնան կրակի ծուխը…
Չնայած ընկերներիս արգելքին՝ այս անգամ էլ ես որոշեցի փորձել բախտս։ Երբ օրորվելով, քարից քար թռչելով սկսեցի մոտենալ կռունկին՝ նորից աղաղակ բարձրացավ։ Ադրբեջանցիները քիչ առաջվա ոգեւորությամբ կանչում էին, բղավում. «Յախշի կարդաշ մալադեց»։ Երեւի պատվի հարց էր, որովհետեւ քանի-քանի անգամ հենման կետ չունենալով՝ երեւի պետք է հետ դառնայի, սակայն ոտքս դնում էի ականապատ հողին։ Երբ հասա թեւատարած կռունկին, երկու կողմից էլ ձայները լռեցին… Կռունկը վերցրի եւ հետ դարձա։ Վերադարձը կրկնակի դժվար էր, որովհետեւ անկեղծ ասած թիկունքից անընդհատ կրակոցի էի սպասում։ Կրակոց չեղավ։
Երբ հասա դիրքեր, տղաները մեծ ոգեւորությամբ, ցնծությամբ ինձ դիմավորեցին, սակայն երեւում էր նրանց դեմքերին այն լարվածությունը, այն ապրումները, որով կիսել էին իմ կյանքի գինը՝ այդ կարճ ու երկար ճանապարհն անցնելիս.
-Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս,- նորից նույն հարցումն արեց մարտական ընկերս՝ Գեւորգը։
Սակայն այս անգամ չկատակեց, ասաց տխրությամբ։ Ջոկատի տղաներով մոռացել էինք քաղցը։ Թեւատարած կռունկը բոլորիս խոհերի գիրկն էր տարել։
Կռունկների երամն արդեն վաղուց հեռացել էր, սակայն աղեկտուր կանչերը դեռ երկար ժամանակ լսելի էին։ Պատերազմ էր, ու այդ օրվա զոհը հայոց երկնակամարով անցնող մի թռչուն էր, որին դար ու դարեր իրենց բնօրրանից կտրված պանդուխտները հարցում են արել.
-Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս…
Եվ չնայած ցրտին ու քաղցին, մեզ համար այս անգամ պատասխանը հստակ էր՝ զգում էինք հաղթանակի, խաղաղության շունչը հայոց երկնքում…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Հոգևոր-մշակութային


28/04/2011