Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՌԻԿ ԴԻՐՔԵՐ



Ցամաքային սենսորների կիրառումը մարտական պահպանության ժամանակ

2010 թ.-ից սկսած՝ Հայաստանի գիտական և մանկավարժական հիմնարկությունների աշխատակիցները ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի առաջարկությամբ մեկնում են ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր, որտեղ հանդես են գալիս բազմաբնույթ դասախոսություններով: Բացի դասախոսություններից, հաճախ տեղի են ունենում մտերմիկ զրույցներ, որոնց ընթացքում մեզ հայտնի են դառնում ինչ-ինչ «ռազմական գաղտնիքներ»: Մի շարք պաշտպանական տեղամասերում հակառակորդի և մեր զորքերի միջև եղած տարածությունը նվազագույն է, ուստի մեր զինվորները աչալրջությամբ՝ հատկապես գիշերները և անբարենպաստ եղանակին, հետևում են հակառակորդին: Այսուհանդերձ, մի շարք դեպքերում դժվար է լինում բացահայտել հակառակորդի այս կամ այն դիվերսիոն հետախուզական գործողությունը վերը նշված և այլ պատճառներով: Հայտնի է, որ դիրքերի առաջնային գծում տեղադրված են փշալարեր, ականադաշտեր, զինվորական զանազան հնարամիտ ինքնաշեն «սարքեր», որոնք տեղեկացնում են հակառակորդի մոտենալը: Մեր կարծիքով, սակայն, դրանք բավարար չեն պաշտպանական շրջաններում ծառայությունը լիարժեք իրականացնելու և հակառակորդի այս կամ այն անակնկալ գործողությունը կանխելու և համարժեք պատասխան տալու համար: Կարծում ենք, որ հիմնախնդրի լուծմանը կնպաստեն մի շարք առաջարկություններ, որոնք մենք քաղել ենք տարբեր աղբյուրներից:

Ներկայումս տարբեր տերությունների զինված ուժերում լայնորեն ներդրվում են ցամաքային սենսորային տարբեր լուսա-էլեկտրոնային, ձայնային, մագնիսական, ինֆրակարմիր, սեյսմիկ և ռադիոտեղորոշիչ սարքեր, որոնք, սակայն, ի զորու չեն ամբողջությամբ իրականացնելու պաշտպանական տեղամասի հսկողությունը, եթե կիրառվում են առանձին: Միայն համալիր գործադրման դեպքում ահազանգման նշված միջոցները կարող են գործել արդյունավետ և տեղեկացնել հակառակորդի զինուժի կամ զրահատեխնիկայի տեղաշարժի մասին: Այսպես, սենսորային տեխնիկական միջոցները կարող են տեղեկացնել հակառակորդի մարդուժի, իսկ սեյսմիկ միջոցները՝ զրահատեխնիկայի տեղաշարժի մասին: Այստեղից հետևում է, որ միայն համալիր կիրառման դեպքում հնարավոր է նման տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումը:

Հակառակորդի զինուժի տեղաշարժը հայտնաբերելու նպատակով մի շարք երկրների բանակներ կիրառում են մանրաթելային-էլեկտրոնային և ինֆրակարմիր սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել հակառակորդի տրանսպորտային միջոցները մինչև 100 մ հեռավորության վրա, իսկ մարդուն մինչև 30 մետր տարածության վրա:

Արտասահմանի բանակներում օգտագործվում են նաև ակուստիկ տեխնիկական միջոցներ, որոնք զգալիորեն օգնում են հակառակորդի զինուժի տեղաշարժը վերահսկելու ժամանակ: Իսրայելական բանակում լայնորեն կիրառվում են համապատասխան տեխնիկական միջոցներ՝ ինֆրակարմիր ճառագայթներով աշխատող հատուկ հեռուստատեսային տեսախցիկներ, որոնք կարող են հայտնաբերել մարդուն մինչև 2,5 կմ տարածության վրա: Այս տեխնիկական միջոցը՝ Mugi (Mini Unattended Ground Imager) աշխատում է մարտկոցով մինչև 80 օր և ապահովում է տեսանելիություն մինչև 20 կմ:

Վերը նշված տեխնիկական միջոցների հետ կիրառվում են նաև ինքնավար վիճակում աշխատող ձայնային, ջերմային, մագնիսական սեյսմիկ սարքեր: Մի շարք զինված ուժերում կիրառում են սենսորների տեղադրման յուրահատուկ ձև՝ դրանք հակառակորդի դիրքերն են ուղարկվում ականանետների օգնությամբ:

Ձայնային սարքերը հնարավորություն են տալիս հայտնաբերելու հակառակորդի ցածր թռչող սարքավորումները, կատարվող հողային աշխատանքները, մարդկանց ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Սենսորներն աշխատում են տարբեր ռադիոհաճախականությամբ և կարող են հայտնաբերել ինչպես մեկ, այնպես էլ շարժվող մարդկանց և թրթուրավոր մեքենաները 200-ից մինչև 800 մետր տարածության վրա:

Բայցեւայնպես, որքան էլ տարաբնույթ և բազմազան տեխնիկական միջոցները գնալով լայն կիրառում են ստանում աշխարհի բանակներում, գլխավոր շարժիչ ուժը շարունակում է մնալ զինծառայողը:

Ռ. ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ռազմական


11/12/2014