ԵՂՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ
Շարքային Սմբատ և Գուրգեն Եղոյան զույգ եղբայրներին ներկայացնում են որպես օրինակելի զինվորների: Նրանք կարգապահ են, հրամանները կատարելու հարցում պատրաստակամ, դասերը պատրաստում են ժամանակին, ազնիվ ու անկեղծ են ընկերների հետ:
-Չեմ ուզում առանձնացնել մյուսներից, բայց, իրոք, հրաշալի զինվորներ են, ծառայում են գիտակցաբար,- ասում է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հ. Նարիմանյանը և հեռանում, որպեսզի մենք առանձին զրուցենք:
Հովհանես Շիրազի անվան հիմնական դպրոցից հետո նկարելու տաղանդով օժտված Սմբատն ընդունվել է Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջ, իսկ Գուրգենը նախ ընդունվել է արհեստագործական, սովորել խոհարարի մասնագիտություն, որից հետո էլ՝ ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ:
-Այժմ սովորում ենք հրաձիգի, մարտական հերթապահություն կատարող զինվորի մասնագիտությունը: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ շատ հեշտ է արվում՝ զենքը վերցնում ես ձեռքդ, գնում դիտարկման, բայց այդպես չէ, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հերթապահության գնալուց առաջ երիտասարդ զինվորը պետք է կոփվի, սովորի մարտավարամասնագիտական առարկաները, որովհետև հերթապահությունը միայն դիտարկմամբ չի սահմանափակվում: Թշնամին դիմում է դիվերսիոն գործողությունների, հարձակման փորձեր է անում, և դիրքում կանգնած զինվորը չպիտի խուճապի մատնվի, այլ ջոկի հրամանատարի կողմից նշանակված կրակակետում ճիշտ դիրքավորվի, կատարի նրա հրամանները: Պաշտպանության ընթացքում ջոկի ներդաշնակումն ապահովելու համար կարող են լինել տարբեր հրամաններ, որովհետև յուրաքանչյուր զինվոր պաշտպանում է նախ հայրենի հողը, ապա պաշտպանական դիրքը, իրեն և իր ընկերներին: Կռվի ընթացքում զինվորը չպետք է դառնա պարզապես կուրորեն հրամաններ կատարող: Նա պիտի գնահատի, վերլուծի իրավիճակը և, եթե պետք է, ինքնուրույն որոշումներ կայացնի ու կատարի, իհարկե համաձայնեցնելով ջոկի հրամանատարի հետ, որպեսզի վերջինս իր հաջորդ քայլերի համար ճիշտ որոշումներ ընդունի,- ասում է Սմբատը, իսկ եղբայրը շարունակում է խոսքը.
– Մենք սովորում ենք ոչ միայն պաշտպանվել, այլ նաև հարձակվել, որովհետև եթե հրադադարի պայմանագիրն ուժը կորցնի, հարձակվելու ենք, որպեսզի ազատագրենք մեր հողերը և մեր կամքը, խաղաղության պայմանները թելադրենք թշնամուն:
-Զորավարժությունների մասնակցե՞լ եք:
-Փոքր խմբերով, օրինակ` «Ջոկը պաշտպանությունում» թեմայով զորավարժություններ անցկացնում ենք դասացուցակին համապատասխան:
Մարտական դիրքի հնարավորությունն ունեցող ուսումնական կետում անցկացվող այդ վարժանքները օգտակար են: Ոչ նման հաճախականությամբ, բայց մասնակցել ենք նաև դասակի և վաշտի կազմերով զորավարժություններին:
-Լա՞վ է, որ միասին եք ծառայում:
-Լինելով զույգեր, կյանքում միշտ իրար հետ ենք եղել, բանակային կյանքի փորձությունն էլ միասին կհաղթահարենք,- ասաց Գուրգենը:
Սմբատը հումորով ավելացրեց.
-Հաղթահարել պրծել ենք, ինչ մնաց որ:
Ա. Ն.
Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ, Ճակատագրեր