Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է ՇԱՆԳԱԼԸ



Ավարտվում է 2014 թվականը, սակայն մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, որ երբեք չի հեռանա եզդի ժողովրդի սրտից և հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը իսլամական պետության հրեշների կողմից ենթարկվեց նենգ ոճիրի` ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության: Բայց մեր թևերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Մեր ազատամարտիկների ձեռքի զենքը ազատագրեց մեր Շանգալը` մեր տունը, մեր գոյության ամրոցը: Հաղթեց արդարությունը: Ազատագրվեց Շանգալը, որը եզդիների համար միմիայն աշխարհագրական վայր չէ, այլեւ սրբություն, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի: Շատերն են ցանկացել բաժանել, փշրել, արտաքսել և ֆիզիկապես ոչնչացնել մեր ժողովրդին, իր հողից, իր սրբավայրից արտաքսել, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել դա անել և չի հաջողվի:

Եվ վերջապես «սև դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ և տրորվեց: Ամենուր վեր խոյացավ եզդի ժողովրդի ազատագրական պայքարի դրոշը: Եզդին փրկեց իր տունը, իր ընտանիքը, իր աշխարհը, իր բնօրրանը: Փրկվեց արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը:

Իհարկե, մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք տեսանք մեր բարեկամների կարեկցանքն ու օգնությունը:

Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը: Ամենուր ձևավորվեցին «Օգնիր եզդիներին» խմբեր: Մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շեշտեց, որ «Ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործություների ճանաչման, դատապարտման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»:

Աշխարհը ճանաչեց եզդի ժողովրդին:

Ազատագրվեց Շանգալը: Բարին հաղթանակեց: Մենք ապացուցեցինք, որ եզդին կարող է լինել իր կյանքի, հույսի, ապագայի, խաղաղության երաշխավորը:

Այժմ աշխարհի եզդիները Աստծուց խնդրում են, որ ապահովի մեր ժողովրդի գոյությունը իր բնօրրան Շանգալում: Մենք այժմ ավելի, քան երբեք միասնական ենք և հավատում ենք մեր ուժին:

Պատերազմը շարունակվում է, այն դեռևս չի ավարտվել, բայց մենք պարզ գիտենք, որ մենք ենք մեր բնօրրան Շանգալի տերը, մենք ենք մեր պաշտպանը, մեր հայրենիքի զինվորը:

Մեր ժողովուրդը անկեղծորեն հավատացել է Աստծուն: Երբեք չի՛ սպանել, չի՛ պղծել, չի՛ թալանել, վայրագություններ չի արել: Մենք Աստծո անունը մեր շուրթերին աղոթել ենք մեր և աշխարհի բոլոր ժողովուրդների ու մարդկանց համար: Այսօր հայրենասիրության, արդարության համար մենք պարտավոր ենք լինել միասին ու միակամ: Չէ որ մեր ապրելու իրավունքը մեր ձեռքում է, իսկ աշխարհը օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում: Այդքան փորձություններից հետո, հավատացած ենք եզդիներիս գոնե ինքնավարություն է պետք Շանգալում «Եզդիխանա» անունով:

Շնորհավորում ենք բոլորի Նոր տարին: Շնորհավոր եզդի ժողովրդի Նոր տարին, որ մենք դիմավորելու ենք ազատագրված մեր սրբավայր Շանգալով:

Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


27/12/2014