ԳԻՏՆԱԿԱՆ ԷՐ ԵՎ ՄԱՐՏԻԿ
Մտավորականների ընտանիքում ծնվեց եւ մեծացավ Լեւոն Լիսիցյանը։ Հայրը նշանավոր ազգագրագետ, մանկավարժ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, Թիֆլիսի հայկական առաջին գիմնազիայի հիմնադիրն էր, նույնպես մանկավարժ եւ հասարակական գործիչ։
Բնական է՝ այսպիսի ընտանիքում ծնված զավակը պետք է ձգտեր կրթության։ Լեւոնը, ոսկե մեդալով ավարտելով Թիֆլիսի գիմնազիան, մեկնեց արտասահման եւ ընդունվեց Մոսկվայի համալսարան, սակայն ուսանողական շարժումներին մասնակցելու համար վտարվեց, ստիպված նորից մեկնեց արտասահման եւ ուսումը շարունակեց Վիեննայի համալսարանում։ Այդ շրջանում էր (1912-1913 թվականներ), որ ծանոթացավ ավստրիացի հայտնի գիտնական, հայ ճարտարապետության հետազոտող Ստրժիգովսկու հետ, ընդգրկվեց նրա գիտական արշավախմբի կազմում եւ Թորոս Թորամանյանի հետ մեկնեց Արեւմտյան Հայաստան՝ ուսումնասիրելու եւ չափագրելու հին հայկական ճարտարապետության շատ հուշարձաններ։ Մտքով իսկ չէր անցնում, որ մեկ-երկու տարի անց ինքն այդտեղ է գալու բոլորովին այլ առաքելությամբ՝ մասնակցելու թուրք բռնակալների դեմ իր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարին։
Լեւոնն արդեն ճանաչում էր գտնում որպես ազգագրագետ, բանասեր եւ պատմաբան, գրում էր հոդվածներ, հանդես գալիս դասախոսություններով, երբ պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Նա չէր կարող մնալ Եվրոպայում, երբ իր ժողովուրդն օրհասական ճիգեր էր գործադրում դիմադարձ կանգնելու իրեն նետված ահեղ մարտահրավերներին եւ ոչ միայն գոյատեւելու, այլեւ, օգտվելով հակամարտող կողմերի հակասություններից, հասնելու իր դարավոր իղձին՝ անկախությանը։ Լեւոնը թողեց ամեն ինչ եւ Արեւմտահայաստան վերադարձավ արդեն որպես կամավորական։ Մտավ թիվ 5 հայկական կամավորական ջոկատի մեջ եւ որպես մարտիկ կռվեց Իգդիրի, Դիարբեքիրի, Բայազետի, Սարիղամիշի ճակատներում։ Գրիչը փոխարինեց զենքով, եւ դա իր կամքն էր, պարտքն ու պարտականությունը։
Պատերազմի բերած արհավիրքներից մեկը հայերի տեղահանությունն էր հայրենի բնօրրանից։ Հայը մեռնում էր ոչ միայն գնդակից, այլեւ գաղթի ճանապարհներին՝ սովից ու ցրտից։ Ստեղծվեց հայ գաղթականների եղբայրական օգնության կոմիտե, եւ Լեւոնը, որ հրաշալի գիտեր ռուսերեն եւ կարող էր թարգմանչի դեր կատարել հայ գաղթականների ու ռուս զինվորականների միջեւ, նշանակվեց այդ կոմիտեի լիազոր-ներկայացուցիչը Բայազետում։ Ծանր եւ պատասխանատու պարտականություն, որ ստանձնեց Լեւոնը։ Նամակներից մեկում նա գրում է. «Գիտեինք, որ գնում ենք գրավված գավառներում հայ բնակչությանը օգնելու, ինքնապաշտպանություն, կարգուկանոն հաստատելու»։ Այդ շրջանի գրած նամակներում ցայտունորեն գծագրվում է Լեւոնի՝ ջերմ հայրենասերի հրաշալի կերպարը։ Մեծ տառապանք էր ապրում՝ տեսնելով հայ գաղթականների անվերջ շարանները, նրանց անլուր տառապանքները, բայց եւ հավատում էր՝ հայ ժողովուրդը ուժ ունի ապրելու, նա պետք է ապրի։ Եվ հենց այդ հավատով է, որ մեծ զբաղվածության մեջ, աշխատանքի կարճատեւ դադարներին, ժամանակ գտավ եւ կատարեց Թալիշում իր իսկ հայտնաբերած հայկական հնագիտական արժեքների ֆոտոպատճեններն ու հոգ տարավ դրանք Պետերբուրգի հնագիտական ընկերությանն ուղարկելու մասին։ Եվ դա ապագան տեսնելու գիտնականի բնազդն էր։
Պատերազմի ավարտից հետո՝ 1919թ., Թիֆլիսում կազմակերպվեց ռազմապատմական հանձնաժողով, որի խնդիրն էր հավաքել փաստագրական նյութեր եւ դրանց հիման վրա նկարագրել հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ Հանձնաժողովի քարտուղարը Լեւոն Լիսիցյանն էր, որն իր այդ նոր աշխատանքում մշտապես վայելում էր Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աջակցությունը։
Կարճ ապրեց Լեւոն Լիսիցյանը՝ ընդամենը երեսուն տարի (1891-1921), բայց ապրեց բեղուն մի կյանք՝ որպես գիտնական ու մարտիկ՝ ամբողջովին նվիրաբերվելով իր ժողովրդի ապագային։
Էջը՝ Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Հոգևոր-մշակութային