Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՍՊԱՆԵՐԻՆ



Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները հանձնելով` նախարարն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կեցության պայմանները մշտապես բարելավվելու հարցը, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարանով:

Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածքային համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2014 թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելեց նաև մարտական հենակետեր, որտեղ նրանք ծանոթացան մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվեցին նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:

Շրջայցը եզրափակվեց ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցեցին 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/12/2014