Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐ



Աֆղանստանում գտնվող ամերիկյան բանակի ստորաբաժանումները որոշ քանակությամբ XM2010 նոր դիպուկահար հրացաններ են ստացել: Թեև դրանք Մ-24 դիպուկահար հրացանի արդիականացված տարբերակն են, փոփոխություններն այնքան մեծ են, որ զինվորականները նոր անվանում են շնորհել դրան: Մասնավորապես, նոր հրացաններում օգտագործվում է ՆԱՏՕ-ի չափանիշներից տարբերվող Winchester Magnum (7,62×67մմ) փամփուշտ: Դրա շնորհիվ նշանառու կրակոցի հեռավորությունը 800-ից հասել է 1200 մետրի: XM2010-ը ունի արագ փոխարինվող Titan-QD խլացուցիչ, որը 98 տոկոսով պակասեցնում է կրակոցի պահին փողից դուրս եկող կրակի լուսավորությունը, հետհարվածը` 60 տոկոսով, իսկ կրակոցի ձայնը` 32 դեցիբելով: Հրացանի վրա տեղադրվել է Leupold Mark ֆիրմայի օպտիկական նշանոց՝ նշանակետային ցանցի փոփոխվող լուսավորությամբ: Այն հնարավոր է փոխարինել նաև գիշերային տեսանելիության նշանոցով: Կան նաև այլ տարբերություններ:
Ամերիկյան բանակի համար դիպուկահար հրացանների մատակարարման պատասխանատուն Remington ընկերությունն է: Պայմանագիրը նախատեսում է զինվորականների համար 2,5 հազար միավոր զենքի արդիականացում և վերածում XM2010 տարբերակի, նաև թույլ է տալիս ընկերությանը 3,6 հազար հրացան արտադրել կամ արդիականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Գործարքի արժեքը 28 միլիոն դոլար է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/04/2011