Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ



-Ապրել աշխարհում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Մեկին բարի խոսք ասելու համար, մեկի ցավը ամոքելու համար, ի վերջո, ապրել՝ քո օրինակով ոգեւորելու ընկճվածներին ու հուսահատներին:

Ապրել, որ ինչ-որ մեկին ասես` ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ…

Բազմակետերի փոխարեն ես տարբեր բառեր եմ գրում ու ջնջում՝ հերոս, արիասիրտ, արտասովոր… Գրում եմ ու ջնջում, որովհետև այդ բառերից և ոչ մեկը ի զորու չէ լիովին բնորոշելու կապիտան Սարգիս Ստեփանյանին՝ այն մարդուն, որը նստած է իմ առջև ու ասում է՝ մարդու ուժը ոտքերի ու ձեռքերի մեջ չէ, այլ այստեղ… ու միակ ձեռքով ցույց է տալիս սիրտը: Առանց ձեռքի ու ոտքերի էլ կարելի է ապրել՝ ասում է նա… Իսկ իմ ուղեղում խառնաշփոթ է. իմ գլխում մեկը մյուսից անհեթեթ հարցեր են ծնվում: Նա ասես լսում է իմ մտքերը…

-Սարգիս, առաջին անգամ ես չգիտեմ՝ ինչի՞ց սկսել, ես չեմ գտնում զրույցի ծայրը… ես այնքան հպարտ եմ քեզնով…

-Ես ուզում էի նույն այդ բառերն ասել հորս ու չէի համարձակվում: Ամեն անգամ, երբ հայրս զինվորական համազգեստով, ավտոմատն ուսին վերադառնում էր ճակատից, ուզում էի ասել՝ պա՛պ, ես հպարտ եմ քեզնով: Բայց ամաչում էի:

-Իսկ ես ահա ասացի…

-Ես սիրում եմ ուժեղներին: Միշտ էլ սիրել եմ: Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ասում են՝ ո՞վ, եթե ոչ ես: Ովքեր չեն փախչում վտանգներից, չեն թաքնվում ուրիշի թիկունքում… Ես սիրում եմ հաղթողներին:

-Իսկ ինչպե՞ս հաղթել քեզնից ուժեղին՝ ցավին, հիասթափությանը, տառապանքին…

-Ամենամեծ հաղթանակը ինքդ քո դեմ տարած հաղթանակն է: Քո վախի, քո մորթապաշտության…

-Ի՞նչն է մարդուն դրդում ինքնազոհողության, ի՞նչը կարող է ավելի ուժեղ լինել, քան ապրելու ցանկությունը:

-Գեղեցիկ ապրելը… Նույնիսկ՝ գեղեցիկ մեռնելը… Բոլորս էլ ուզում ենք նշանակալի լինել, բացառիկ: Ուզում ենք ուժեղ ու ազատ զգալ մեզ: Ես ծանրամարտիկ եմ եղել, սպորտի վարպետ եմ: 113 անգամ թռել եմ պարաշյուտով: Երբ վայրկյանում 40 մետր արագությամբ ազատ անկում ես ապրում, կյանքը տեղափոխվում է ուրիշ չափագրություն, որտեղ ուժի և ազատության սահմանները ջնջվում են. աներևակայելի վայելքի 15 վայրկյան:

-Հատուկ նշանակության զորքը այնտեղ է, որտեղ վտանգ կա, որտեղ պետք է քաջություն, ինքնազոհություն: Ինչպիսի՞ն է կյանքը լինել-չլինելու սահմանագծին, ի՞նչ է կյանքը 30-31 տարեկան այն տղամարդու համար, ով ապրում է մահվան հարևանությամբ:

-Ամենահավանական վտանգի ժամանակ անգամ դու չես մտածում մահվան մասին: Դու ու մահը երբեք չեք հանդիպում: Երբ ականը պայթեց, ու ես հասկացա, որ ձեռքս ու ոտքերս չկան, երբ երեքուկես լիտր արյուն կորցնելուց հետո զգում էի, որ գիտակցությունս ուր որ է կմարի, մեկ է՝ կյանքին հրաժեշտ չէի տալիս, ապրելու մասին էի մտածում: Բայց կա մի բան՝ երբ վտանգը միշտ կողքիդ է, երբ մասնագիտության բերումով ռիսկը առօրյայիդ մասնիկն է, թերևս ենթագիտակցորեն կյանքիդ յուրաքանչյուր օրը համարում ես բախտից տրված նվեր ու ուզում ես գեղեցիկ ապրել, ուզում ես շատ բան հասցնել: Մի տեսակ շտապում ես… շտապում ես սիրել, արարել, վայելել, տալ…

-Ասում են՝ Դուք եք զանգել ու խնդրել, որ թույլ տան մտնել ականապատ տարածք՝ հակառակորդին դիմակայած ընկերոջը փրկելու համար:

-Ես Արմենին ճանաչում էի, ասացին, որ հնարավոր է՝ ողջ լինի: Շտապում էի՝ արագ հասնեմ, վախենում էի՝ կմահանա: Չհասկացա՝ ականն ինչու պայթեց, կարծես թե ամեն ինչ ճիշտ էի անում: Ընկերս անմիջապես օգնության հասավ ինձ: Ես տեսա նրա այլայլված դեմքը… արյունը առվի պես հոսում էր…

