Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈԼ ԳՈԲԼԸ «ՄՈՍԿՎԱՅԻ ՁԵՌՔԸ» ՓՆՏՐՈՒՄ Է ԹԱԼԻՇԱԿԱՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ



Թալիշական ազգային շարժման առաջնորդները քանիցս հայտարարել են իրենց գործունեության ժողովրդավարական և խաղաղ բնույթի մասին: Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը, մեկնաբանելով ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության հարցը, ասել է. «Ես չէի ցանկանա, որ թալիշները մասնակցեն նման պատերազմի»:

Դեկտեմբերի սկզբներից սկսել է գործել տեղեկատվական-մշակութային մի նախագիծ` «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը»: Այսպիսով, «Թալիշստանի ձայն» ռադիոյից հետո իրականանում է թալիշերենով ինքնուրույն լրագրողական լեզու ստեղծելու խնդիրը: Հիշեցնենք, որ թալիշները Անդրկովկասում մեծությամբ չորրորդ էթնոսն են և հիմնականում բնակեցնում են Ադրբեջանի հարավային շրջաններն ու հարակից տարածքները Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Նախագծի հեղինակները շեշտը դրել են թալիշների պատմական, մշակութային, ինչպես նաև ազգային լեզվի պահպանման խնդիրների վրա, որոնք ամեն ժողովրդի ազգային ինքնագիտակցության հիմքերն են:

«Թալիշստանի ազգային հեռուստատեսության» առաջին հաղորդումն արդեն իսկ չի վրիպել «հատուկ նշանակության» ամերիկացի քաղաքագետների ուշադրությունից, որոնք մասնագիտացել են ոչ միայն Կովկասա-Կասպյան տարածաշրջանի էթնո-քաղաքական, այլև ավելի լայն` Եվրասիական աշխարհամասի խնդիրներով: Այդօրինակ (վաստակաշա՞տ արդյոք – սա արդեն այլ քննարկման նյութ է) մասնագետներից է ոչ անհայտ Պոլ Գոբլը, որը 90-ական թվականների սկզբներին սկանդալային համբավ ձեռք բերեց Հայաստանի Մեղրիի տարածքը Լեռնային Ղարաբաղի մի հատվածի հետ փոխանակելու իր ծրագրով: Այնուհետև տեղափոխվեց Էստոնիա (Տարտուի համալսարան) և զբաղվեց, այսպես կոչված, ֆիննաուգրական խնդրի վերարծարծմամբ՝ իհարկե չմոռանալով նաև «չերքեզական հարցը»: Վերջին ժամանակներս պաշտոնյա էր Բաքվի դիվանագիտական ակադեմիայում, հիմա արդեն Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտական ինստիտուտի պրոֆեսոր է:

Այն փաստը, որ այսպիսի հարուստ աշխատանքային կենսագրություն ունեցող պարոնը ուշադրություն է դարձրել մշակութային-կրթական ուղղվածություն ունեցող հեռուստատեսային մի նախագծի, ոչ մի կերպ չի կարելի պատահականություն համարել: Գոբլը ենթադրում է, որ նախագծի հեղինակները հետապնդում են ոչ թե մշակութային-կրթական խնդիրներ, այլ հենց քաղաքական: Հղում անելով այն փաստին, որ հեռուստածրագիրը կիրիլիցան է օգտագործում, համոզմունք է հայտնում՝ նախագիծը հովանավորվում է Մոսկվայի կողմից: Գոբլի համար «ակնհայտ է», որ նման քայլով Ռուսաստանը, իբր, Ադրբեջանի իշխանություններին ակնարկում է, որ ինքը պահպանում է Ադրբեջանի հարավում` թալիշաբնակ շրջաններում «ջուր պղտորելու» հնարավորությունը, ինչպես եղավ 90-ականներին, երբ ստեղծվեց Թալիշ-Մուղանյան հանրապետությունը: Ավելին, նա Մոսկվային մեղադրում է նաև Ադրբեջանի մյուս ազգային շրջանների իրավիճակը ապակայունացնելու համար, զորօրինակ՝ իբր ռուսները խրախուսում են ավարների, լեզգիների և ազգային մյուս փոքրամասնությունների քաղաքական ակտիվությունը:

