ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ
«Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը». այս հաղորդագրությունը փոխեց «Հայ զինվոր» պաշտոնաթերթի սովորական աշխատանքային ռիթմը: Թերթը տպագրվում է շաբաթը մեկ պարբերականությամբ եւ զրկված է դեպքերին օպերատիվ արձագանքելու հնարավորությունից: Ուստի խմբագրակազմը շեշտը դրեց վերլուծական նյութերի, մասնագիտական մեկնաբանությունների վրա:
Այդ լարված օրերին հրապարակվեցին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ մեր լրագրողներ Սամվել Հարությունյանի եւ Գայանե Պողոսյանի ծավալուն ու բացառիկ հարցազրույցները, որոնք ամբողջական և մանրամասն տեղեկություններ էին պարունակում ինչպես ընթացող աննախադեպ զորավարժությունների, այնպես էլ դավադրաբար խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրերի, ապա և իրականացված հատուկ գործողության վերաբերյալ: «ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ»,- ՊԲ հրամանատարի այս խոսքը, որ ընտրվել էր որպես հարցազրույցի գլխագիր, այդ օրերին դարձավ ամենամեջբերվողը և հայտնվեց ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի թե՛ հեռուստաընկերությունների էկրաններին, թե՛ պարբերականների էջերում և թե քաղաքական գործիչների շուրթերին:
Վերոհիշյալ հարցազրույցներն ընդհանուր առմամբ ունեցել են 17 հազար դիտում, 350-ից ավելի հավանում, 86 կիսում, հարյուրավոր մեկնաբանություններ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝
«Իմացե՛ք, որ հայ երիտասարդությունը Ձեր կողքին է, պարոն հրամանատար, եւ կպայքարի մինչեւ վերջ»,- արձագանքել է օգտատեր Դավիթ Սարգսյանը:
Արտակ Միրզոյանը այսպիսի գրություն է թողել՝ «Հրամանատարը եթե ասում է, ուրեմն՝ հարվածը, իրոք, դաժան է լինելու: Հարկ եղած դեպքում մենք էլ կօգնենք»:
Ահա Աբրահամի մեկնաբանությունը. «Չեն մարսելու այդ սադրանքը, հավատում եմ մեր բանակի ուժին»…
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»
Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Բանակ և հասարակություն