-Դուք նրան ասե՞լ եք՝ մի՛ վախեցիր…

-Ասացի՝ ամեն ինչ լավ է: Երբ ընկերս ինձ քաշելով դուրս հանեց տարածքից, հասկացա, որ պիտի ապրեմ:

-Ինչո՞ւ քաշելով, ինչո՞ւ չէր գրկել:

-Հակառակորդի դիպուկահարները կարող էին նկատել: …Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…

-Հետո՞…

-Ես հաղթեցի… Ես հասկացա, որ հաղթեցի պատերազմը: …Երբ արթնացա, ստուգեցի ոտքերս:

-Ասում են՝ հարցրել եք, թե արդյոք ապրե՞ց այն տղան, որին փրկելու համար ականապատված դաշտ էիք մտել:

-Լավ չեմ հիշում, կարծեմ՝ մինչև վիրահատությունն եմ հարցրել: Երբ հասկացա՝ ոտքերս չկան, ցանկացա ծառայակից ընկերոջս տեսնել: Ենթագիտակցորեն՝ ուժ էի ուզում ստանալ նրանից: Հետո հորս կանչեցի, բայց նա չեկավ: Չեկավ նաև հաջորդ օրը. սիրտ չէր անում ինձ տեսնել: Հետո վախվորած դուռը բացեց ու շփոթված կանգնեց շեմքին: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ ազատամարտիկ հայրը… Այնքան ցավալի էր: Ասի՝ պա՛պ, ամեն ինչ լավ է, միանգամից փոխվեց, ժպտաց… Հետո տղաներս եկան, մեկը 10 տարեկան է, մյուսը՝ 8: Իրենց տղամարդավարի պահեցին: Փոքր տղաս ասաց՝ պա՛պ, զինվորական եմ դառնալու, որ քո կիսատ թողած գործը շարունակեմ:

-Ամենադժվարը սկզբի՞ց էր, թե՞ հետո…

-Ամենադժվարը այն էր, որ չէի կարողանում շարժվել: Ես եռանդուն մարդ եմ, ակտիվ կյանքով եմ ապրել… ու հանկարծ՝ անկողնում, անշարժ… Պաշտպանության բանակի հրամանատարին նստած դիմավորեցի, մեդալս նստած ստացա: …Երազում էի այն պահը, երբ ոտքի կկանգնեմ ու կզգամ հասակս: Երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ էր հանձնում «Արիության համար» մեդալը, ես ինքս մոտեցա նրան, մեդալը վերցրի: Նախարարը արցունքոտվեց: Ասաց՝ թույլ տուր գրկեմ քեզ: Ու գրկեց ամուր, ասաց՝ խոնարհվում եմ քո առաջ: Մեր հերոս նախարա՛րը այդպես ասաց:

-Քեզ ճանաչե՞լ է նախապես:

-Այո՛: Նույնիսկ ուսումնառության տարիներին հովանավորել է ինձ: Երբ հոսպիտալում էի, երկու անգամ ինձ այցելության եկավ: Հարցրեց՝ ո՞նց ես, ասացի՝ լավ եմ, պարոն նախարար:

-Ասացիք՝ լա՞վ եք, երբ ժամեր առաջ էիք անդամահատվել:

-Ես չեմ հանձնվելու: Դեպքից չորսուկես ամիս է անցել, բայց արդեն քայլում եմ: Քեզ մեր տուն չեմ կանչել, այլ ինքս եմ եկել նախարարություն: Շուտով ծառայության դուրս կգամ: Ես երազանքներ ունեմ, չէ՝ նպատակներ: Թռչելու եմ պարաշյուտով: Գետնին չեմ կարող իջնել, Սևանի վրա եմ իջնելու, ջրի մեջ: Լեռնագնացությունն էլ չեմ թողնելու:

-Ձեր ինքնակենսագրականում կարդացի, որ օդադեսանտային պատրաստության և լեռնագնացության հրահանգչի դասընթացներ եք անցել արտերկրում: Ես հավատում եմ, որ կթռչեք ու լեռնագնացությունն էլ չեք թողնի:

-Քո հավատը ինձ ուժ կտա: Ինձ ուժ կտա այն ծանոթ-անծանոթ մարդկանց սերը, ովքեր պաշարել էին հիվանդասենյակս, երբ ես հոսպիտալում էի: Այնքան բան կա ապրեցնող: Այն բժիշկների հոգատարությունը, որոնք հոսպիտալում կողքիս էին, ընկերներիս նվիրումը. նրանք ոչ մի վայրկյան ինձ մենակ չեն թողել, հարազատներիս սերը… Ի վերջո, ինձ ուղղված քո հպարտ, հիացական հայացքը, լացդ զսպելու ճիգը: Իմ կյանքը լի է սիրով ու բարությամբ, ու ես պիտի իմ բաժին լույսը տամ կյանքին:

-Դուք ոչ մի անգամ չարտաբերեցիք հայրենիք, հայրենասիրություն բառերը…

-Ես առանձնության մեջ եմ աղոթում…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ազգային բանակ


25/12/2014