Պետք է ասել, որ 90-ականներից սկսած նկատելիորեն մեծանում է ամերիկացիների, Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչների հոսքը Իրանին հարակից ադրբեջանական հարավային շրջանները: 2000-ական թվականների սկզբներին բարեկարգվում են այդ տարածքների կոմունիկացիոն ենթակառուցվածքները, վերագործարկվում են թալիշների տարածքներում գտնվող զինվորական օդակայանները, տանկային վարժադաշտերը, որոնք կառուցվել էին ԽՍՀՄ-ի օրոք և լքվել տրոհումից հետո: Պակաս դերակատարում չունեցան նաև գիտնականները և ոչ պետական կազմակերպությունները: 2002 թ.-ին Բոստոնում հրատարակվում է ամերիկացի գիտնականներից բաղկացած խմբի աշխատանքները` «Ադրբեջանի լեզուների քննությունը» երկհատորյակը, որում առանձին գլուխ էր նվիրված թալիշերենին` «Թալիշերենի սոցիալ-լեզվական իրավիճակը» վերտառությամբ: Միաժամանակ այդ տարածքներում թուրքական կրոնական դպրոցների բացումը, ինչպես նաև որոշ թվով քրիստոնյա միսիոներների ներթափանցումը հետապնդում էր մեն մի նպատակ` փոխել այնտեղ ապրող բնակիչների սոցիալ-կրթական, մշակութային-էթնիկ ինքնությունը, նրանց օտարել իրենց ավանդական կենսակերպից ու հավատքից: Եվ այսօր՝ բավական ժամանակ անց, երբ ակնհայտ է դառնում, որ նրանք չեն հասել իրենց հետապնդած նպատակներին, պատահական չէ Գոբլի խրատն առ այն, թե թալիշները վաղուց արդեն քաղաքական լուրջ խնդիր են ներկայացնում Բաքվի համար:

Թալիշների լեզուն սերտորեն կապվում է պարսկերենին, սակայն թալիշների մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին, և ոչ քիչ թվով թալիշներ են այսօր ապրում Ռուսաստանում, ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն իր հաղորդումներում օգտագործում է կիրիլիցան: Փորձելով հիմնավորել ԹԱՀ-ի ստեղծման գործում Ռուսաստանի մասնակցության իր իսկ հրապարակ նետած վարկածը՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը (նախկի՞ն) ենթադրում է, որ թալիշները չէին ցանկանան համագործակցել հայերի և պարսիկների հետ, քանի որ վերջինները շահագրգիռ կողմ են: Իսկ այն հարցին, թե՝ Ռուսաստանը թալիշներին դեպի ո՞ւր է հրավիրում, Գոբլը «լռում է», ենթադրել տալով պատասխանը` «դեպի անջատողականություն»: Ավելի վաղ արդեն պարոն Գոբլը Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին մեղադրել էր Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում անջատողական տրամադրություններ հրահրելու համար:

Թալիշների հարազատ լեզվով, ինչպես նաև թաթերենով ռադիո-հեռուստահաղորդումների հեռարձակումը, ազգային-մշակութային ինքնավարությունների և հասարակական-քաղաքական այլ ինստիտուտների գործունեությունը միայն պետք է ողջունել: Մի բան ակնհայտ է, որ Կիևի, Քիշնևի, Թբիլիսիի և Բաքվի միատար ազգային պետություն ստեղծելու փորձերը չեն կարող հակադարձ դիմադրություն չառաջացնել, դիմադրություն, որ հերթական անգամ կվերագրվի «Մոսկվայի ձեռքին»:

Թալիշական ազգային շարժման առաջնորդները քանիցս հայտարարել են իրենց գործունեության ժողովրդավարական և խաղաղ բնույթի մասին: Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը մեկնաբանելով ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության հարցը, ասել է. «Ես չէի ցանկանա, որ թալիշները մասնակցեն նման պատերազմի»:

Չեմ կասկածում, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը կզինվի տեխնիկական նոր հնարավորություններով և, հաջողությամբ շարունակելով աշխատանքը, կընդլայնի իր լսարանը: Մինչդեռ խորամանկ և քայքայիչ գործունեություն ծավալող պոլգոբլները, համոզված եմ, նետվելու են պատմության աղբանոցը:

ԱՆԴՐԵՅ ԱՐԻՇԵՎ, կովկասագետ

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


27/12/2014