Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՔՐԻԿ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն անկողնու սպիտակեղենը փոխում էր ամեն գիշեր: Հյուրանոցներում, որտեղ նա կանգ էր առնում, հաճախ նրա համար իրար կողքի երկու մահճակալ էին դնում: Գիշերն արթնանալով` Չերչիլը տեղափոխվում էր մյուս մահճակալի վրա ու քնում մինչեւ լույս:Նրա կենսագիրների կարծիքով` դրա պատճառը ուժեղ քրտնարտադրությունն էր:

♦♦♦

Չերչիլը զինվորիկներ էր հավաքում: Նրա տանը մի քանի բանակ կար, որոնց հետ նա սիրում էր խաղալ:

♦♦♦


Հանրահայտ իսպանացի գեղանկարիչ Սալվադոր Դալին մի անգամ խոստովանել է, որ ամեն օր արթնանալով` մտածում է. «Ի՞նչ հրաշք գործեմ այսօր»: Պետք է ասել, որ նրան հաջողվում էր «հրաշքներ գործել»: Նույնիսկ նրա արտաքինն էր հրաշալի` երկար, հարթ սանրված մազեր, «մոմած» բեղեր, կզաքիսե թիկնոց եւ արծաթե բռնակով ձեռնափայտ:

♦♦♦

Միխայիլ Վելլերն իր «Սուսերով պարը», պատմվածքում նկարագրում է Դալիի եւ Արամ Խաչատրյանի հանդիպումը: «Ժամացույցը չորս անգամ զարկում է, եւ վերջին զարկի հետ միանգամից խլացուցիչ միանում է «Սուսերով պարը»: Դուռը որոտով բացվում է, եւ հատակի փայտին /շվաբրին/ հեծած` ներս է խուժում Դալին` լրիվ մերկ եւ գլխավերեւում սուր ճոճելով: Նա պտույտ է գործում սրահում` ճոճելով սուսերը, եւ անհետանում հանդիպակաց դռան ետեւում»:

♦♦♦

Առաջին անգամ Ամերիկա այցելելու ժամանակ Սալվադոր Դալին իրեն դիմավորող լրագրողներին ցույց էր տվել իր մի կտավը, որտեղ պատկերված էր կինը` Գալան` մերկ վիճակում եւ ուսերին ոչխարի թակած մսի կտորներ: Երբ նրան հարցրել էին, թե ինչ կապ ունեն թակած մսի կտորները, նա պատասխանել էր. «Ամեն ինչ շատ պարզ է: Ես սիրում եմ Գալային եւ սիրում եմ ոչխարի թակած միս: Այստեղ նրանք միասին են: Գերազանց ներդաշնակություն է»:

♦♦♦

Նյու Յորքում մի դասախոսության ժամանակ Դալին ներկայացել էր ծովագույն կոստյումով եւ ջրասուզորդի գլխարկով: Նա բացատրել էր, որ այդպես շատ ավելի հարմար կլինի ընկղմվել ենթագիտակցության խորքերը:

♦♦♦


Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Լեւ Լանդաուն սիրում էր պասյանս բացել: Խաղաթղթերը դասավորելիս նա բացատրում էր. «Սա ձեզ համար ֆիզիկա չէ, այստեղ մտածել է պետք»:

♦♦♦


Անգլիացի գրող Չարլզ Դիկկենսը յուրաքանչյուր հիսուն տողը գրելուց հետո տաք ջուր էր խմում:

♦♦♦


Գերմանացի երգահան Յոհաննես Բրամսը ոգեշնչվելու նպատակով կոշիկներն էր մաքրում:

♦♦♦


Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը աշխատանքի անցնելուց առաջ խմում էր հինգից յոթ գավաթ սուրճ: Հաշվել են, որ ողջ կյանքի ընթացքում նա խմել է գրեթե 50 000 գավաթ սուրճ: Ի նշան հարգանքի` Բալզակը գլխարկը հանում էր հանճարեղ մարդու առջեւ: Կհարցնեք` ի՞նչ տարօրինակ բան կա դրանում: Բանն այն է, որ նա ամեն անգամ դա անում էր իր մասին խոսելիս:

♦♦♦


Ալբերտ Էնշտեյնը` 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը, պարզվում է, կիսագուլպաներ չէր հագնում: Մի նամակում նա դա խոստովանել է կնոջը. «Նույնիսկ ամենահանդիսավոր առիթների դեպքում ես խուսափել եմ կիսագուլպա հագնելուց եւ քաղաքակրթվածության այդ թերությունը թաքցրել եմ երկարաճիտ կոշիկների օգնությամբ»: Դրանից բացի` Էնշտեյնը սիրում էր ջութակ նվագել եւ հեծանիվ քշել:

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Հոգևոր-մշակութային


27/12/2014