Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԾԱՌԻ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԱԾ ՃՅՈՒՂԵՐԸ



Մեծ եղեռնը ճղակոտոր արեց Հայոց ծառը, բայց թթենի էր այդ ծառը, հզոր արմատներ ուներ, եւ որքան էլ խփեց խորշակը, որքան էլ հողմեր ու շանթեր տեղացին նրա սաղարթներին՝ ծառը դիմացավ, եւ վերընձյուղվեցին նրա ճյուղերը։ Հայն ապրեց՝ աշխարհին տալով իր հանճարի փայլը, իր ոգու հզոր ճառագումները։ Յաթաղանից փրկված շատ ու շատ հայորդիներ՝ սփռված մոլորակով մեկ, ոչ միայն հաստատեցին ապրելու իրենց իրավունքը, այլեւ դարձան համաշխարհային անուններ՝ փառք ու պատիվ բերելով իրենց ծնած ժողովրդին։ Դա մի յուրօրինակ վրեժխնդրություն էր յաթաղանավոր թուրքից, շառաչուն ապտակ բոլոր նրանց երեսին, որոնց հանցավոր լռության տակ կատարվեց արյունոտ ոճիրը։
Ստորեւ՝ Եղեռնից փրկված եւ աշխարհում փառահեղ անուն հանած մի քանի հայերի մասին։

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

Տասնհինգ տարեկան չկար Ոստանիկը, երբ թուրք ասկյարը ներխուժեց հայրենի Խորգոմ, որ խաղաղ մի գյուղ էր Վանի նահանգի Հայոց ձոր գավառում։ Հրի ու սրի մատնվեց ամեն ինչ, եւ Ոստանիկը մոր ու քույրերի հետ բռնեց գաղթի ճանապարհը, որը նրան ի վերջո Ամերիկա տարավ։ Նկարչական ձիրքն ակնհայտ էր, եւ Ոստանիկն ավարտեց Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926)՝ արդեն այդ տարիներին իրեն դրսեւորելով որպես կայացած, հասուն նկարիչ՝ փայլուն ապագայով։ Ոստանիկ Ադոյանն արվեստի աշխարհում անուն հանեց որպես Արշիլ Գորկի։ Ազգանվան ընտրությունը պատահական չէր՝ ծանոթացել էր ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու դառը կյանքի պատմությանը եւ հարազատություն տեսել նրա ու իր միջեւ։
Հենց սկզբից Արշիլ Գորկու համար ստեղծագործական ներշնչման աղբյուր դարձան հայրենի բնության պատկերները, ծեսերն ու ավանդույթները, որ դաջվել էին հիշողության մեջ։ Նա հավերժացրեց հարազատ Խորգոմը՝ ստեղծելով նրան նվիրված նկարաշար, որն ամենուր ընդունվեց որպես կերպարվեստի գլուխգործոց։
Ուսումնասիրելով հայ եւ համաշխարհային մշակույթը՝ Արշիլ Գորկին ստեղծեց արվեստի մի աշխարհ, որ միայն իրենն էր։ Նա հիմք դրեց նկարչական նոր ուղղության, որը որակվեց որպես «էպիկական խորհրդապաշտության տիեզերական արտահայտություն»։ Նրա նկարները տեղ գտան աշխարհի առաջնակարգ թանգարաններում ու պատկերասրահներում, ցուցադրվեցին բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում (1963)։
Մեծ նկարիչը կապված էր իր հայրենիքին, մշտապես հետեւում էր նրա անցուդարձին։ 1932-ին նա Երեւան ուղարկեց չորս գործ, իսկ 1941-ին ֆաշիզմի դեմ կռվող խորհրդային բանակին օգնելու նպատակով կազմակերպված վաճառք-ցուցահանդեսին նվիրեց երկու նկար։

ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆ

Փուշմանյաններն ապրում էին Դիարբեքիրում, ու երբ սկսվեցին հայկական կոտորածները, հազիվ խույս տալով յաթաղանից՝ ընտանիքով ապաստան գտան ԱՄՆ-ում։ Նրանց մեջ էր պատանի Հովսեփը, որը դառնալու էր համաշխարհային կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ՝ ճանաչվելով որպես Հովսեփ Փուշման։ Ապրել եւ ստեղծագործել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Փարիզում։
Ամերիկյան Գրանդ Սենթրալ Արթ Գալերիս կազմակերպությունն ամեն տարի անց էր կացնում ցուցահանդես՝ որոշելով տարվա լավագույն նկարչական ստեղծագործությունը։ 1929-ի ցուցահանդեսում, որին մասնակցում էր 250 նկարիչ, լավագույնը ճանաչվեց եւ առաջին մրցանակի արժանացավ Փուշմանի «Երբ իջնում է երեկոն» նկարը։
Փուշմանի կտավները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում եւ պատկերասրահներում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Փըթի Պալե, Միննեպոլիսի, Ռոքֆորդի թանգարաններում, Միլուոկիի արվեստի ինստիտուտում եւ այլուր։
Նշանավոր հայորդին կապված էր հայ իրականության հետ, դեռեւս 1928-ին հեռակա ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, ակտիվորեն մասնակցել «Անի» հայ արվեստագետների ընկերակցության ստեղծմանը եւ եղել նրա առաջին նախագահը։
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող չորս նկարներ, որոնք պատկանում են Փուշմանի վրձնին, նկարչի որդիների՝ Արսենի եւ Արմանի նվիրատվությունն են մշակութային այդ օջախին։

ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ

Եղեռն ապրած ընտանիքից էր սերում նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը։ Հայրենի Ռոդոստոն ավերակվեց, եւ նրա ընտանիքը բռնեց գաղթի ճանապարհը՝ մշտական բնակություն հաստատելով Ֆրանսիայում (1930)։ Աշոտը կրթություն ստացավ ֆրանսիական լիցեյում եւ իր աշխատանքային գործունեությունն սկսեց որպես լրագրող՝ 1945-ին «Մարսելյոզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հոդվածաշար տպագրելով Հայկական հարցի մասին։ Արձագանքը մեծ էր, Աշոտին սպասում էր լրագրողի փայլուն ապագա, սակայն, ի վերջո, նա ընտրեց կինոյի ճանապարհը, որն սկսեց նշանավոր կինոկատակերգու Ֆերնանդելի մասնակցությամբ զվարճալի կարճամետրաժ ֆիլմերի նկարահանմամբ։ Առաջին լիամետրաժ ֆիլմով («Սեղան մեռածների համար», 1951) Անրի Վեռնոյը մտավ ֆրանսիական լավագույն կինոռեժիսորների շարքը։ Նրա հետ սկսեց պայմանագրեր կնքել ամերիկյան կինոարդյունաբերության կենտրոնը՝ Հոլիվուդը, որով ֆրանսահայ կինոռեժիսորը մտավ միջազգային ասպարեզ։ Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի հանրաճանաչ դերասաններ, ինչպիսիք են Ժ. Գաբենը, Ա. Դելոնը, Օ. Շերիֆը եւ շատ ուրիշներ։
Անրի Վեռնոյին մշտապես ուղեկցել է Մեծ եղեռնի թեման, որի արծարծումը կինոյում նա համարում էր իր պարտքը հարազատ ժողովրդի հանդեպ։ Ստեղծագործական երկար տքնանքից հետո վերջապես լույս աշխարհ եկավ նրա «Մայրիկ» կինոնկարը, որը ինքնակենսագրական բնույթ ունի՝ փաստորեն Ֆրանսիա գաղթած իր ընտանիքի պատմությունն է։ Հոր դերում կինոյի նշանավոր վարպետ Օմար Շարիֆն է, մոր դերում՝ հանրահայտ կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն։ Ֆիլմը լայնորեն շրջել է աշխարհի կինոէկրաններով, բազմիցս ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ։
1980-ին Անրի Վեռնոյը եկավ Հայաստան, մոտիկից ճանաչեց իր նախնիների հայրենիքը։

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Հոգևոր-մշակութային


28/04/2011