Ի ՆՊԱՍՏ ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉԻ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Զորակոչից զորակոչ ավելանում են հանձնաժողով դիմողների թիվը. եթե իր գործունեության մեկնարկին (2009 թ. աշուն) հանձնաժողովը քննարկել է 48 դիմում, ապա վերջին` 2014 թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովն ստացել է 316 դիմում եւ բողոք: Դրանց 96.2 %-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման եւ գնահատման հարցերին: Ընթացք է տրվել 243-ին: Բավական է նշել, որ առողջական խնդիրներին առնչվող հանձնաժողովի միջնորդագրերի հիման վրա 46 զորակոչիկի տրվել է տարկետում, 18-ն էլ ճանաչվել են խաղաղ ժամանակ ծառայությանը ոչ պիտանի եւ հաշվառվել են պահեստազորում:
Հանձնաժողովն այս պահի դրությամբ 80-ից ավելի դիմում-բողոք է ստացել: Դրանք կանոնավոր կերպով կքննարկվեն շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին. «Չի լինելու անարձագանք դիմում»,- վստահեցնում է Գեղամ Հարությունյանը:
Դիմում-բողոքների երկու երրորդը հանրապետության մարզերից են: Անցյալ զորակոչին հանրապետությունում գործող 45 զինկոմիսարիատներից 43-ում հաշվառված զորակոչիկների վերաբերյալ դիմումներ են ստացվել: «Զորակոչի գործընթացում քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները պետք է պաշտպանվեն: Հանձնաժողովը գործում է այս հանձնառությամբ՝ զորակցելով արդարության եւ օրինականության սկզբունքները խորությամբ արմատավորելու պաշտպանության նախարարի հստակ պահանջին»,-ընդգծում է հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված են հարաբերությունները զորակոչային մարմինների հետ, հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունները սեղմ ժամկետում պետք է քննարկվեն եւ պատասխանվեն:
Ցանկալի արդյունքին հասնելուն, խնդիրները լիարժեք կատարելուն նպաստում են նաեւ հանձնաժողովի որդեգրած աշխատանքային սկզբունքները: Մենք ներկա գտնվեցինք հանձնաժողովի նիստին, ականատես եղանք դիմումներից երկուսի քննարկման ընթացքին եւ կարող ենք նշել, որ այդ սկզբունքներից ամենակարեւորը թերեւս հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունն է: Դիմումները քննարկվում են դիմումատուների (զորակոչիկի եւ նրա ծնողի) մասնակցությամբ, բաց ռեժիմով, այսինքն՝ կարող են ներկա լինել նաեւ լրատվամիջոցները: Դիմումատուն կարող է միջամտել քննարկման ընթացքին: Անհրաժեշտության դեպքում տեղում կատարվում է նաեւ զորակոչիկի մարմնական զննություն, ինչպես, օրինակ, զորակոչիկ Միլազմ Շամոյանի դեպքում էր:
Նրա վերաբերյալ դիմում էր ներկայացրել մայրը՝ Գյուլշա Շամոյանը: Զորակոչիկ Շամոյանը հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, «Նորք» հոգեբուժական կլինիկայում: Ախտորոշվել է ողնաշարի կրծքային հատվածի աննշան սկոլիոզ, մտավոր պակասություն եւ պուստուլյոզ կորյակներ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը սահմանող ՊՆ 410-13 հրամանի համապատասխան հոդվածով՝ նա ճանաչվել է` «Պիտանի է զինծառայության սահմանափակումով»: Դիմողը համաձայն չէր ընդունված որոշմանը, խնդրում էր վերանայել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ զորակոչիկի պապը եւս տառապել է հոգեկան հիվանդությամբ, իսկ ինքը՝ զորակոչիկը, ագրեսիվ է եւ միշտ խնդիրներ է ունեցել դպրոցում:
ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Գ. Թեփելիկյանը նախ զննեց երիտասարդին, այնուհետեւ հանձնաժողովի անդամները տարաբնույթ հարցեր ուղղեցին նրան: Հանձնաժողովը որոշեց՝ միջնորդագիր ներկայացնել եւ ԿԲՀ-ում կրկին փորձաքննել զորակոչիկին հոգեբույժի եւ մաշկաբանի կողմից. «ԿԲՀ-ի որոշման մեջ արտացոլված չեն վարքային խանգարումները, որի վառ ապացույցը ձախ նախաբազկի շրջանում առկա ինքնավնասումների սպիներն են: Նաեւ զինակոչիկը պետք է մաշկային բուժում ստանա, եթե նա նման կորյակներով հայտնվի զորամասում, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում քրտնի, վիճակը ավելի կբարդանա»,-պարզաբանեց փորձագետը: Դիմողը հանձնաժողովի կայացրած որոշումից գոհ էր:
Հանձնաժողովը մեծ կարեւորություն է տալիս փաստաթղթային բազային, այն պետք է լինի ամբողջական: Մենք ականատես եղանք՝ ինչպես է հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում զորակոչիկ Էդուարդ Կարգանյանի փաստաթղթերը: Նա հետազոտվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Ախտորոշվել է ինսեկտային ալերգիա, սիստեմային (անաֆիլաքսիայի) ռեակցիայի զարգացումով: «Ինտերմիտվող (սեզոնային) ալերգիկ ռինիտ: Խուսափել պրոֆիլակտիկ պատվաստումներից» ախտորոշմամբ Կարգանյանը ճանաչվել է պիտանի ծառայության համար: Զորակոչիկի հայրը՝ Վահան Կարգանյանը, սակայն համաձայն չէ. «Միջատի խայթոցից որդիս մի քանի անգամ խիստ վատացել է, ընդհուպ մինչեւ շնչահեղձություն եւ ուշագնացություն»: Նա խնդրում էր մանրակրկիտ հետազոտել որդու առողջական վիճակը:
Հանձնաժողովը միջնորդեց ՀՀ զինկոմին՝ կրկնակի անդրադառնալ զորակոչիկի պիտանիության հարցին, քանի որ հետազոտական ակտում նկարագրված է անաֆիլակտիկ ռեակցիա, որի դեպքում, ըստ ՊՆ 410-13 հրամանի, զորակոչիկին տրվում է տարկետում:
Հանձնաժողովը ոչ միայն քննում է դեպքերը եւ լուծում տալիս դրանց, այլեւ աշխատանքի ընթացքում հնարավորություն ունի դիտարկելու զորակոչի բնորոշ երեւույթներն ու հարցերը և ընդհանրացնելու դրանք: «Համատեղ աշխատանքի շնորհիվ զորակոչի հետ կապված շատ հարցեր, մտահոգություններ այլեւս օրակարգում չեն, մասնավորապես՝ զինկոմիսարիատների կողմից զորակոչիկին հետազոտական ակտերի, բժշկական փաստաթղթերի պատճենների տրամադրումը: Նախկինում դժգոհությունները շատ էին, ստիպված էինք լինում հաճախ միջամտել, իսկ այժմ նման անհրաժեշտություն չկա»,-նշում է Գ. Հարությունյանը: Նրա կարծիքով՝ զորակոչի գործընթացում դրական դինամիկ փոփոխություններ են կատարվում, որոնք ամրապնդում են հասարակության վստահությունը. «Օրինակ՝ ծառայության վայրի ընտրությունը վիճակահանությամբ կատարելու նորամուծությունը, որն էապես նվազեցրել է կոռուպցիոն ռիսկերը: Կարեւոր է նաեւ կցագրման փուլում նախատեսված պարտադիր բուժհետազոտությունների ցանկի ընդլայնումը. այժմ արդեն այդ փուլում կատարվում է որովայնի ներքին օրգանների սոնոգրաֆիա եւ էլեկտրասրտագրություն, ինչը թույլ է տալիս վաղ հայտնաբերել առողջական խնդիրները եւ կանխարգելիչ, բուժիչ միջոցառումներ իրականացնել: Այս զորակոչի ընթացքում պատվաստումներն արդեն իրականացվեցին սովորականից 2-3 ամիս առաջ, պոլիկլինիկաներում: Սա հնարավորություն է ընձեռում խուսափել բարդություններից, որոնք, ցավոք, եղել են նախկինում: Այս զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովներն ավելի վաղ են սկսել աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կատարվում են կրկնակի հետազոտություններ»,- իր դիտարկումներն ամփոփեց Գեղամ Հարությունյանը:
Զորակոչիկների առողջությանն առնչվող բողոքների 40 %-ը հասցեագրվում է հանձնաժողովին, որը վկայում է այս կառույցի արդյունավետության, ինչպես նաեւ դրա նկատմամբ հասարարակական վստահության աճի մասին:
Հանձնաժողովի վերջին նիստը կկայանա հունվարի 26-ին: Դրանից հետո դիմումներ չեն ընդունվի` քննարկելու եւ ընթացք տալու ժամանակ չլինելու պատճառով:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում